ՄԵԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեր` մինչ գերեզման


Խորհրդային վերջին գենսեկի, առաջին ու դարձյալ վերջին նախագահի մասին հիմա գրեթե չեն հիշում: Համենայն դեպս` բարին հիշելու ոչինչ չկա. մանավանդ հայաստանաբնակներիս համար: Ու նրա մեծ սիրո պատմությունն, իսկապես անպատկերացնելի է, թեև կնոջ կենդանության օրոք նրանք հասարակությանը ներկայանում էին որպես համերաշխ զույգ: Եվ դա, պարզվում է, ոչ թե հավուր պատշաճի էր արվում, այլ իրոք մեծ սերն էր կապում նրանց. սերը, որն առաջին հանդիպումից նրանց մշտամնա ուղեկիցը եղավ:

Ծանոթացել էին 1951 թ. աշնանը, երբ 20-ամյա Միխայիլը Մոսկվայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր: Ապրում էր հանրակացարանում և այդ երեկո նույնպես դասերն էր պատրաստում, երբ անսպասելի «ներխուժեցին» ընկերներն ու ստիպեցին իրար հետ գնալ ուսանողական մշակութային ակումբ: Նման ակումբներում ուսուցողական տարբեր խմբակներ էին գործում և ժամանակ առ ժամանակ պարերի երեկույթներ էր կազմակերպվում: Այնտեղ նրա ընկերներին ու մյուս ներկաներին հետաքրքրեց գործունյա, բայց համեստ, հաճելի արտաքինով մի աղջնակ` Ռաիսա Տիտարենկոն: Աղջիկը պարում էր ուրիշի հետ, բայց Միխայիլն ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Նա մեկեն կլանվել էր, թեև աղջիկը նրան չէր էլ նկատում: Ավելին, Ռաիսան փեսացու ուներ, և արդեն ծրագրված էր հար-սանիքը: Հարսանիքն, իհարկե, եղավ, բայց ոչ ըստ ծրագրվածի:

Այդ հանդիպումից օրեր անց նույն ակումբում համերգի գնալով, Միխայիլը նորից տեսավ նրան: Աղջիկն անտրամադիր էր և շտապում էր հեռանալ: Միխայիլն ուղեկցեց նրան, ու համատեղ առաջին զբոսանքը բարձրացրեց երկուսի տրամադրությունն էլ: Հանդիպումները դարձան հաճախակի: Ռաիսան արդեն մեկ անգամ ճաշակել էր սիրած տղայից բաժանվելու դառնությունը ու երևի դրա կրկնությունից վախենալով, մի անգամ ասել էր`

- Պետք չէ, որ մենք հանդիպենք:

Միխայիլն առաջարկել էր հանդիպել 2 օրից, և Ռաիսան եկել էր: Եվ այդ օրից հետո այլևս չբաժանվեցին: Ամուսնացան երկու տարի անց` 1953-ին: Հարսանեկան արարողությունը շատ համեստ էր, բայց այդուհետ ամեն տարի ամուսինները մեծագույն սիրով նշում էին այդ օրը: Երջանկությունը գագաթնակետին հասավ, երբ իմացան, որ Ռաիսան հղի է. երեխան երկուսի երազանքն էր: Սակայն ստիպված էին ընդհատել հղիությունը, որը վտանգում էր Ռաիսայի կյանքը: Բարեբախտաբար, առողջական խնդիրները լուծելուց հետո, 1957-ին Գորբաչովների ընտանիքում ծնվեց նրանց միակ զավակը` Իրինան:

Շուրջ կես դար Միխայիլ Սերգեևիչն ու Ռաիսա Մաքսիմովնան ապրեցին սիրով, հաշտ ու համերաշխ: Վեճեր ու անհամաձայնություններ երբևէ չեն ծագել նրանց ընտանիքում. ամուսիններն իրար հասկանում էին մեկ հայացքից, կես խոսքից: Ռաիսա Գորբաչովան ամուսնու հուսալի հենարանն էր, անդավաճան ընկերն ու զինակիցը և, իհարկե սիրող ու սիրված կինը:

1999-ին ԽՍՀՄ Առաջին տիկինը մահացավ (լեյկոզից): Այս կորուստը մինչ օրս ամենածանրն է Մ. Գորբաչովի համար: Այս մայիսին նա կնոջ հիշատակին նվիրված ցուցահանդես կազմակերպեց, որի հիմնական ցուցադրությունն իրենց ընտանիքի անձնական իրերն էին և ամուսինների լուսանկարները: Սա հերթական ապացույցն էր ուժեղ տղամարդու և նրանից ոչ պակաս ուժեղ կնոջ անշեջ սիրո: Մահն ու տարիները նույնիսկ անզոր էին` խամրեցնել այդ սերը: