40 կիլոգրամանոց ոսկեձույլ տոնածառ 


 

Ակամա մտածում ես` արդյո՞ք տոնածառն ամբողջ տարին աչք կշոյի. եթե նույնիսկ այն թանկարժեք մետաղից է: Բացի այդ` աչք շոյող կանաչի խորհուրդը մի՞թե կարող է փոխարինվել պերճանքի փայլով: Այդուհանդերձ, ճապոնացի ոսկերիչների այդ առաջարկը արդեն վաճառակետերում է:

Տոկիոյի ամենանշանավոր առև-տրական Գինձա թաղամասի ոսկերչական բացառիկ արտադրանքների խանութում վաճառվում են այդպիսի տոնածառներ: Ընդ որում` բնական մեծին չզիջող չափերով: 2,4 մետր բարձրություն և 40 կիլոգրամ քաշ ունեցող կոնաձև այդ պերճանքն արժե 350 միլիոն իեն (4,2 միլիոն դոլար):

Տեղի լրատվամիջոցները հասցրել են ճշտել, որ 1,2 մետր շրջանագծով ոսկեկոնը պատրաստելու համար պահանջվել է 2 ամիս: Այն զարդարելու կարիք չի զգացվի, որովհետև արդե´ն զարդարված է Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմերի սիրված հերոսների 50 փորագիր պատկերներով, ոսկեթիթեղ տերևներով ու ժապավեններով:

Հսկա այդ կոնածառից բացի, գնորդներին առաջարկվում է նաև ավելի փոքր չափսերի տոնածառ-արձանիկներ` 25 սմ բարձրությամբ և մուլտֆիլմերի 20 հերոսների պատկերներով: Սրանց արժեքն էլ «համեստ» է` 2 մլն իեն կամ 243 հազար դոլար:

GinzΖ TΖnΖkΖ ոսկերչական խանութն առանձնակի ճանաչում ձեռք բերեց անցյալ տարի նոյեմբերին, երբ գնորդներին առաջարկեց Սուրբ Ծննդյան առաջին ոսկյա ծառը` 1,92 մետր բարձրությամբ և շուրջ 2 միլիոն դոլար արժողությամբ: Ու քանի որ խանութը նաև գաղտնապահ է, նույնիսկ ամենահետաքրքրասեր լրագրողներն առ այսօր չեն պարզել` վաճառվե՞լ է այն և ո՞վ է եղել գնորդը: Տրամաբանությունը, սակայն, հուշում է, որ վաճառվել է, այլապես այս տարի ավելի մեծն ու ավելի թանկը չէր առաջարկվի: