Որպես լավագույն օրինակ


Հ. Խ. Հակոբյանը հայ ժողովրդի այն զավակներից է, որոնց բնութագրում են որպես անմնացորդ հայրենասեր` պատրաստ կատարելու իրեն առաջադրված խնդիրները` ժամանակին և անթերի: Հ. Խ. Հակոբյանը ծնվել է Մարտունու շրջանի Ձորագյուղ բնակավայրում, որտեղ 1957 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել գյուղում մինչև 1961 թ., երբ նրան զորակոչել են ԽՍՀՄ ԶՈՒ Ուրալի զինօկրուգ: Այնտեղից 1963 թ. ընդունվել է Վոլսկի թիկունքի զինվորական ուսումնարան, որը ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը զորամասերում, մասնակցել 1968 թ. Չեխոսլովակիայի ներքին հեղափոխական իրադարձությունները կարգավորող միջոցառումներին, իսկ 1987 թ. մասնակցել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը: Հիմնականում սպայական ծառայությունը անցել է Անդրկովկասի զորամասերում, հասել օկրուգի թիկունքի ավագ տեսուչի պաշտոնին և 1990 թ. զորացրվել պահեստազոր` սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, արժանացել գնդապետի զինվորական կոչմանը: Հայոց ազգային ազատագրական շարժման տարիներին Հ. Հակոբյանը եղել է առաջինների շարքում, ովքեր ընդունել և օգնել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ շրջաններից բռնագաղթած հայերին: 1991 թ. մայիսին սեփական դիմումի համաձայն ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ Պաշտպանության կոմիտե և 1992 թ. ծառայության անցել ՀՀ ԶՈՒ-ում: Եղել է ՀԶԿ զորահավաքի անցկացման, ուսումնավարժական պարապմունքների անցկացման կազմակերպիչներից: 1994 թ. հունվար -փետրվար ամիսներին մասնակցել է Սևանի տարածաշրջանի բնակավայրերում պահեստազորից կազմավորվող, նախապատրաստվող վաշտերի ներկայացմանը Հանրապետա կան օպերատիվ շտաբին, որի ղեկավարն էր Արարատ Գոմցյանը (զոհվածներին և վիրավորներին դիրքերում փոխարինելու համար): Մարտունու շրջանի Լիճք գյուղում գործկոմի նախագահ Հ. Սահակյանի, զինկոմ Ռ. Հարությունյանի և ֆիդայական ջոկատների համատեղ ջանքերի շնորհիվ փետրվարյան օրերին ամբողջությամբ կազմավորեց 96 հոգուց բաղկացած վաշտը, որը լավագույն օրինակ էր մյուս շրջանների համար: Նա շարունակում է աշխատել ՀՀԶ զորակոչի բաժնում որպես ծառայող: Հ. Խ. Հակոբյանը երիտասարդ սերնդի համար ծառայում է որպես լավագույն օրինակ` իր պարտականությունը յուրաքանչյուր դիրքում կատարող: Նա պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ