ՖԻՆՆԱԽԸ` ԴԺՎԱՐԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ


 

Պաշտոնական տվյալներին ծանոթանալով, փաստեցինք, որ 2012թ. առաջին կիսամյակում ներքին պետական պարտքն աճել է 1,33 մլրդ դրամով կամ 0,6%-ով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 211,4 մլրդ դրամ: Այս ժամանակահատվածում պետական պարտատոմսերի հաշվին ֆինանսավորվել է պետբյուջեի դեֆիցիտի 1,41 մլրդ դրամը:

Նշենք, որ ընթացիկ տարում ներքին պարտքի հաշվին նախատեսվում է ֆինանսավորել պետբյուջեի դեֆիցիտի 30,2 մլրդ-ը: Առաջին կիսամյակում ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսերից ստացված միջոցների 11,8 մլրդ դրամն ուղղվել է նախկինում թողարկված պարտատոմսերի սպասարկմանը, ևս 9,75 մլրդ-ը` պարտատոմսերի հետգնմանը: Հունիսի վերջին պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 13,4%` վեց ամսվա ընթացքում բարձրանալով 0,42 տոկոսային կետով:

Ներքին պարտքի թանկացումը մի կողմից պայմանավորված է եղել պարտքի կառուցվածքի փոփոխությամբ, մյուս կողմից` Ֆինանսների նախարարությունը ներքին շուկայից միջոցները սկսել է ներգրավել ավելի բարձր եկամտաբերությամբ: Հունվար-հունիսին ներքին պարտքի կառուցվածքում 4,3 տոկոսային կետով ավելացել է երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը` հասնելով 35,2%-ի: Ընդ որում, բարձրացել է նաև երկարաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը` մոտ 0,5 տոկոսային կետով:

Այս ամենը նշանակում է, որ Ֆիննախը հայտնվելու է ծանր կացության մեջ` մի կողմից սպասարկելով պարտքերը, մյուս կողմից` լրացնելով բյուջեի դեֆիցիտը: Թե ինչպե՞ս է այս դժվարին խնդիրը լուծելու մեր ֆինանսական գերատեսչությունը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում ստիպված ենք լինելու նորից ու կրկին «ձգել մեր գոտիները»: