Ֆեյսբուքյան վտանգներ
Համացանցն, իհարկե, մերժել չի կարելի: Խոհեմ չէ նաև սոցցանցերից իսպառ բացակայելը: Բայց դրանցով ինքնամոռաց տարվելն էլ ոչ միայն իրականությունից կտրված ժամավաճառություն է, այլ վտանգավոր կարող է լինել կյանքի համար:
Երկու օր առաջ բուլվարային TMZ պորտալի լրագրողներին հաջողվել է պարզել հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի դստեր` Փերիսի խորը ընկճախտի (դեպրեսիա) պատճառը: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ աղջկա իրական հայրը փոփ արքան չէ. FΖcebook-ում կատարված չարաբարո մեկնաբանություններն են նրան մղել ինքնասպանության:
Վերջին շրջանում 15-ամյա Փերիս Ջեքսոնը բազմաթիվ չարախինդ ու ծանակող մեկնաբանություններ է ստացել աշխարհի ամենախոշոր սոցցանցի օգտատերերից: Անծանոթ մարդիկ աղջկան մեղադրել են հնարավոր բոլոր մեղքերի մեջ` սկսած հոր մահից մինչև «խելացնոր կենսակերպը», որը Փերիսը վարել է դեռ փոփ արքայի կենդանության օրոք: Իր հասցեին այդ չար խայթոցներն այնքան են խոցել աղջկան, որ նա փորձել է վերջ տալ կյանքին: Հիմա Փերիսը գտնվում է Լոս-Անջելեսի UCLA բուժկենտրոնի հոգեբուժական բաժանմունքում: Այնտեղ նա չի կարող մուտք գործել սոցցանցեր, բայց հարազատները մտահոգված են, որ դուրս գրվելուց հետո նորից կրկնվելու է նույնը:
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Փերիսի իրական հայրը բրիտանացի դերասան Մարկ Լեստերն է: