ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿՐԹՕՋԱԽԸ


 

Օրեր առաջ մթնոլորտը տոնական էր Հայ ավետարանչական ընկերակցության հյուրընկալ հարկի տակ: «Հայ կրթություն» բարեգործական կրթական հիմնադրամի (Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի) սաների հրաժեշտի հանդիսությունն էր: Ու քանի որ տարին Թումանյանական էր, կրթօջախն անմասն մնալ չէր կարող:

Հիմնական դպրոցն արդեն 3-րդ սերունդն է ճանապարհում: Իսկ 2014-ը կրթօջախի համար շրջադարձային է լինելու: Նորակառույց շենքում աշակերտները հնարավորություն կունենան ավարտել նաև ավագ դպրոցը:

- Հայ ավետարանչական ընկերակցությունը 1998-ին հիմնել և մինչ օրս ֆինանսավորում է «Հայ կրթություն» հիմնադրամի Ավետիսյան դպրոցը: Այն գործում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ծրագրերով` լեզուների խորացված ուսուցմամբ: Կրթօջախը մշտապես ուշադրության կենտրոնում է, ուսուցիչներն անընդհատ վերապատրաստվում են, իսկ տնօրինուհին արժանացել է ոսկե մեդալի` որպես լավագույն: Հպարտությունը չափազանց մեծ է, քանի որ մեր դպրոցը հանրապետությունում լավագույններից մեկն է, մշտապես աշխատում ենք, որ կրթական մակարդակն է´լ ավելի բարձրանա,- համոզված է Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ:

Բարեգործական հիմնադրամում դպրոցական ծրագրերից զատ` գործում են նաև թատերական, երգի, պարի խմբակներ, խեցեգործության դասեր:

- Մեր դպրոցն Էդ և Փամելա Ավետիսյանների բարերարությամբ գործող բարեգործական կրթահամալիր է` մանկապարտեզ-դպրոց: Ունենք 200 դպրոցահասակ աշակերտներ և մանկապարտեզի 3 տարիքային խմբեր: Կրթահամալիրը բաց է. այսինքն` կարող է դիմել ցանկացած երեխա, սակայն որոշակի պահանջներ այնուամենայնիվ ունենք: Նախապես ընտրվել է Հարավարևմտյան թաղամասը, քանի որ հասարակության այսպես կոչված` անկար հատվածն այնտեղ է բնակվում: Մեր ցանկությունն է որակյալ կրթությամբ ապահովել բոլոր այն երեխաներին, ում համար դա հասու չէր լինի,- ասում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի տնօրեն Մելանյա ԳԵՂԱՄՅԱՆԸ:

Դեռ 13 տարի առաջ դպրոցը հիմնադրվել և մինչ օրս գործում է տեր և տիկին Ավետիսյանների բարերարությամբ: Արդեն երրորդ տարին է` բարերարները ներկա են գտնվում դպրոցի սաների ավարտական հանդիսությանը: Մեր խնդրանքով Էդվար ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց ստացած տպավորությունների մասին.

- Դեռ 1990 թվականն էր: Մորս տարեդարձին ցանկանում էինք որևէ անակնկալ մատուցել: Սակայն նա ասաց, որ ոչնչի կարիք չունի: Եվ մեծ էր ցանկությունը` ներդրումներ անել կրթության ոլորտում, որպեսզի հայ մանուկները որակյալ կրթություն ստանան: Մայրս մեծ ջարդերի ժամանակ գերմանական որբանոցում է եղել: Թուրքերը 4 կողմից պաշարել են, սակայն որբանոցն անվնաս է մնացել, քանի որ նրանք դաշնակիցներ էին Գերմանիայի հետ: Մայրս միշտ չափազանց մեծ տեղ է տվել կրթությանը և այդ նույնը սերմանել է նաև իմ մեջ: Ուստի ծնողներիս անունով դպրոց հիմնելու փափագս մեծ էր, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի կրթության կարոտ մնալ: Անսահման հպարտ ենք այսօր, քանի որ համոզվեցինք` տնօրենի, ուսուցչական կոլեկտիվի ջանքերի և նվիրվածության շնորհիվ դպրոցն ամենաառաջադեմ կրթօջախներից է: Ամեն տարի մեր աշակերտները մեծ հաջողություններ են ունենում: Կյանքիս ամենամեծ նպատակն է` տեսնել նաև ավագ դպրոցի հաջողությունը: Ես շատ հանգիստ եմ, քանի որ տեսնում եմ գործի նվիրյալ մասնագետներ: Հուսանք բոլոր դպրոցներում այդպես է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ