«ՊԱՊԸ» Ո˜ՆՑ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ... 


Արդեն որոշված է Համազգայինի նոր «Համլետի» ծննդյան օրը` մայիսի 30-ին: Այդ կապակցությամբ այսօր, ժամը 12:00-ին թատրոնի ճեմասրահում տեղի կունենա մամլո ասուլիս: Մայրաքաղաքային ԶԼՄ-ների մշակութային մունետիկները, մայիսի 27-ի երեկոյան հատուկ իրենց համար խաղարկված գլխավոր փորձի անմիջական տպավորությամբ, հնարավորություն կունենան նախապես ամենայն մանրամասնությամբ իրազեկվելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի հեղինակած բեմադրության ստեղծագործական ամբողջ գործընթացին:

«ՊԱՊԸ» Ո˜ՆՑ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ...

Համազգային թատրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ` իրենց անկրկնելի «Պապի» կարոտն ու կորստի կսկիծը հոգիներում անթեղած «թոռները»` արդի հայ թատրոնի Նահապետի աճեցրած դերասան-դերասանուհիները, վաղուց այսօրինակ արարչական եռուզեռում չէին գտնվել: Հատկանշական է, որ հենց «Համլետով», ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ է վերջապես մեկնարկելու Համազգայինի շենքի կառուցման համար անհրաժեշտ միջոցների պակասը լրացնելուն միտված դրամահավաքի նախագծի կենսագործումը....

«Պապից» հետո առաջին առաջնախաղն էին կայացնելու` Շեքսպիրի հանրահռչակ «Համլետը»: «Պապը» ո˜նց կուրախանար... Համազգայինի ամբողջ ստեղծագոր ծական և տեխնիկական անձնակազմն էր լրջորեն մտահոգված, նորելուկ աշակերտի հանգույն շփոթահար. լո´ւրջ քննություն էր սպասվում... Չէ՞ որ Դանիայի արքայազնի համամարդկային հնչողությունը երբևէ չկորցրած եղերական այս պատումի իրե´նց մեկնաբանությամբ մտադիր էին արժանավայել խնկարկել նրա հիշատակը: Ու նաև բարձրագույն թատերական շեշտադրությամբ նշանավորել ծննդյան 85-ամյակը: «Պապի» «Լիր արքայից» տարիներ անց, նրա գուրգուրած թատրոնի խաղացանկում իրենց կատարողական գունեղացած ներուժի անմնացորդ ողջակեզով հաստատելու էին չորս դար անընդմեջ, աշխարհի բոլոր բեմերում բեմադրական ու արտիստական փայլուն տարեգրություն ձևավորած, բարդագույն մի նոր ողբերգություն: Վարդան Մկրտչյանը, Տաթև Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Վարշամ Գևորգյանը, Վանիկ Մկրտչյանը, Նարեկ Բաղդասարյանը, Կարապետ Բալյանը... Առանց բացառության` բոլորը, նույնիսկ «հրավիրյալ Օֆելյան»` Անահիտ Կիրակոսյանը:

Բազում են նորաստեղծ «Համլետի» հաջողության գրավականները...

Հանրաճանաչ կինոռեժիսոր Վ. Չալդրանյանը, ամենքը կվկայեն` նախանձելի մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք է կատարել մինչ բուն բեմադրությանը ձեռնարկելը: Մի ամբողջ թատերաշրջան նա Համազգայինի մշտական հանդիսատեսը լինելուց հետո միայն կայացրեց դերաբաշխման իր եզրահանգումը: Իրագործեց նաև իր «Համլետի» թե բեմանկարչական, թե զգեստների ձևավորումները: Անճանաչելի վերափոխվեց Համազգայինի բեմահարթակը, լիուլի հարմարեցվեց չալդրանյանական նկրտումների զուսպ ու ցայտուն արտահայտչականությանը: Առավելապես ամենժամանակյա, խորքային պարզաբանումներ հետամտող իր «Համլետի» բովանդակային հենքի թատերայնացումը ներազդու դարձնելու ջանադրությամբ Վիգեն Չալդրանյանը կարևորեց Համլետի «եսի» ավարտուն բեմակերպավորմանը նպաստավոր դերամարմնա վորումները` բացառելով ամեն կարգի մոդեռնիստական հավակնոտություն: Իր Համլետի դերակատարին` Համազգայինի տնօրեն-դերասան Վարդան Մկրտչյանին առանձնակի խնամքով ներարկեց ու հոգեհարազատեցրեց «Համլետի առեղծվածային կերպարի բացահայտման» յուրընկալ տեսակետը: Ավելին, շրջագայեց նրա հետ Շեքսպիրի հայրենի Ստրադֆորդում (Մեծ Բրիտանիա), հատուկ նկարահանումներ արեց ներկայացման համար: Երկուստեք քսանմեկերորդ դարասկզբի հեռվից նորից ու կրկին վերապրեցին և մարդկության պատմական կենսափորձով վերաիմաստավորեցին «համլետյան» բազմաշերտ իրականությունը: Հիմնականում համախոհներ դառնալով` գտան իրենց Համլետի ռեժիսորա-դերասանական նախընտրելի նկարագիրը:

- Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է 21-րդ դարում շարունակել դրամատուրգիայի պատմության ամենաբարդ և ամենահարուստ կերպարի` Համլետի բացահայտման ճանապարհը,- ասում է թատրոնի հինավուրց պատմությանն ու նորօրյա «տնտեսությանը» լավատեղյակ Վարդան Մկրտչյանը:- Այսօր պետական Համազգային թատրոնը ևս մեկ անգամ բարդ քննություն է բռնում, ինչից, ես հավատում եմ, մեր խումբը պատվով է դուրս գալու:

Գուցե այս «Համլետն» էլ նոր գեղֆիլմի ծննդյան խթան դառնա` ինչպես եղավ Դրամատիկի «Վեցերորդ պատվիրանը»:

Նվարդ Ասատրյան