ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՍԽԱԼ Է ՆԱԽԱԳԾՎԱԾ


Գյումրիում, չգիտես ում անխոհեմ որոշմամբ, ժամանակ առաջ լուծարվեցին մի քանի հիվանդանոցներ: Երկրաշարժից հետո մեծ դժվարությամբ վերականգնված առողջապահության համակարգը նորից փլուզվեց` հերթական անգամ երկրի իշխանություններին պարտադրելով մտահոգվել Շիրակի մարզքում առողջապահական հիմնարկների կազմակերպման խնդիրներով: Հենց իշխանությունների որոշմամբ էլ` սկսվեցին Առողջության կենտրոնի շինարարական աշխատանքները: Իսկ այս կենտրոնն ամենամեծն ու ամենակատարյալն է լինելու ողջ մարզում: Դեռ ամիսներ առաջ, շինարարական աշխատանքներին հետևելու նպատակով, Գյումրի այց կատարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով էլ տեղում հայտնաբերեց, որ կենտրոնը նախագծվել է մեծ թերություններով ու բացթողումներով, մի շարք հաստատված նորմերի ոտնահարումներով: Նախարարը հրահանգեց անմիջապես վերանայել նախագիծը, այն կատարյալ տեսքի բերել, ուղղել սխալներն ու բացթողումները: Սակայն այդ հրահանգն ուշացած թվաց, որովհետև կատարվել էին հիմնային աշխատանքները, ավարտված էր շինարարական աշխատանքների առաջին փուլը: Ընդունելով սխալները, շինարարական կազմակերպությունն, այնուհանդերձ, թե այդ ժամանակ, թե հիմա` չի պատրաստվում նախագծում փոփոխություններ կատարել: Ըստ շինարարների, արդեն անհնար է փոփոխություններ կատարել: Ավելին` ամեն ինչ կատարվել է շինարարական աշխատանքների ժամանակացույցի առաջին փուլի համաձայն: Ժամկետների խնդիրը ժամանակակից շինարարության մեջ առաջնային է, որովհետև արված աշխատանքների համար վճարումները կատարվում են ըստ ժամանակացույցի: Որքան շատ խախտվի ժամանակացույցը, այնքան քիչ կվարձատրվեն շինարարները: Իսկ շինարարները ժամանակացույցը խախտել չեն ուզում ոչ միայն այս, այլև այն պատճառով, որ քաղաքում խախտվել են բնակլիմայալան բալանսները, սկսվել է անձրևների շրջանը, որն էլ դժվարացնում է շինարարական աշխատանքների իրականացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցում է 70 աշխատող, մինչդեռ այս թիվը բավարար չի համարվում, մանավանդ որ մասնագետների կարիք է զգացվում, իսկ բարձրակարգ վարպետները հեռացել են քաղաքից: Նրանք հիմա ներգրավված են արտագնա աշխատանքներում` պատճառաբանելով Հայաստանում վճարվող ցածր աշխատավարձերը: Չնայած կատարվել է շուրջ 11 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրում, այնուհանդերձ աշխատավարձերն ամենացածրն են` ողջ հետխորհրդային տարածքում: Շինարարությունն իրականացնող «Միլաքս գրուպ» Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարները պնդում են, որ շինանյութերի թանկացման պատճառով իրենք ստիպված են կրճատել աշխատավարձերը, սահմանել ցածր վճարներ: Սակայն սա արդարացում չէ, քանզի մասնակցելով մրցույթներին` շինարարական կազմակեր պությունները միտումնաբար ներկայացնում են ցածր գներ` մրցույթը շահելու համար ու այդպիսով ի սկզբանե ոտնահարում են շինարարների իրավունքները` նրանց համարելով էժան աշխատուժ: Գյումրիում արդեն իսկ նման դեպքերը բազմազան են, չափազանց ցածր վճարներ է սահմանել նաև «Գլենդեյլ Հիլզը», որի երևանյան սակագները զգալիորեն տարբերվում են Գյումրիում գործողներից. թեև որակի, ավելի ստույգ` անորակության առումով, տարբերություն չկա: 2012 թվականին նախատեսված է Առողջության կենտրոնի շահագործումը: Ուրեմն, այսօր արդեն կարող ենք վկայել, որ շարք կմտնի խոտանը, որը կարճ ժամանակ անց այլևս պիտանի չի լինի շահագործման:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ