ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԸ


ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետ է նշանակվել Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Իր նախկին պաշտոնում նա շուրջ 6 տարի ղեկավարել է հանրապետության երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկը: «Ավանգարդն» առաջիններից մեկը շնորհավորելով և դժվարին աշխատանքում հաջողություն ներ մաղթելով` նորանշանակ մարզպետին ուղղեց առաջին հարցը. - Ինչի՞ց կսկսեք Ձեր գործունեությունը մարզպետի պաշտոնում: - Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել շնորհավորանքի և բարեմաղթությունների համար: Իսկապես, «Ավանգարդը» մեր լրատվամիջոցներից առաջինն է ինձ շնորհավորում: Ուրախ և հպարտ եմ դրա համար: Ինչի՞ց եմ սկսում... Աշխատակազմի հետ զրույց-հանդիպումից: Ես լավ եմ ճանաչում աշխատակազմին, շատ լավ հարաբերությունների մեջ եմ մարզպետի տեղակալների, վարչությունների պետերի հետ: Ուրեմն, ծանոթանալու կարիք չկա: Կխոսեմ մեր առջև դրված խնդիրների, համայնք ների հետ տարվող աշխատանքների մասին: Բնականաբար, իմ ուշադրության կենտրոնում կլինեն համայնքներում ստեղծված ծանր կացությունը և դրանից բխող հետևանքների վերացման առաջնահերթությունները: Այս տարի բնությունը շատ դաժան վարվեց լոռեցիների հետ. անձրևների պատճառով շատ գյուղական համայնքներ կորցրեցին բերքը, շատ մարդկանց տներ վնասվեցին հեղեղումներից: Հարկավոր է քայլեր ձեռնարկել, միջոցներ գտնել` փոխհատուցումների, մարդկանց այդ ծանր կացությունից դուրս բերելու համար: Ահա այս խնդիրներից կսկսեմ իմ գործունեությունը մարզպետի պաշտոնում: Հրաշքներ չեմ խոստանում, չեմ ուզում հանդես գալ ամենակարողի դերում: Կանեմ այն ամենը, ինչը հնարավոր է: