«ԱՐՏՖՈՒԴ»-ՈՒՄ ՊԱՐՏՔԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ


 

Շատերին է պարզ դարձել, որ գյուղնախարարությունը, ըստ էության, դարձել է նախարար Սերգո Կարապետյանին մասնակիորեն պատկանող «Արտֆուդ» ընկերության մասնաճյուղը, որովհետև նախարարի գլխավոր ուշադրությունը սևեռված է տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին ուղղորդել դեպի ընկերություն` հնարավորինս շատ մթերումներ կատարելու համար:

Կարծես թե վատ բան չէ, որ մթերումների ծավալն է մեծանում, որ գյուղացու բերքը դաշտում չի մնում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մթերումների հետ միասին ավելանում են ընկերության կուտակած պարտքերը: Այսինքն, գյուղացուց գնելով միրգն ու բանջարեղենը` Սերգո Կարապետյանն առձեռն վճարումներ չի անում, այլ խոստանում է առաջիկայում փակել պարտքերը: Իսկ այդ պարտքերն օրավուր ավելանում են.. Խոսակցություններ կան անգամ, որ դեռ անցած տարվանից ընկերությունը պարտքեր ունի: Իսկ նման վիճակի պատճառն այն է, որ գերակա դիրք գրավելով պահածոների արտադրության մեջ և ձգտելով խոչընդոտել մյուս արտադրողներին, Սերգո Կարապետյանի ընկերությունը, այնուամենայնիվ, չի կարողանում իրացնել իր արտադրանքը, որովհետև որակական առումով այն անկում է ապրել: Փոխարենը` գները բարձրացել են, կամ էլ սահմանվել են այնպիսի գներ, որոնք կապ չունեն իրատեսության և ողջամտության հետ: Այսպես օրինակ, ընկերությունը 0,5 կգ բադրիջանի խորովածի ապրանքային գին է սահմանել 660 դրամը, ինչը, բնականաբար, խոսում է գերշահույթի մասին:

Ինչպես տեղեկացանք մեր իրազեկ աղբյուրներից, «Արտֆուդ»-ի ունեցած պարտքերի հարցն անհանգստացրել է նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ով չի կամենում, որ նախագահական ընտրությունների շեմին գյուղացիների շրջանում դժգոհություններ լինեն...