Հատուցում են պահանջում


 

Երկու օր առաջ Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշմանը: Այն մշակելու է 1940-1991 թթ. սովետական «բռնակցման» պատճառած վնասների հատուցման վերաբերյալ դրույթները` ՌԴ հետ բանակցելու համար: Եվ մինչև հունիսի 14-ը հանձնաժողովը պետք է ներկայացնի իր առաջարկությունները:

Ի դեպ, 1990 թ. իր անկախությունը վերականգնելուց անմիջապես հետո Լիտվան վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել. երկրի քաղաքացիներն էլ համապատասխան հանրաքվե են ակնկալում:

Թե ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանն այս պահանջատիրությանը` դժվար չէ ենթադրել: Վերջին հաշվով ՌԴ-ն ԽՍՀՄ պաշտոնական իրավահաջորդը չէ` եթե նույնիսկ այն տարիներին Մոսկվան թե´ ԽՍՀՄ, թե´ ՌՍՖՍՀ մայրաքաղաքն էր: Լիտվայի` Ցեղասպանության և բնակչության դիմադրության հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Բուրաուսկայտեն անգամ անհուսալի է համարում վնասի փոխհատուցման հնարավորությունը: Դեռ ընդհակառակը`

- Նրանք նույնիսկ ապացուցում են, որ մեզ շատ միջոցներ են տրամադրել, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցել. ըստ էության` այդ մենք ենք նրանց պարտք,- փաստարկել է Բուրաուսկայտեն` հավելելով, որ եթե խնդիրն առաջիկա տարիներին չլուծվի, դրա ժամանակը դեռ գալու է:

1991 թ. երկկողմանի պայմանագրում Ռուսաստանը խոստովանել է, որ 1940 թ. Խորհրդային Միությունը բռնագրավել է Լիտվան` խախտել դրա ինքնիշխանությունը: Ընդգծենք` Խորհրդային Միությունը, այլ ոչ թե ՌԴ-ն:

Ինչ վերաբերում է պաշտոնական Վիլնյուսի պահանջատիրությանը, ապա դա լիովին հիմնավոր է ու գոնե մեզ` հայերիս համար ծանոթ ցավ է ու ընդվզում: Այնտեղ հաշվարկել են, որ տոտալիտար վարչախմբի հանցագործությունների, այդ թվում և ցեղասպանության արդյունքում Լիտվան կորցրել է իր բնակչության 1/3-ը: 1940-1952 թթ. երկրից հեռացել է 444 հազար մարդ, ռազմաճակատում զոհվել են 25 հազարը, իսկ աքսորներ ու ճամբարներ են ուղարկվել 275 հազար լիտվացիներ: 20 հազարն էլ զոհվել են «բռնակցման» դեմ պայքարում: Ու հիմա ՌԴ-ին ներկայացվող վնասի չափը կազմում է 80 միլիարդ լիտ (շուրջ 31 մլրդ դոլար):