Գրոհում են մահապարտները


Ահաբեկչությունները նաև դրանք հրահրողների «ձեռագիրը» պարզել են պահանջում` նմանատիպ այլ ավերածությունների հետ ընդհանրություններ որոնելով: Եվ Նազրանի միջադեպը, երբ ականապատված «Գազել»-ով 2 մահապարտներ ներխուժել են ՆԳ քաղվարչություն` սպանելով 20-ից ավելի մարդ, շատերին հիշեցրել է 2003-ի մայիսը, երբ պայթուցիկներով զինված 3 մահապարտ, «ԿամԱԶ» բեռնատարով, չեչենական Զնամենսկոյե գյուղում պայթեցրել էին Դաշնային անվտանգության ծառայության շենքը: Այն ժամանակ զոհվել էր 60 մարդ: Դրանից ընդամենը 3 ամիս անց մեկ ուրիշ մահապարտ, դարձյալ «ԿամԱԶ»-ով, Մոզդոկում խոյահարել էր զինվորական հոսպիտալի դարպասները` զոհելով 50 մարդու կյանք: Դրանից ոչ շատ առաջ էլ` 2002-ի դեկտեմբերին նույն ձեռագրով ահաբեկչության թիրախ էին դարձել Չեչնիայի Կառավարության պարիսպները. զոհվել էր 72 մարդ… Կովկասում հարատև դարձած պատերազմը շարունակվում է արդեն 15 տարի: Պարզվում է, որ ընդհատակյա այդ ելուզակությունը միօրինակ է. խռովարարները մահ ու սարսափ են սփռում հասարակ սկզբունքով: Դե, այն, ինչն արդյունավետ է` ուրեմն լավ է: Ամենախոշոր ահաբեկչական գրոհների փաստերը համադրելիս, պարզվում է, որ դրանց մեթոդիկան չի փոխվում: Այսպիսով. 1995 թ. հուլիս. հարձակում Բուդյոնովսկում: Զոհվել է 147 մարդ: 1996 թ. ապրիլ. Շատոյսկի շրջան` Յարիշմարդա բնակավայրից ոչ հեռու. հարձակում 145-րդ մոտոհրաձգային գնդի շարասյան վրա: 83 զոհ: 2003 թ. հուլիս. «Տուշինո» մարզադաշտի մուտքի մոտ մահապարտուհին պայթեցնում է ինքն իրեն` խլելով ևս 16 մարդու կյանք: Այնուհետև` Կիզլյար, «Նորդ-Օստ», իսկ 2004 թ. սեպտեմբերին` Բեսլան, ուր սպանվեց 322 քաղաքացի… 2009 թ. հուլիս. Գրոզնու թատրոնի մուտքի մոտ մահապարտն ինքնապայթեցումով սպանում է նաև 6 թատերասերների: 2009 թ. օգոստոս. Շատոյսկի շրջան: Հարձակում նովգորոդյան միլիցիայի ջոկատի շարասյան վրա, և 4 զոհված: Սա վերջին տարիների ամենաաղմկահարույց ահաբեկչությունների ոչ ամբողջական վիճակագրությունն է: Հիշենք ևս մի քանիսը. տների պայթեցումներ Մոսկվայում, Վոլգադոնսկում, Բույնակսկում, Կասպիյսկում, մոսկովյան մետրոյում: Երկու խոշոր օդանավերի պաթեցումը, Գրոզնու «Դինամո» խաղադաշտի ականապատումը, զանգվածային հարձակումներ Ինգուշեթիայի, Գրոզնու և Նալչիկի վրա… Եթե բոլոր փաստերն ի մի բերվեն, ապա պայթուցիկազեն մահասփյուռ բեռնատարները 10-նյակներով կհաշվարկվեն, իսկ մահապարտների բանակը կգերազանցի 100-ը: Վերջին ամիսների կովկասյան իրադարձությունները հուշում են, որ ընդհատակյա մարտիկները գերազանց «մարզավիճակում» են և գիտակցաբար ինքնազոհաբերվում են` հանուն ուրիշ կյանքեր խլելու: Այս «ոլորտի» վիճակագրությունը հուշու°մ է, որ նման ծրագրերի «կնքահայրերը» ինքնասպան մահապարտների պակաս չեն զգում. ահա թե որն է, թերևս, ամենասոսկալի իրողությունը: Եվ մեծ զոհասեղան դարձած Կովկասում շարունակվում են դավադիր հարձակումները: Այստեղ արձանագրվող ամեն գրոհից հետո հատկապես հետխորհրդային մյուս տարածաշրջաններում, ասում են` թեթևացած շունչ են քաշում. ընդհատակայինները դեռևս զբաղված են «իրենց» Կովկասով: