ԱՊՐԵՆՔ ՀՈՒՅՍՈՎ...


Լիարժեք ապրելու համար ուշադիր եղիր շրջապատողներիդ հանդեպ... Էռնեստ Ֆրոտերդամցի Բոլորիս է ծանոթ Կարմիր Խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքը` մարդասիրություն: Վերջինիս բազմաթիվ դրսևորումների ականատեսն է եղել հայ ժողովուրդը` սկսած 1988-ից, երբ Հայաստանի հիմքերը ցնցեց աղետալի երկրաշարժը: Ու հենց երկրաշարժից անմիջապես հետո բազմաթիվ բարեգործական ընկերությունների հետ նաև Գերմանական Կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի շնորհիվ առաջընթացի նոր տեղաշարժեր նկատվեցին Հայաստանում: Այսօր շատերը երախտիքով են հիշում ԳԿԽ-ի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի ներկայացուցիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Գերհարդ Մայերին, ով իր և իր մտերիմների ջանքերով ու «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության օժանդակությամբ 1994 թ.-ից Երևան քաղաքում հիմնեց բարեգործական ճաշարաններ: Եվ արդեն 12 տարի է, ինչ Երևանի 2 համայնքներում գործում են նմանատիպ ճաշարաններ, որտեղ փորձում են սոցիալապես անապահով 600 ծերերի կարիքները փոքրիշատե բավարարել: Իսկ մի մասը (շուրջ 40 միայնակներ), ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց առօրյա հոգսերը, սպասարկվում են «Տնային խնամք» ծրագրի շրջանակներում (ծրագիրը իրականացնում են Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Աջափնյակ համայնքները): Ծրագրի շրջանակներում նրանց սպասարկում են նաև բժիշկ-կոորդինատորները, սոցիալական քույրերը և կամավորականները, որոնք անհրաժեշտ սոցիալական, բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր են հասցնում նրանց: Հենց նույն «Գթության խոհանոցի» ներքո գործող «Մանկական սնունդ» ծրագիրը ֆինանսապես օժանդակելով Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի և Բերդի համայնքային և ոչ պետական կառույցներին, հովանավորում է հատուկ կարիքներով երեխաներին: Գերհարդ Մայերի ողբերգական մահից (2001 թ.) հետո նրա մարդասիրական գաղափարները կրողներն ու ծրագրերը շարունակողները ընկերներն ու նրան ճանաչողներն են` քահանա Կառլ Հայնց Շայդեի գլխավորությամբ: Իսկ դրա հավաստիացումը կարող ենք համարել Քանաքեռ-Զեյթուն համայնքում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի բացումը, որը համընդհանուր ոգևորություն էր առաջացրել համայնքում: «Հույսի տանը» նույնպես պետք է իրականացվի «Գթության խոհանոց» ծրագիրը` իր «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» բաղադրիչներով` նախատեսված սպասարկելու շուրջ 300 ծերերի: Ինչպես նշեցին Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ծրագիրն իրականացվել է քաղաքապետարանի, թաղապետարանի և ԳԿԽ-ի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի (որտեղ, ի դեպ, դրամական հանգանակությունը կատարել էին շարքային քաղաքացիները) համատեղ աշխատանքների շնորհիվ: Ներկա հոգևոր այրերը լրացրին «Հուսո տան» բացման խորհուրդը` օծելով այն և օրհնությամբ ու աղոթքով ևս մեկ անգամ հավաստիացրին, որ հույսը, սերն ու հավատը ամենաթանկն են, որ ընծայել է Աստված մարդուն: Օրը նշանավորվեց միջոցառմանը ներկա գտնվող երկու կողմերի համար էլ. Գերմանական Կարմիր Խաչի ոսկե և պատվո շքանշանների արժանացան Հայաստանում Կարմիր Խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը և փոխնախագահ Մովսես Պողոսյանը: Իսկ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը գերմանական կողմի ներկայացուցիչներին հանձնեց պատվոգրեր ու վկայագրեր` հայ-գերմանա կան բարեկամական կապերի ամրապնդման գործուն աջակցության և սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Ծերերի կողմից շնորհակալության խոսքերին փոխարինեցին նրանց բոլորի աչքերում ցոլացող արցունքները:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ