ԱԴՐԲԵՋԱՆԱ - ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԱՆԲԱՐՈ ԱԼՅԱՆՍԻ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ 


 

Հունգարիայում լույս է տեսել լուսանկարչական գրքույկ, որտեղ պատկերվում է Աղդամը` հռչակվելով այն «ադրբեջանական Հիրոսիմա»:… Աշխարհի մոտ երկու հարյուր խորհրդարանի են ուղարկվել Շուշիին և Աղդամին նվիրված հունգարա-ադրբեջանական քարոզչանյութերը: Եվ տարօրինակն ու զարմանալին այն է, որ այդ խորհրդարաններից ոչ մեկը չի բարձրաձայնում, չի կամենում գնահատական տալ այս ամենին: Այս անտարբերությունը կարող է ճակատագրական լինել հենց լռող տերությունների համար, որոնք կարող են մի օր դեմառդեմ կանգնել այն ամենի առջև, ինչին վաղուց բախվել են Հայաստանն ու հայ ժողովուրդը...…

Ռամիլ Սաֆարովի թեման փակված չէ: Հայկական տարբեր կառույցներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են իրենց պայքարը ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը դատապարտելու և հունգարա-ադրբեջանական անամոթ գործարքը իրավական հարթություն տեղափոխելու համար: Հենց վերջերս Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում իր ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն ասաց.

- Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Չնայած հնչեցված քննադատությանը, մի շարք երկրներ ու կազմակերպություններ շարունակում են լռություն պահպանել` տպավորություն ստեղծել, թե անտեղյակ են կատարվածին, թե Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների կենսագործած անամոթ գործարքն իրենց չի հետաքրքրում... Գուցե ոմանց կրավորականությունն ու կողմնակալությունն են առիթ տվել Հունգարիայի իշխանություններին` վերածվելու ադրբեջանական յուրատեսակ քարոզչամեքենայի, տարածելու կեղծ տեղեկություններ, ստահոդ փաստարկներ, աղավաղելու պատմական ճշմարտությունը: Իսկ օրերս էլ, լծվելով ադրբեջանական կեղծարարության նոր «գործընթացներին», Բուդապեշտը նամականիշ է «թխել», որը նվիրվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի հնամենի մշակութային կենտրոն Շուշի քաղաքի գրավման 20-ամյակին»:

Հազիվ թե Հունգարիայում չիմանային, որ հայահիմն ու հայաբնակ Շուշին ոչ թե գրավվել, այլ ազատագրվել է, որ «Ադրբեջանի հնագույն մշակութային կենտրոն» հասկացութ յունը պատմություն ու մշակույթ չունեցող ազերիների կեղծիքն ու միֆն է, որ Շուշին եղել ու մնում է հայկական բարձր մշակույթի ու քաղաքային կենցաղի հանգրվաններից մեկը... Հունգարիայի կառավարությանը, սակայն, այս ամենը չի հետաքրքրել: Այստեղ շարունակելով «վայելել» Ալիևի կողմից ընծայաբերված դոլարները` շարունակում են հակահայկական քաղաքականության արմատները խորացնել` այսպես մարտահրավեր նետելով ողջ աշխարհին, այսպես հեղինակազրկելով Եվրոպական միությունը, որի անդամ է Հունգարիան:

Հունգարիայի վարչապետն ու հանձնակատարները շատ լավ գիտակցում էին, որ իրենց քայլը ոչ միայն անբարո է, այլև ավերում-ոչնչացնում է բոլոր պատկերացումները մարդկային արժեքների մասին: Սակայն երկմտելու, սեփական գործողությունները քննարկելու կարիքը չունեին այստեղ, քանզի համոզված էին, որ կգտնեն համախոհներ, եվրոպական ընտանիքի մեջ կգտնեն պաշտպաններ և աջակիցներ: Այդպես էլ Եվրամիության նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քաջություն չունեցան խստագույն դատապարտումի խոսքեր հնչեցնել, քննարկել Հունգարիայի` նշյալ կառույցներին անդամակցության նպատակահարմարության հարցը: Նրանք բավարարվեցին «կսմիթներով»` մեկ անգամ ևս հավաստելով, որ ծերուկ Եվրոպան առաջնորդվում է սեփական շահերով ու շահագրգռություններով` մարդասիրությունն ու քաղաքակրթությունը սպասարկու դարձնելով նեղլիկ ընկալումներին, քաղաքական շահատակություններին: Աշխարհի տարբեր երկրներում հավանաբար կարծում են, թե աշխարհը դեռևս գտնվում է քսաներորդ դարասկզբին, երբ քաղաքակիրթ հռչակված մի շարք երկրների աչքերի առջև իրականացվեց Ցեղասպանությունը: Գերմանիան և Անգլիան յուրովի աջակցեցին Օսմանյան Թուրքիային ու երիտթուրքերին, Ֆրանսիան կրավորական կեցվածք ընդունեց, այլ երկրներ չուզեցին գնահատական տալ ողբերգությանը, որն այդ դեպքում արդեն միայն մեկ ժողովրդի ողբերգություն չէր: Ցեղասպանությունը առավել ցինիկ ու համարձակ դարձրեց Թուրքիային, ֆաշիզմի տարածման համար նպաստավոր պայմաններ ստեղծեց:

Հիմա նորից, երբ գերտերություններից ոմանք շարունակում են մերժել Ցեղասպանությունը, իսկ Հունգարիայում և Ադրբեջանում կատարվածի առջև էլ փակել աչքերը` աշխարհը կանգնում է ֆաշիզմի մի նոր դրսևորումի առջև: Եվ ֆաշիզմի նոր հայրենիքներ են դառնում հենց նշյալ երկրները, որոնք միակամ են դարձել հակահայկական քարոզչության հարցում, որոնք իրենց ցինիզմի մեջ հասել են ծայրահեղ մի սահմանի, որը հանդուրժելն այլևս անհնար է: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ