Հոգիս ու էությունս ցնցվեցին


 

Ճակատագիր կոչվածի անողոքությամբ հայ ժողովուրդը սփռվեց աշխարհով մեկ: Ու թուրքի յաթաղանից մազապուրծ, բնավեր հայը տարագիր դարձավ` օտար հողի վրա, օտար արևի տակ հիմնելով իր օջախը:

Հեռուներում ծվարած հայության բեկորներն այսօր որքան էլ բռունցքված ու միասնական լինեն, միևնույն է` հողը հարազատ չէ, օտար մշակույթի ու քաղաքակրթության ազդեցությամբ հայը մշտապես ձուլման վտանգին հանդիման է:

Բայց նույն ճակատագրի բարեհաճությամբ հայկական համայքներում ապրում են իսկական նվիրյալներ, ովքեր իրենց հոգու և գործի մեծությամբ մշտաբորբոք են պահում հայության օջախը, արթնացնում հայի գենը:

Ոսուցչուհի դառնալը Մագի ՀԱԼԱՋՅԱՆԻ մանկության երազանքն է եղել, ու նա հաստատակամ քայլել է այդ ճանապարհով: Եվ այսօր մեծագույն պատասխանատվությամբ ու սիրով է կատարում Կիպրոսի Նիկոսիա քաղաքի «Նարեկ» վարժարանի հայոց լեզվի և պատմության ուսուցչուհու բարձր առաքելությունը` մեր ոսկեղենիկն ու պատմության հերոսական էջերը փոխանցելով կիպրահայ մանուկներին, ներարկելով հայկականություն, սեր հայրենիքի նկատմամբ ու հայ լինելու հպարտություն:

Երկար սպասված հերթական այցելությունը Հայաստան ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում էր: Ուսուցչուհու` իսկական հայուհուն բնորոշ հպարտությունը, հայրենանվեր գործի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մղեցին զրույցի:

Հայրական կողմը Սեբաստիայից է, հաստատվել է Կիպրոսում` Ցեղասպանությունից առաջ, մորական ապուպապերը` ջարդերից հետո: Այստեղ էլ սակայն հանգիստ չեն գտել, այստեղ էլ թուրքը նույն գազանն էր ու արնախումը: Դեռ 7 տարեկան էր Մագին, երբ կրկին վերցրել են գաղթականի ցուպը և պապենական օջախից զրկվելով` Հյուսիսային Կիպրոսից տեղափոխվել են Նիկոսիա:

Մանկության երազանքի հետքերով` Մագին նախ «Նարեկ» նախակրթարանի, ապա «Մելքոնյան» կրթական հաստատության սան է եղել: Հետագայում բարձրագույն կրթությունը ստանալով հայրենիքում` մայր բուհի շրջանավարտը վերադարձել է Նիկոսիա և հայոց լեզու, մատենագրություն ու գրաբար դասավանդել «Մելքոնյան», ապա ու մինչ օրս` «Նարեկ» վարժարանում:

- Ձգտում եմ կապը հնարավորինս ամուր պահել հայրենիքի հետ: Մի քանի տարի առաջ եկել եմ ընտանիքիս հետ, որպեսզի զավակներս էլ տեսնեն հայրենիքը, և կարողանամ նրանց էլ կապել մայր հողին: Փափագս մեծ էր, որ այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում ես ուղեկցեմ մեր երեխաներին: Նախակրթարանի սաները հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Հայաստանը: Քանզի հայրենիքը միայն դասագրքերով ճանաչելու ու սիրելու դեպքում այդ սերը լոկ զգացմունք է մնում ու կարող է նաև մարել,-ասում է Մ. Հալաջյանը:

Ուսուցչուհու մտահոգությունն արդարացի է այն առումով, որ «Մելքոնյան» կրթարանի փակվելուց հետո հայապահպանության խնդիրը սրվել է: Նախակրթարանն ավարտած աշակերտները լուրջ խնդիրների են բախվում և հարկադրված` ուսումը շարունակում են օտարալեզու դպրոցներում:

- Երեխաները, պատանեկության սեմին գտնվելով, չեն կարողանում իրենց գիտելիքները խորացնել ու ամրացնել: Մի երևույթ, որ խիստ վտանգավոր է: Փորձում ենք ամեն ինչ անել, հաճախակի միջոցառումներ ենք կազմակերպում` այդ բացը թեկուզ փոքր չափով լրացնելու համար:

«Նարեկը» մասնաճյուղեր ունի նաև Լառնականում և Լիմասոլում, սակայն` սակավաթիվ աշակերտներով, քանի որ մայրաքաղաքում հաստատվելու ձգտումը մեծ է:

Կիպրահայ համայնքը փոքր է, բայց հայախոս, մեր ավանդույթներին կառչած ընտանիքները քիչ չեն, իսկ ավագ սերունդը դեռ փոխանցելու բան ունի փոքրերին: Այստեղ հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, հայրենիքից հաճախ են հյուրընկալվում մշակույթի ու արվեստի գործիչներ, ովքեր հարստացնում են համայնքի կյանքը: Այսուհանդերձ` այնուամենայնիվ, հայապահպանության կարևորագույն օղակներն ընտանիքն ու դպրոցն են.

- Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում պատասխանատվությունս: Մեծագույն սիրով ու գերագույն գիտակցությամբ եմ փորձում հայ փոքրիկներին կապել հայրենիքին: Մեծ շուքով նշում ենք Թարգմանչաց և Վարդանանց տոները, թատերական ներկայացումներ ենք կազմակերպում: Անում եմ ամեն ինչ, որ երեխաները մի նոր բան սովորած հեռանան դահլիճից, և հայրենասիրւթյունն արդեն նրանց հոգու մեջ է: Կան նաև խառնամուսնության երեխաներ, ովքեր թեև մի փոքր ավելի քիչ են հետաքրքրվում հայկականով, սակայն դպրոցի պատերից ներս նրանք ձուլվում են մյուսներին և իրենց հայ են զգում:

Դասաժամերը հաճախ հարստանում են մեր մեծերի, հերոսների մասին պատմող տեսանյութերով.

- Այս այցելությանս առաջին անգամ գնացի Եռաբլուր: Չեմ կարող բառերով փոխանցել զգացողություններս: Ես հեկեկում էի, իսկ զոհված ազատամարտիկների հարազատներն ասում էին` աղջիկ ջան, պիտի հպարտանաս նրանցով, մեր ընկեըները, մեր եղբայրները հանգչում են այստեղ, և մենք հպարտ ենք: Դա աննկարագրելի է: Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում հող ազատագրելու համար ընկեր ու հարազատ կորցնելը: Հոգիս ու էությունս ցնցվել են. ես հասկացա, որ իմ հայրենասիրությունը լիարժեք չէր, ինչ-որ բան պակասում էր, հիմա ամբողջացավ. նոր հույզերով եմ վերադառնում` փոքրիկներիս ավելի ոգևորելու:

Ամուսինը ևս հայոց լեզվի ուսուցիչ է, և հայրենիքի ջերմ սերն ու կարոտը գիտելիքների հետ ծրարած փոխանցում են հայ մանուկներին: Զավակները` Արամազդն ու Նարեն, գեղեցիկ գրական մայրենիով են խոսում, հայկական երաժշտություն են նախընտրում: Ընդամենը 2 շաբաթ առաջ Արամազդը մեկնել է զինծառայության:

- Որդուս ճանապարհելիս խորհուրդ տվեցի` տղաս, բարձր գիտակցումով կծառայես, զենքի հետ զգույշ կվարվես: Դռան մոտից շրջվեց ու ասաց` «մայրիկ, իմ հայրենիքին չէ, որ պիտի ծառայեմ»: Չէի կարող երևակայել, որ այնտեղ ծնված ու մեծացած 20-ամյա պատանին նման բան կասի: Թեպետ մենք մեր փոքրիկներին որքան հնարավոր է թրծում ենք, սակայն պատանեկան տարիքում չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որտեղ նրանք կայանում են:

Մագի Հալաջյանը նաև ստեղծագործում է, շուտով լույս կտեսնի պատմվածքների ժողովածուն.

- Փորձել եմ պատմվածքներիս միջոցով սեր սերմանել: Հուշել, որ կյանքն այնքան կարճ է, որ անթույլատրելի է ցավ պատճառելն ու ատելը: Կինն արժանի է մաքրամաքուր, անեղծ սիրո: Այսօր սերն էժանացել է, և իմ փոքրիկ պատմություններով փորձել եմ սիրո մաքրությունը վերահաստատել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ