Ի՞նչ կարող է սպառնալ Վրաստանին


Կրեմլի հետ երկար խորհրդածելուց ու խորհրդակցություններից հետո, Պետդուման այնուամենայնիվ, արտահայտվեց Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի առնչությամբ: Դատելով հայտարարության տեքստից` լավ կլինի, որ Վրաստանը չընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Ստեղծված իրավիճակում, ինչպես ասում են, «մեդալի»` իրար հակադիր երկու երեսներն էլ արդարացված ու օրինաչափ կարող են լինել: Մի կողմից` Ռուսաստանը կարող է հանդես գալ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների պաշտպանության օգտին` հարգելով Վրաստանի և Մոլդովայի ինքնորոշման իրավունքն ու տարածքայիան ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված նրանց սահմանների շրջանակներում: Բայց մյուս դեպքում` Կոսովոյի նախադեպով, փաստորեն, խաթարվել է այդ համակարգը. իսկ Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը ավելի լուրջ հիմքեր ունեն` հավակնելու միջազգային ճանաչմանը: Ուրեմն… Եթե Վրաստանն, այնուամենայնիվ, կորոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա պետք է պատրաստ լինի` նշյալ տարածքներից ու այնտեղ ապրող ազգաբնակչությունից հրաժարվել: Իսկ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները` նշյալ տարածքներում ապրող իր քաղաքացիների պաշտպանության համար և քննության կառնի Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնորոշման օբյեկտիվ գործընթացի արագացմանը նպաստելու խնդիրը` ընդհուպ մինչև դրանց անկախության ճանաչումը: Իհարկե` տեղի ազգաբնակչության կամքի արտահայտմանը համաձայն: Այս պարագայում, բնականաբար, Ռուսաստանը նաև միջոցներ կձեռնարկի, եթե Վրաստանը զինված գործողությունների դիմի իր կողմից չճանաչված այդ անկախ պետությունների դեմ: Ու առայժմ, Պետդուման առաջարկում է, համենայն դեպս, վրաց-աբխազական և վրաց-օսական բախումների շրջաններում հզորացնել խաղաղարար ուժերը: *** Ի ԴԵՊ. անցյալ շաբաթվա վերջին ՌԴ Պետդուման երկրի նախագահին և կառավարությանն են դիմել` քննարկելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նպատակահարմարության խնդիրը: Պատգամավորներն առաջարկում են քննության առնել «Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնորոշման օբյեկտիվ գործընթացն արագացնելու հնարավորությունը` ընդհուպ մինչև դրանց անկախության ճանաչումը` ազգաբնակչության կամարտահայտության հիմունքներով»: Եվ, ՀԼԸ «ծՏՉՏրՑՌ»-ի փաստմամբ` ինչպես նշել են ռուսաստանի երեսփոխանները` Ռուսաստանն անհապաղ պետք է ձեռնարկի բոլոր միջոցները` նշյալ տարածքներում բնակվող ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար` Վրաստանի հնարավոր հարձակման դեպքում հարձակման կամ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու դեպքում: Սահակաշվիլին հիացած է ԱՄՆ իր վերջին այցը նա համարել է ամենահաջողվածը: - Դա սոսկ բարեկամություն չէ, այլ Նահանգների կողմից անկեղծ սեր,- ասել է Միխել Սահակաշվիլին: Թերևս` նա ճիշտ է: Իր իսկ արտահայտությամբ` «այդ մասշտաբի երկիրը ոչ բոլոր առաջնորդներին է պատրաստ ամեն տարի ընդունել բարձր մակարդակով: Այս անգամ «կատարած աշխատանքի ամենամյա հաշվետվությունը» Միխելին տհաճություններ կարող էր պատճառել. նոյեմբերի 7-ի իրադարձությունների արդյունքում զոհվել էր շուրջ 100 մարդ: Բայց, կարծես` դա շրջանցվեց. և եթե նույնիսկ «Բուշ հայրիկը» նրան կշտամբել է, ապա` շատ թեթՒ: Նահանգները Վրաստանի նախագահին հավաստիացրել է, որ կաջակցի Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու նրա ծրագրերին: Բայց` հազիվ թե ՆԱՏՕ-ի բուխարեստյան համաժողովում, որովհետև դաշինքի անդամների մի մասին չի հաջողվել համոզել` սատարելու Վրաստանին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապա դը Հօօպ Սխեֆֆերի անունով ուղարկված նամակը կստորագրեն Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովակիան, Սլովենիան, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Չեխիան և Կանադան: Բայց արևմտաեվրոպական երկրները, այդ թվում` Գերմանիան ու Ֆրանսիան, չեն ուզում քվեարկել Վրաստանի օգտին: Իսկ այս ընթացքում Վրաստանում շարունակվում են ընդդիմության գործողությունները: Ընդ որում` խորհրդարանի մոտ հացադուլավորները նոր պահանջ են առաջ քաշել. - Միացյալ ընդդիմությունը կդադարեցնի իր գործողությունը, եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցեն նաև Աբխազիայի և Ցխինվալիի բնակիչները,- հայտարարել է ընդդիմության լիդերներից Կոբա Դավիթաշվիլին: Իսկ այդ պահանջն անիրականանալի է, որովհետև այդ տարածաշրջաններում ներկայումս Թբիլիսիի իրավազորությունները չեն տարածվում: Եվ մինչ ընտրություններ էլ` հազիվ թե Վրաստանին հաջողվի վերահսկողություն սահմանել այդ տարածքներում: