Վրաստանը զայրացել է


 

Ավելի ճիշտ` կազմակերպիչներն են զայրացրել` Աբխազիան և Հարավային Օսիան «ճանաչելով» որպես Ռուսաստանի մաս:

Դեռ չսկսված լոնդոնյան ամառային մրցատոնը շարունակում է միջազգային պոռթկումների առիթներ տալ: Մինչ Արգենտինայի նախագահը բոյկոտում էր «Լոնդոն-2012»-ը, Թբիլիսիում չարացել են` Խաղերի կայքում տեսնելով, որ 2008-ին Վրաստանից առանձնացած Հարավօսիան ու Աբխազիան հաշվառվել են որպես Ռուսաստանի տարածքներ: Այդ առնչությամբ Վրաստանը պաշտոնական բողոք է արտահայտել: Երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է հղել Լոնդոնին` «տարածքային հարցի» կապակցությամբ և պահանջել է «Ռուսաստան» մակագիրը դարձնել «Վրաստան»: Այսուհանդերձ, Վրաստանը չի հայտարարել իր մարզիկներին Օլիմպիադա չուղարկելու կամ հետ կանչելու մասին: 12 մարզաձևերում կմրցակցեն 35 մարզիկներ:

Ինչ վերաբերում է Արգենտինայի նախագահուհի Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշների հայտարարած բոյկոտին, ապա նա ի´նքն է հրաժարվել Օլիմպիադայի բացման արարողությանը մառախլապատ Ալբիոն մեկնել: Նրա վրդովմունքի պատճառը ևս տարածքային է` Ֆոլկլենդյան կղզիների առնչությամբ (տեղեկացրել է HTB-ն):