Հացի հետ` օդ,

շաքարավազի հետ` ջուր


Ապրիլ ամսին Թուրքիայում թռչնագրիպի հայտնաբերումից անմիջապես հետո` ապրիլի 23-ին Հայաստան ներկրվեց բրոյլեր տիպի 80 հազար թռչուն: Ներկրման շուրջ բարձրացած աղմուկն այնքան մեծ էր, որ պատկան կառույցները բավական ուշացումով ստիպված եղան դրան արձագանքել: Չնայած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով մայիսի 7-ից արգելվեց Թուրքիայից մի շարք ապրանքատեսակների, այդ թվում նաև սննդամթերքի ներկրումը Հայաստան, բայց և այնպես պետական պատկան մարմինների ժամանակավրեպ այդ քայլը կարող էր աղետի առջև կանգնեցնել ողջ ազգաբնակչությանը: Այս և սննդամթերքի ներկայիս վիճակի մասին «Ավանգարդ»-ին իր դիտարկումներն է ներկայացնում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:

- Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքներն իրականում համապատասխանո՞ւմ են պահանջվող չափորոշիչներին: Փաստորեն հարևան երկրից մեր երկիր է ներկրվել սննդամթերք, որը կարող էր սոցիալական աղետի պատճառ դառնալ: Ի՞նչ երաշխիք, որ այլ «ապրանքների» դեպքում ևս նման ռիսկային դեպքեր չեն գրանցվի:

- Մեր երկրում գործում է թուրքական ծագման կենդանական սննդամթերքի արգելք: Փաստորեն ստացվում է, որ համապատասխան մարմինները` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Մաքսային մարմինները թերացել են: Դա խախտում է, որը պատժելի արարք է համարվում:

- Այնուամենայնիվ, մինչ օրս նման տեղեկություն չկա, թե որևէ մեկը պատժվել է այդ թերացման պատճառով, որի հարվածի ալիքը լուրջ հետևանքների կարող էր հանգեցնել:

- Սահմանում կա այդ ծառայությունը, որ սննդամթերքի անվտանգությունն է ստուգում, բայց բացի պետական մարմիններից նաև սպառողները պետք է ուշադիր լինեն և ձեռք չբերեն թուրքական ապրանքներ:

- Սպառողն ինչպե՞ս տարբերի, թե շուկայում վաճառվող մթերքը, օրինակ` բանջարեղենը, որտեղ է արտադրվել` Հայաստանո՞ւմ, թե՞ Թուրքիայում:

- Բանջարեղենի դեպքում արգելք չկա, բացի այդ` սպառողը չի էլ կարող տարբերել, թե բանջարեղենը որ երկրից է: Այդ մասով վտանգները երևակայական են: Բուսական ծագման սննդամթերքի որակը նորմալ հսկվում է, և տագնապները ուռճացված են: Ես կարծում եմ, որ այստեղ երբեմն ծուխն առանց կրակի է լինում: Իսկ ընդհանրապես իմ մոտեցումը հետևյալն է` ո´չ թուրքական ապրանքներին: Կարևոր է, որ մենք նախընտրենք մեզ մոտ աճեցված պտուղ-բանջարեղենը:

Դրանով նաև կօժանդակենք մեր տնտեսվարողին:

- Այո: Այդպիսով կկարողանանք օժանդակել մեր տնտեսության զարգացմանը:

- Իսկ Ձեր կարծիքով վաճառվող սննդամթերքը ընդհանուր առմամբ որքանո՞վ է անվտանգ: Այլ կերպ ասած` սպառողին հրամցվող ո՞ր սննդամթերքն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

- Այսօր վաճառվող սննդամթերքի որակը տագնապալի չի կարելի համարել: Չնայած երբեմն դեպքեր լինում են, բայց դա անպատշաճ աշխատանքի հետևանք է: Դեպքեր եղան նաև մանկապարտեզներում: Նման հաստատություններում պետք է հատուկ ուշադրություն դարձվի սննդամթերքի անվտանգությանը: Օրինակ` մի քանի ամիս առաջ կրթական հաստատություններից մեկում հայտնվել էր կասկածելի որակի հավի միս, և քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, թե «այն ինչ-որ մեկը բերել է, դրել է մանկապարտեզում և հեռացել է»: Նման բան միայն հեքիաթում է լինում: Նման բան չկա: Ուրեմն այդ մարդիկ այնքան վատ են աշխատում, որ ամենաբարձր պաշտոնյան նման ձևով է արդարանում: Չէ՞ որ մատակարարները պայմանագրով են աշխատում և չի կարող այդտեղ անհայտ մարդ անհայտ տեղից ինչ-որ սննդամթերք բերել և գնալ: Այսինքն, տարբեր օղակներում էլ կան անպատասխանատու մարդիկ:

Այսինքն` խնդիրները ոչ պատշաճ ղեկավարման հետևանքո՞վ են առաջանում:

- Մի այսպիսի վատ սովորություն էլ կա` պատասխանատու մարմիններին հաճախ են տրանսֆորմացիայի ենթարկում, որի վրա ծախսած ժամանակն անիմաստ կորչում է: Բարձր ղեկավարությանը թվում է, թե տվյալ կառույցը եթե անցնի այլ կառույցի ենթակայության տակ` այդ կառույցի աշխատանքը կլավանա: Դա ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ, որ դա չէ լուծումը:

Իսկ ո՞րն է լուծումը:

- Ավելի ուշադիր վերահսկողական վերաբերմունքը: Կա ստուգում, վեր-ստուգում և հասարակական վերահսկողություն: Ստուգումը դա օրենքով սահմանված գործառույթ է, որով զբաղվում են տեսչությունները: Ունենք նաև վարչապետի և նախագահի վերահսկողական ծառայություններ, որոնց ես մի քանի անգամ դիմել եմ, բայց իմ նամակներն ընկել են «անդունդ», կամ էլ ուղարկվել են սխալ ուղղությամբ: Իսկ դրանից ավելի բարձր` վերահսկողությունն իրականցնում են հասարարական կազմակերպութ յունները և մամուլը: Եվ ստացվում է, որ մենք էլ լավ չենք աշխատում:

Ինչո՞ւ չի հաջողվում ավելի լավ վերահսկողություն իրականացնել: Ներկայումս սոցիալական ցանցերի օգտատերերը բավական ակտիվ են և ցանկացած տեղեկություն անմիջապես լայն արձագանք է ստանում:

Կան նաև այլ խնդիրներ, ինչին շատերը ուշադրություն չեն դարձնում: Սննդաթերքի վտանգների մասին խոսելիս անտեսվում է գրպանին հասցված վնասը: Օրինակ, մեզ թվում է, որ մենք հաց ենք գնում, բայց իրականում մենք 30 տոկոսով օդ ենք գնում: Եթե մենք շաքարավազ ենք գնում, մեզ թվո´ւմ է, թե շաքարավազ ենք գնում. դրա մեջ կա ջրի տոկոսի գերազանցում, և մենք մասամբ ջուր ենք գնում շաքարավազի հետ միասին: Հարկավոր է դրան նույնպես ուշադրություն դարձնել: Այն, որ շաքարավազում ջուր կա, դա վտանգավոր չէ առողջությանը, բայց գրպանին է վնասում: Դա վերաբերում է նաև կարագին, բենզինին և շատ այլ ապրանքատեսակների: Սակայն նախագահի վերահսկողական ծառայությանն ուղղված իմ նամակը վերահասցեագրվեց սննդամթերքի պետական ծառայություն: Փաստորեն չէին հասկացել նամակիս բովանդակությունը:

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:

- Սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավարը երեք էջանոց նամակով ինձ տեղեկացրել է, որ դա իրենց ծառայության ֆունկցիաների մեջ չի մտնում: Բայց ես ի սկզբանե էլ գիտեի, որ դա իրենց տիրույթում չէ: Փաստորեն նամակիս բովանդակությունը չհասկանալու պատճառով ես ստիպված եմ կրկին դիմել և բացատրել խնդիրը. գուցե այդ դեպքում սայլը տեղից շարժվի՞: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ մի անգամ իմ նամակի բովանդակությունը չհասկացան, հաջորդ անգամ ավելի խորամուխ կլինեն: Սակայն սրանք հարցեր են, որոնք շտկման կարիք ունեն, հակառակ դեպքում մենք կշարունակենք մթերքի հետ միասին վճարել նաև օդի, ջրի և այլ «ապրանքների» համար նույնպես: Սա ևս շատ կարևոր խնդիր է, որի մասին պետք է իրազեկել հասարակությանը և պայքարել դրա դեմ:                   

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ