ԱՊՐԵԼ ԱՂՔԱՏ` ՀՈՒՍԱԼՈՎ ԲԱՐՁՐ ԹՈՇԱԿ


 

Բազմիցս ենք ասել, որ «Օրինաց երկրի» պոպուլիզմը չափուսահման չունի: Այս պոպուլիզմը մերթ հասնում է ցինիզմի, մերթ էլ` ծիծաղելիության: Այ, հիմա իր նախընտրական ծրագրում նշել է, որ կուսակցությունը խոստանում է գիտությունների դոկտորների և թեկնածուների հավելավճարների ավելացում և դրանց հաշվեգրում կենսաթոշակների վրա` բարձր կենսաթոշակային ապահովում իրականացնելու համար: Նաև` Գիտությունների ազգային ակադեմիայի դերի և հեղինակության բարձրացում: Քանի՞ տոկոսով է պատրաստվում ՕԵԿ-ը ավելացնել հավելավճարները, երբ դրանք իրականում գոյություն չունեն: Կոնկրետ թիվ չի ասվում: Իսկ սա նշանակում է, որ ասենք 2013 թվականի պետբյուջեով նախատեսվի հավելավճարներ սահմանել դոկտորների համար 712 և 520 դրամ... Այնժամ կուսակցությունը կհայտարարի, թե ինքը կատարել է իր նախընտրական խոստումը և գիտնականների համար ապահովել երջանիկ ապագա:

Հետաքրքիր է, այսքան տարի ինչո՞ւ կուսակցությունը չէր մտահոգվում հավելավճարների խնդրով և այդ մասին հիշեց հիմա, երբ գիտական մտավորականությունն արդեն հիմնովին երես է թեքել այս ուժից, իրեն վիրավորված զգացել, որ գիտության թեկնածու է դարձել նաև Բիշարյան Հեղինեն... ՕԵԿ-ն այսպես կամենում է կաշառել գիտական մտավորականությանը, ակադեմիական ինստիտուտներին, որոնք շատ վաղուց ուշադրություն չեն դարձնում ԱԽՔ-ի հայտարարություններին: Լինելով անվտանգության խորհրդի քարտուղար` այս մարդը երբեք քննարկման նյութ չի դարձրել գիտությունը, որն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Հավանաբար, հիմա նոր է Արթուր Բաղդասարյանը (ով, ի դեպ, իրավաբանական գիտությունների դոկտոր է) հասկացել, որ կարելի է մեկ-մեկ էլ խոսել գիտության մասին: Իսկ հետաքրքիր է, ինչու կուսակցության ցուցակում չկան գիտնականներ, որոնց համար հիմա ոսկե սարեր է խոստանում ՕԵԿ-ը: Դե, գիտնականներն այնքան փող չունեն, որ գայթակղեն այս կուսակցությանը, նրանք ո´չ շինանյութի խանութներ ունեն, ո´չ գինու գործարաններ... Անշուշտ, նախընտրական այս «բլեֆն» էլ մոռացության կտրվի, սակայն հաստատ չի մոռացվի այն, որ այս կուսակցությունը տապալել է ազգային կրթության ու գիտության հեռանկարներն այն ժամանակ, երբ ԿԳ նախարարի պաշտոնն իրեն էր պատկանում: