Արժեզուրկ «բոմժի» վայրընթացը


Եթե խորհրդարանական ընտրություններին հաջորդած թանկացումները հիմնավորվում էին «տղերքը ծախսած փողերը հետ են բերում» բացատրությամբ, ապա այսօր նույն կարուսելի պտույտը այլ բացատրություն ունի. «տղերքը փող են շինում` առաջիկա ընտրություններում ծախսելու համար»: Թանկացումների ալիքի ցնցումները, չմարող կամ դանդաղ մարող հրաբխի նման, այսօր էլ չեն դադարել և սպառնում են նոր թափ առնել: Ցնցումի առաջին ալիքը ՀՀ բնակչությունը զգաց մեկ-երկու ամիս առաջ, երբ շեշտակի բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերքի գները: Երկնիշ տնտեսական աճ թմբկահարեցինք, երկնիշ թանկացումներ ունեցանք: Մեզ սկսեցին համոզել-բացատրել, թե մեզանում տեղի ունեցած թանկացումները միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթաց ների հետևանք է, դրանց արձագանքը: Տնտեսագիտական մեկ այլ հիմնավորմամբ, որ հնչեց ԱԺ ամբիոնից (մեր պատգամավորները մեկ-մեկ հիշում են ժողովրդի դարդերը), փաստորեն, հերքվեց վերոնշյալը` պարզաբանելով, որ կարագը, օրինակ, միջազգային շուկայում թանկացել է 17 տոկոսով, իսկ Հայաստան ներկրված կարագի գինն ավելացել է շուրջ 80 տոկոսով: Այսպիսով, դրսի թանկացումների համեմատ մեզանում դրանք տեղի են ունեցել կրկնակի: Չշարունակենք խոսել ակնհայտի մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, ցավեցրել է բոլորիս: Հարվածը բոլորիս գրպաններին և բոլոր ընտանիքների բյուջեին է հասցվել: Մեր ասելիքը, ավելի ստույգ` զարմանքը ուրիշ բան է` դրամի աննախադեպ կայունացումը դոլարի աննախադեպ արժեզրկման հաշվին: Աննախադեպության մեջ այ թե «բախտներս բերել է»: Անցած երկու ամիսների ընթացքում դոլարը հասցրել է արժեզրկվել 70-80 դրամով կամ 7-8 տոկոսով և մոտենում է 10 տոկոսի սահմանագծին: Զարմանալու տեղ Հայաստանի բնակիչներս էլի ունենք (թեև զարմանքն այս դեպքում ամենաանմեղ զգացումն է և զարմանալը` ամենամեղմ բնորոշումը): Ամենաանհասկանալին այն է, որ դոլարի անկումը հակադարձ համեմատական է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճին: Նման «օրինաչափություն» տնտեսագիտությանը հայտնի չէ, տնտեսագիտական որևէ օրենքով կամ նորմով այս երևույթը ենթակա չէ հիմնավորման: Հայտնի է, որ դոլարն արժեզրկվել է նաև միջազգային ասպարեզում, սակայն, ինչպես և գնաճի մեջ, այստեղ նույնպես Հայաստանն «առաջանցիկ» է: Հայաստանում դոլարը ձեռք է բերել իրավական «բոմժի» կարգավիճակ: Անկայուն արժեզրկվողի կարգավիճակ: «Հայաստանյան դոլարը» տնանկ է, սնանկ է, նաև` սնանկացնող: Առջևում Նոր տարի է: Թող բարով գա Նոր տարին: Տոն, որ դրսից տրանսֆերտների ստացման ամենաթեժ շրջանն է: Ամանորի սիրույն Հայաստանից դուրս գտնվողները հիշում են իրենց հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամին և դոլարի փոխանցմամբ նրանց տոնական նվեր մատուցում: Նվեր է, թե պարբերաբար ստացվող օգնություն, դա չէ էականը: Հայաստանի բնակչության գերակշիռ մասը Նոր տարվա ծախսերը հոգալու է այդ օգնությունների հաշվին: Թե էլի որքան «կսնանկանա» դոլարը, հետո կերևա: Ու եթե անգամ դոլարի աննախադեպ վայրընթացը դադար առնի, և ներկա փոխարժեքը պահպանվի մինչև տարեվերջ, միևնույն է, բնակչության դրամական կորուստներն էլի մեծ են լինելու, և Նոր տարին մեզ վրա շատ թանկ է նստելու: Գնաճն այլևս փաստ է, գուցեև` անշրջելի: Իսկ ո՞րն է դոլարի` մեր այս իրավազուրկ «բոմժի» վերջին հանգրվանը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ