Իսկ Ահմադինեժադն ասպետորեն լռում է


 

Միջադեպը, որի մասին արդեն քանի˜ տարի չի բարձրաձայնել Իրանի նախագահը, կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Այդ մասին չեն խոսել նաև աշխարհի բազմաթիվ երկրների ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր անհեթեթ այդ դիպվածի ականատեսն են եղել:

Եվ ահա յոթնամյա լռությունը որոշել են խախտել լրագրող Մարկ Ամբինդերը (ով նախկինում հավատարմագրված է եղել Սպիտակ տանը) և ամերիկյան բանակի վետերան Դ. Բ. Գրեյդին: Աղմկահարույց դառնալու արժանի միջադեպը նրանք նկարագրել են իրենց հեղինակած «Խորը մակարդակ» գրքում, որը գրախանութներում կհայտնվի օրեր անց` ապրիլին: Գրքից հատված է տպագրել The AtlΖntic պարբերականը:

Վտանգավոր այդ արտառոցությունը տեղի է ունեցել 2006 թ. սեպտեմբերին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Նյու Յորքում հրավիրված ամենամյա հավաքի ժամանակ: Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործակալի ողորկափող հրացանը, այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի շարասյան ավտոմեքենաներից մեկում տեղավորելու պահին, հանկարծ կրակել է: Գնդակը թռել է դեպի Ահմադինեժադը, ով պատրաստվում էր նստել իր մեքենան:

- Բոլորը մի պահ կանգ առան: Իրանցիները նայեցին մեզ, մենք նայեցինք նրանց: Գործակալը նետվեց` ներողություն խնդրելու: Ահմադինեժադը պարզապես շրջվեց ու նստեց մեքենան,- նկարագրել են գրքի հեղինակները:

Միջադեպի մասին հաջորդ օրը ծառայողական գրությամբ զեկուցել են ԱՄՆ-ի վարչախմբին: Գրությունը բաղկացած է եղել երեք տողից` «ԱՄՆ հատուկ ծառայության գործակալը պատահաբար կրակել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա, ով նստում էր «ԻնտերԿոնտինենտալ» հյուրանոցի մոտ կանգնած իր ավտոմեքենան»:

Ի հակադրություն գրության հակիրճության` անչափ մեծ է եղել Սպիտակ տան աշխատակիցների սարսափը: Այնտեղ հրաշալիորեն հասկանում էին, որ իրանցի առաջնորդը գաղտնի ծառայության վրիպումը կարող է օգտագործել` իր հետաքրքրություններին հագուրդ տալու: Մանավանդ` ՄԱԿ-ի այդ համաժողովում պետք է քննարկվեին Իրանի դեմ պատժամիջոցները` միջուկային ծրագրի առնչությամբ: Իհարկե´ Ահմադինեժադը կարող էր հայտարարել և պնդել, որ Միացյալ Նահանգներն իր դեմ մահափորձ էր նախապատրաստել:

Բայց, ի զարմանս ամենքի, հրաշքով փրկված իրանցի նախագահը ոչ մի անգամ չհիշեց կատարվածը:

- Դա ԱՄՆ-ի վարչախմբի ներկայացուցիչներին ստիպեց նոր լույսով նայել Ահմադինեժադին: Դա ապացույցն էր այն իրողության, որ նա գործում է մարտավարությամբ ու դրա համար զգույշ է,- գրել է The AtlΖntic-ը:

Պարզապես զգո՞ւյշ է, թե՞ կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը և կամք ունի` իր անձնական անհանգստությունը միջազգային աղմուկ չդարձնել: