ԷԼ ՉԿԱ ԱՇՈՏԸ...
1992 թվականի ամառն էր… արյունաբեր ամառ, արյունահոտ ամառ: Արցախից այդ ամռանն ինչքան չարագուշակ լուրեր էին գալիս: Ընդամենը մի քանի տարի առաջ աշտարակցի մի պատանի` Աշոտ Վարսանյանը, իր շարադրությունների տետրում մանկական պարզ, մաքուր, անկեղծ ձեռագրով գրել էր.«Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ Վարդան Մամիկոնյան, պաշտպանել հայրենիքս, կյանքս նվիրել նրան, ինչպես սպարապետ Վարդանը»: Ու արդեն 1992-ին, երբ Աշոտը հասակ էր առել` 24 տարեկան էր, Աշտարակից մի քանի քայլ այն կողմ` Արցախի սուրբ հողում, հեղվում էր իր եղբայրների արյունը, հայրենիքը վտանգված էր, թուրքերի կեղտոտ շունչը մթագնում էր մեր երկնակամարը: Ահա և եկել էր ժամը Վարդան կոչվելու, իրականացնելու տարիների երազանքը: Մայրը` Լաուրան, ուզում էր ամուսնացնել որդուն: Պատրաստություն էր տեսել, ոսկեղեն, գեղեցիկ հագուստ գնել: Մի աղջկա էր տեսել, հավանել ու պիտի նշաներ որդուն նրա հետ: Այդ օրը կանաչ-կարմիր հագավ մայրը, կանաչ-կարմիր պիտի կապել տար նաև որդուն: Ուղարկեց դստերը` Վերգինեին, որդուն տուն կանչելու: Բայց Աշոտը համաձայն չէր, ուզում էր կռվից հետո ամուսնանալ: Իսկ մայրը ուզում էր հիմա նշանել որդուն: Ախր, աշուն էր գալու: Երբ բերքը կհասունանար, ծառերի ճյուղերը կկախվեին մրգի հուռթիությունից, երբ արտերը կլիանային համատարած դեղնությամբ, սեղաններն ավելի ճոխ կլինեին. այդ ժամանակ էլ հարսանիք կանեին:: Վերգինեն ձայն տվեց Աշոտին, որ գա իր սեփական նշանադրությանը, բայց Աշոտն արդեն գնում էր, գնում էր այնտեղ, ուր արյուն կար, վառոդի հոտ ու պայթող արկեր: Գնում էր այնտեղ, ուր հողը ծանրացած էր` այդքան թշնամի կրելով իր կրծքին, ծանրացած էր ու տնքում էր, տնքում էր մարդու սիրտ կեղեքելու չափ ուժեղ: Աշոտի սիրտն զգում էր իր հողի տանջանքն առավել: Գնաց… Ահավոր էր մարտի դաշտը: Արյուն էր շուրջբոլորը, մահ ու ավեր: Մարտական ուղին սկսվեց, բայց ճակատագիրը չպիտի թույլ տար, որ այն երկար լիներ: Մի քանի ամիս պիտի կռվեր Աշոտը, բայց այս մի քանի ամիսը լի էր նրա սիրտ ու հոգով, վրեժով ու արյան պարտքի պահանջով: Որոշել էր մեկ երկու ամիս հետո վերադառնալ հայրենի Աշտարակ, չէ՞ որ աշուն պիտի գար, երջանիկ ամուսնություններ պիտի բերեր: Ուզում էր ամուսնանալ, հետո կրկին գնալ կռվելու: Սակայն ճակատագիրն այլ բան ուներ նրա համար նախապատրաստած: Հուլիսին Աշոտն ընկավ…Նրա դին հարազատները չգտան: Մեկուկես տարի բոլորի սրտում դեռ հույս կար, որ գուցե կենդանի էր Աշոտը: Փնտրեցին երկար, բայց ապարդյուն: Մեկուկես տարի հետո լուր եկավ , որ Աշոտը գերի է բռնվել ու սպանվել: Իսկ տանը դեռ սպասում էին… Սպասում էին, որ Աշոտը կգա, կամուսնանա, կշարունակի վառ պահել հայրենի տան օջախը: Հիմա, Աշոտի մոր վշտին արյուն- արցունք խառնելով, ողբում է և Աշոտի սիրած Քասախը: Աշոտ, Աշոտ… Էլ չկա Աշոտը… Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ ԵՊՀ ուսանողուհի ԼՂ հիմնահարց. համանախագահողներն սկսել են «նշաններ ցույց տալ» - Երբ արդեն ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է արդյունքները, և ապրիլի 9-ից վարչապետը կստանձնի իր պաշտոնը, համանախագահողները սկսել են նշաններ ցույց տալ առաջին հանդիպումը կազմակերպելու առումով,-երեկ հրավիրած ասուլիսում, ի պատասխան ԼՂ խնդրի բանակցությունների ներկա փուլի մասին հարցին, ասել է արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով` ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նախօրեին Հայաստանի նորընտիր և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հանդիպել «հնարավորինս մոտ ժամանակներում»: - Ես թերևս չեմ կարող որևէ բան ասել նման հանդիպման կապակցությամբ, չգիտեմ, թե երբ նոր Նախագահը հարմար կգտնի, բայց մի բան ես կարող եմ վերահաստատել, որ նոր Նախագահը լավատեղյակ է բանակցային գործընթացին, լավատեղյակ է սեղանին դրված փաստաթղթի բովանդակությանը: Վարչապետի դիրքրոշումը ընդհանուր սկզբունքերի վերաբերյալ նույնն է, ինչ գործող նախագահինը: Այնպես որ, կարծում եմ` մենք շատ ժամանակ չենք կորցնի, շատ արագ կվերսկսենք բանակցությունները և մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկարողանանք լրացուցիչ առաջընթաց արձանագրել Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հավաստիացրել է Վ. Օսկանյանը: