Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ԱՅՍ ԱՄԱՆՈՐԻՆ 

ԹՎԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.

Խանութից շուկա նախատոնական վազքը միայն ուտեստներ գնելու համար չէ: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով փորձում է նաև հաճելի անակնկալներ մատուցել մտերիմներին` նվերի տեսքով: Բայց Նոր տարին հանկարծակի չի գալիս. ուրեմն ինչո՞ւ նվերները նախապես չպատրաստել: Իսկ ի՞նչ նվիրել, որը նաև խորհրդանշա կան կլինի` օգտակարից զատ: Թվագուշակների այս առաջարկը, կարծում ենք` կօգնի ձեզ, որպեսզի ինքնատիպ լինի մեր նվերը:

Իհարկե, նվերներ մատուցելու եք մտերիմներին ու հարազատներին, որոնց ծննդյան օրը, ամիսն ու տարին, անշուշտ, գիտեք: Ուստի գումարեք դրանց բաղադրիչ թվերը: Դիցուք, տվյալ մտերիմը ծնվել է 1992 թ. փետրվարի 5-ին. 1+9+9+2+2+5=28-2+8=10-1+0=1: Այսինքն, նրա նվերն ընտրելուց հաշվի առեք 1 թվի խորհուրդը:

ԹՎԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.

1.Նախ փորձեք հստակեցնել, թե «1»-ի տիրոջ համար ո՞րն է ավելի նախընտրելի` նվերի օգտակարությո՞ւնը, թե՞ ինքնատիպությունը: Նույնիսկ կարելի է հենց նրա հետ ընտրել իր նվերը: Օրինակ, կարո՞ղ եք նրա հետ գնումների գնալ ու իբր իմիջիայլոց` կարծիք հարցնել ձեզ դուր եկած իրի մասին: Ոչինչ չկասկածելով` նա անկեղծորեն կհայտնի իր կարծիքը: Դրանից էլ լավ հուշում: Հաշվի առեք, որ «1»-երը փոքր-ինչ քմահաճ են, և նրանց ոչ այնքան նվերի արժեքը, որքան օգտակարությունը կամ ինքնատիպությունն են հրապուրում:

2.Նա պրակտիկ անձնավորություն է, և չարժե նրան տան կամ աշխատասենյակի արձանիկներ, ինչ-որ զարդեր նվիրել: Մտաբերեք, թե ինչով է նա սիրում զբաղվել, հիշեք, թե ինչ է սիրում կրել: Դիցուք, եփող-թափող կանայք կգոհանան խոհանոցում պիտանի «գործիքներ», գուցե` պայուսակ. իսկ տղամարդկանց երևի դուր կգա միրգը ձևավոր կտրող դանակը, բացիչը` կամ` սեղանի լամպը, գուցե նաև գրպանի լապտերը: Եվ պարտադիր չէ նրանց նվերները հատուկ փաթեթավորել. դրանց գեղեցիկ տուփը նույնպես նրանք կօգտագործեն պրակտիկ այլ նպատակով:

3.Ստեղծագործական միտք ունեցող ու ինքնատիպ այս մարդկանց նվերն էլ պետք է հոգեմոտ լինի նրանց. այդ դեպքում ոչ միայն նրանց ինքնասիրությունը կշոյեք, այլ ինքներդ կշոյվեք` անսահման երախտիքից: Օրինակ, կարելի է նրբաճաշակ նկար նվիրել, որը կզարդարի նրա սենյակը, կամ` նուրբ գլխաշոր: Լավ կլինի, որ ոչ միայն նվերն ինքնատիպ լինի, այլև` մատուցումը: Դիցուք, կարելի է նվերը ծածուկ մի անկյունում թողնել, որը նա կհայտնաբերի ձեր գնալուց հետո: Կամ, եթե նա բարձրահարկ շենքում չի ապրում, ապա կարելի է թակել պատուհանն ու պատուհանից հանձնել ընծան...

4.Այս մարդկանց համար հաճելի են Նոր տարվանն առնչվող նվերները. նրանք սիրում են տարբեր արձանիկներ, գավաթներ, բացիկներ ու փափուկ խաղալիքներ, որոնց վրա պատկերված է տվյալ տարվա տեր կենդանակերպը: Նրանց դուր են գալիս նաև ամենատարբեր տնային իրեր` սրբիչներ, անկողնու պարագաներ, բայց տվյալ տարվա բնորոշ գույներով: Օրինակ, 2016-ը կարմիր Կապիկի տարին է, ուրեմն պետք է նվիրել կարմիր սրբիչ` կապիկի մռութով...

5.Գործի մարդիկ գործնական նվերներ են սիրում: Նրանց կարելի է աշխատասեղանի պարագաներ նվիրել, ինքնատիպ դրամապանակ կամ ավազի ժամացույց: Գումար ունենալու դեպքում` նոութբուք կամ գրպանի ժամացույց: Միայն թե չմոռանաք նրանց նվերը շքեղ փաթեթավորել. 5-երը սիրում են շքեղություն: Ի դեպ, նրանց հանդեպ ձեր շռայլությունը անպատասխան չի մնա. նույն արժողությամբ նվեր կստանաք նրանցից:

6.Նրանք սիրում են գեղեցկություն, ասել է թե` նրանց նվերներն էլ պետք է գեղեցիկ լինեն: Դրանք, կարող են հասարակ լինել, բայց հիացմունք շարժող կամ ինքնատիպ փաթեթավորմամբ: Կանանց կարելի է նվիրել աչքի ընկնող հերկալներ, քարերով զուգագուլպաներ, տղամարդկանց թանկարժեք տեսք ունեցող, թեկուզ` ոչ թանկ արժեցող գոտիներ, ժամացույց, դրամապանակ: Ամենակարևորը հանդիսավոր կերպով ու շուքով մատուցելն է. այնպես, որ շրջապատում տեսնեն, թե ինչ ընտիր նվեր և ինչ մեծ սիրով են նվիրում: Նրանց համար դա գնահատանք է, սիրելու նշան:

7.Այս թվի «տիրոջ» համար կարևորը ուշադրությունն է, այլ ոչ թե նվերը: Օրինակ, եթե վերջերս նա վատառողջ է եղել, անչափ կուրախանա նույնիսկ տաք կիսագուլպա ստանալով: Ոչ այն պատճառով, որ ունի դրա կարիքը, այլ` որ մտահոգվել եք իր առողջությամբ: Իհարկե, ձեր ուշադրությունն արտահայտող նվերը պետք է գեղեցիկ տուփով կամ տոպրակով մատուցվի` ջերմ մաղթանքների ուղեկցությամբ: Եթե նրանք սիրում են անակնկալներ` նվերը տալու լավագույն տարբերակը կլինի այն աննկատ թողնել նրա աշխատանքային սեղանին, կամ տանը` մահճակալի կողքին: Ի պատասխան` դուք էլ նրանից կստանաք նույնքան բարի նվեր` շատ խնամքով ընտրված:

8.Նրանք 2016-ից հրաշքների են սպասում. ահա թե ինչու անակնկալը պետք է հրաշքի նման անսպասելի լինի: Օրինակ, նրան անծանոթ (բայց, իհարկե, նվիրողին լավ ծանոթ) մեկը կանգառում կամ աշխատավայրի մոտ գեղեցիկ հաճոյախոսություններով մատուցում է... թեկուզ փափուկ մի խաղալիք: Կամ` «պատահական» հանդիպում վաղեմի բարեկամի հետ (իհարկե` ձեր նախաձեռնությամբ) և այդ հանդիպման առթիվ սրճարան հրավիրել: Մի խոսքով, առանց վառ երևակայության, 8-ին անակնկալ չես նվիրի:

9.Ավելի լավ է նրանց հրավիրել որևէ սրճարան կամ ռեստորան և հաճելի երեկո պարգևել: Եթե ձեր սրտի ասպետն (կամ սրտի դիցուհին) է նա, չեք սխալվի Ամանորի երեկոն այլ քաղաքում կամ երկրում նախապատրաստել: Ինչ խոսք, դրա համար լրացուցիչ գումարներ են պետք, ու եթե այս տարի չհասցնեք, 2016-ը ձեր տրամադրության տակ է` խնայողություններ տնտեսեք: Իսկ առաջիկա Նոր տարին դիմավորել այն Ամանորի նման, որը միշտ հաճույքով եք հիշում: Ցանկալի է 9-ին համոզել, որ իրենից է կախված նորեկ տարվա հաջողությունը. այսինքն. գնումները` նրա ճաշակով, հյուրերին ընդունելն ու ճանապարհելը` նրա հետ միասին, հյուր գնալը` նրա ընտրությամբ: