Կարևոր հանգրվանում


Շատերին թվում էր, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը խնդրի վերջնական ու շուտափույթ լուծման սկիզբը կարող էր նախանշել: Ե°վ հիշյալ հայտարարությունը, և° դրան հաջորդած` Մինսկի խմբի համանախագահների կողմից կարգավորման հիմնարար սկզբունքների գաղտնազերծումն ու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը պարզապես կարևոր հանգրվան էին հակամարտության կարգավորման գործընթացում: Իրականում այդ նորացված փաստաթուղթը, որն առաջարկվում է դնել բանակցությունների հիմքում, նոր հակադրությունների տեղիք է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նրանցից յուրաքանչյուրն աշխատում է իր շահերին համապատասխան մեկնաբանություն տալ փաստաթղթի դրույթներին: Սկսվել է, այսպես ասած, մեկնաբանությունների պատերազմ: Սակայն քարոզամարտը միայն դրանով չի ավարտվում: Հայկական ինտերնետ կայքերի դեմ Ադրբեջանի համակարգչահենների սանձազերծած գրոհը, թերևս, նորություն չէ: Բաքվում հիստերիա առաջացրեց շվեդական ինտերնետ կայքում տեղադրված Հայաստանի քարտեզը: Այնտեղ Հայաստանն ու ԼՂՀ-ն ներկայացված էին որպես մեկ ամբողջական տարածք: Ադրբեջանին հունից հանում է այն իրողությունը, որ արդեն եվրոպական հանրությունը Ղարաբաղը սկսել է դիտարկել որպես Հայաստանի անբաժանելի մաս, ինչի վկայությունը վերոհիշյալ` ինտերնետային միջադեպն է: Սա, իրոք, նոր որակ է: Ղարաբաղյան թեման նորանկախ Հայաստանի նաև ներքաղաքական գործընթացների անբաժանելի մասն է: Եվ, բնականաբար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված նոր զարգացումներն աշխուժացրին Հայաստանի քաղաքական ուժերին: Բնավ չկասկածելով նրանցից յուրաքանչյուրի հայրենասիրությանը, սակայն, հարկ է նշել, որ նրանց մեկնաբանությունները հաճախ հակադրվում են` որոշ դեպքերում նույնիսկ շահարկումների տպավորություն թողնելով: Վստահ լինելով հանդերձ երկրիս իշխանությունների` ղարաբաղյան թնջուկին հայանպաստ լուծում գտնելու անկեղծ մտահոգությանը, այնուամենայնիվ, կան քաղաքական գործիչներ, ում անհանգստացնում է այն թեզը, թե հակամարտությունը չի կարող լուծվել առանց փոխզիջումների: Ի՞նչը պետք է զիջենք մենք, հարցնում են նրանք: Ըստ այդ հարցադրումների, հայկական վերահսկողության տակ եղած տարածքներն ազատագրված, այլ ոչ թե գրավյալ են: Եվ ստացվում է, որ մենք պետք է զիջենք մեր ազատագրած հայրենիքի մի մա՞սը: Այս մոտեցումը, թերևս, սխալ չէ, մանավանդ, երբ խոսվում է Աղդամի շրջանում պեղված Տիգրանակերտի մասին: Մյուս կողմից էլ նույնքան կամ գրեթե նույնքան համոզիչ է այն կռվանը, թե առանց փոխզիջումների վերջնական հաշտության հասնել հնարավոր չէ: Հատկանշական է, որ այս տարաձայնություններն առկա են նաև արմատական ընդդիմության ներսում: Այդ մասին վերջերս բարձրաձայնեց նաև Կոնգրեսի մաս կազմող` «Համախմբում» նախաձեռնության ղեկավար, նախկինում Շուշիի գնդի հրամանատար, նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանը: Նա «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի կողմնակիցներից է, և ասաց, որ այս տեսակետը գերիշխող է ՀԱԿ-ում: Հատկանշական է, որ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե չի բացառվում, որ մինչև սեպտեմբերի 18-ը, մոտ ժամանակներս ևս մեկ միջանկյալ հանրահավաք հրավիրվի` ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ: Սակայն մինչ այսօր նոր հանրահավաք, կարծես, չի նախատեսվում: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը, ինչպես ասում են, չի կողմնորոշվում Ղարաբաղի հարցում Կոնգրեսում առկա տարաձայնություններում: Այս բազմակարծության մեջ բոլորի համար ընդունելին այն է, որ առանց ԼՂՀ մասնակցության Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել: Իսկ հատկապես վերջին շրջանում Ղարաբաղի ձայնն ավելի հաճախ է հնչում, և խնդրի կարգավորմամբ մտահոգ ձևացող կողմերը պետք է շուտափույթ ընդունեն Հայաստանի ու Ղարաբաղի պահանջը` բանակցությունների սեղանի շուրջ վերջինիս ներկայությունն ապահովելու:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ