ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ

ՇԱ˜Տ ՏԽՈՒՐ Է


 

Շիրակի մարզի դպրոցները կանգնած են լուրջ խնդիրների առջև: Համայնքային մի շարք դպրոցների սպառնում է լուծարումը, որովհետև քիչ չեն այն գյուղերը, որտեղ այս տարի առաջին դասարանցիներ չեն լինելու: Տխուր վիճակագրություն և տխուր պատկերներ են գրանցվում անգամ Գյումրի քաղաքում, որի շատ դպրոցներում ևս այս տարի չեն կարողանում համալրել առաջին դասարանները:

Քաղաքի ամենանշանավոր` Բայրոնի անվան անգլիական դպրոցը, ուր դեռ մինչև վերջերս սովորում էին բացառապես քաղաքի մեծահարուստների և պաշտոնյաների երեխաները, ուր ընդունվելու համար ծանոթություններ ու կապեր էին հարկավոր, նույնպես դժգոհում է աշակերտների թվաքանակի նվազումից: Ծանոթացանք մարզի վիճակագրությանը.

Շիրակի մարզի ենթակայության տակ գտնվող դպրոցներում նվազել է աշակերտների թիվը. եթե 2009-2010 թվականներին 34170 աշակերտ էր սովորում, 2010-2011 թվականներին դարձել է 30054, իսկ 2011-2012 թվականներին` 28224: Իսկ առաջին դասարանցիների թիվը, նախնական հաշվարկներով, կլինի մոտ 3307: Աշակերտների թվի նվազմամբ կկրճատվեն նաև մանկավարժա կան աշխատատեղերը, ինչն էլ նշանակում է, որ առաջիկայում շատ ուսուցիչներ հրաժեշտ կտան իրենց աշխատանքին` համալրելով գործազուրկների շարքերը: Սա իսկապես աղետալի վիճակ է, ինչը փաստում է, որ արտագաղթն ու ծնելիության նվազումը զուգակցվել են իրար. վերջին տարիներին Գյումրիում տարեկան ծնունդների թիվը չի անցնում հազարից:

Փաստորեն Շիրակի մարզն ու Գյումրի քաղաքը կանգնած են ժողովրդագրական աղետի առջև: Եթե 2012 թվականի 6 ամիսների հաշվարկներով Հայաստանից հեռացել է 89 հազար մարդ, ապա այս ցուցանիշը հիմնականում վերաբերում է Շիրակի մարզին, որովհետև մոտ 40 հազար մարդ է լքել մարզը: Իսկ արտագաղթի չափերը գնալով ընդլայնվում են:

Մենք փորձեցինք ճշտել, թե Շիրակի մարզում ինչ ծրագրեր են հղացվել` արտագաղթը կանխելու և ծնելիությունը խթանելու համար: Պարզվեց, որ որևէ նման ծրագիր գոյություն չունի: Մարզային իշխանություններն անտարբեր կեցվածք ընդունելով` հայտարարում են, թե դա կառավարության խնդիրն է, Գյումրու իշխանություններին դիմելն ավելորդ է, որովհետև այստեղ զբաղված են ընտրություններով: Իսկ ահա նույն այդ երկրորդ քաղաքում չգտանք գրանցված 70 հասարակական կազմակերպություններից գոնե մեկին, որի ծրագրում ամրագրված լինեին դրույթներ ժողովրդագ րական խնդիրների կարգավորման մասին… Ստացվում է, որ այս կարևորագույն ազգային և ռազմավարական խնդիրը բառացիորեն բարձիթողի վիճակում է, որ որևէ մեկին չի հետաքրքրում այն, որ սահմանային գոտին օրավուր դատարկվում է: