Մի քանի օրից մարտի 1-ն է


…Արդեն քանի ամիս է` մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը աշխատում է: Թերևս չի բացառվում, որ խորհրդարանը որոշի երկարաձգել հանձնաժողովի (նախագահ` Սամվել Նիկոյան) լիազորությունների ժամկետը: Ի՞նչ կփոխվի դրանով: Մի պահ ոմանք կարծում էին, թե մարտի 1-2-ի իրադարձութ յունները ժամանակի հետ կմոռացվեն: Բայց ամսաթվերը չմոռացվելու, ավելին, կրկնվելու հատկություն ունեն: Ու մի քանի օր հետո մարտի 1-ն է` դարձյալ գարնան առաջին օրը, ու ընդդիմությունը դարձյալ հանրահավաքի է հրավիրում ու էլի դարձյալ` քաղաքապետարանը չի արտոնել այն, իսկ ԵԽԽՎ` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն մտահոգություն են հայտնել այդ առնչությամբ. «Հայաստանի իշխանությունները պետք է ամբողջովին հարգեն հավաքների ազատության սկզբունքը»,- հայտարարել են համազեկուցողները… Ստացվում է, որ մենք շարունակում ենք Եվրոպային հնարավորություն տալ մեր նկատմամբ ճիպոտի քաղաքականություն վարելու: Ընդհանրապես, հանրապետության նախագահի ընտրություններին միշտ նախորդել և հաջորդել է քաղաքական դաշտի ակտիվացումը: Դա բնական և հատուկ է ոչ միայն Հայաստանին: Սակայն վերջին` 2008 թ. հետընտրական զարգացումներն ու ներքաղաքական լարվածությունն արդեն մեկ տարի է` չենք կարողանում հաղթահարել: Քաղաքական ճոճախաղի արդյունքում որոշ ժամանակ անց ընդդիմությունն ու իշխանությունը տեղերով փոխում են, և դա կատարվում է առանց հարայ-հրոցի: Թարմ օրինակը ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունն է. հանրապետական նախագահին փոխարինեց դեմոկրատ Օբաման: Սակայն այդ երկրում հանրապետականներն ու դեմոկրատները թշնամիներ չդարձան, այդ երկրում մարտի 1-2 չեղավ, արյուն չթափվեց: ԱՄՆ-ում Օբամայի երդման արարողությանը ներկա էին Ամերիկայի 2 մլն քաղաքացիներ. անցած ապրիլին Երևանում մեր Նախագահի «թագադրման» օրը Ազատության հրապարակում բացի զինվորական ներից ու գարնան գիժ քամուց, ուրիշ ոչ ոք չկար… Ինչի՞ց է, որ մեզանում ընդդիմություն-իշխանություն հակադրությունը միշտ կոշտ բախման է վերածվում: Նախկին ընդդիմության` «Արդարություն» դաշինքի հանրահավաքներից մեկի ժամանակ փողոցում կայանած մեքենաներից մեկի վարորդը (հետո պարզվեց` ընդդիմությու նից էր) վիճում էր մի խանութի սեփականատիրոջ հետ` սպառնալով, թե` «Սպասի°, հաղթենք, իշխանությունը վերցնենք` բոլորիդ ունեցվածքները խլելու ենք»: Սա մեր` հայկական այսօրվա ժողովրդավարության ու ներքաղաքական պայքարի բնորոշ օրինակ է: Հետո էլ զարմանում ու զայրանում ենք, թե ինչո՞ւ է մեզանում ընդդիմությունը միշտ պարտվում, ինչո՞ւ Նախագահի երդմնակալությանը հիմնականում ներկա են լինում այսպես ասած, յուրայինները: 88-ին Ղարաբաղով սկսված մեր շարժումն, իրոք, ամենաժողովրդավա րականն էր ողջ ԽՍՀՄ-ում: Մենք` հայերս, չէինք հեռացել մեր արմատներից և չէինք մոռացել, որ դեռևս հին Հայաստանին էր հատուկ ժողովրդավարությունը. մեր ապուպապերը աշխարհաժողովների միջոցով էին որոշում համազգային նշանակության հարցերը: 88-ին մենք էլ այդպես վարվեցինք, բայց հետո… Հետո արժեքային համակարգ փոխվեց, հետո «Մի° վախեցիր» ֆիլմի դրական կերպարը` Արամյանը, ստիպված էր պատերազմում զոհվել, որովհետև հաղթանակած երկրում իր նմանների համար այլևս տեղ չկար… Ղարաբաղն այսօր նոր Հայաստանի փորձաքարն է: Իշխանությունների հետ ընդդիմության բոլոր վեճերում Ղարաբաղի թեման մշտապես առկա է: ԵԽ-ում էլ մեր թշնամիները մեր ներքին խնդիրները շահարկում են` Ղարաբաղի հարցում առավելության հասնելու համար: Թե չէ, նրանց շատ պե¯տքն է` մենք ժողովրդավար կլինենք, թե՞ չէ, մենք եվրոպական արժեքներ կդավանե՞նք, թե` չէ: Ժողովրդավարությունը մե°զ է հարկավոր: Մե°զ է հարկավոր նաև մե°ր արժեքահամակարգը վերականգնելը, այն արժեհամակարգը, որով ոտքի ելանք և հաղթեցինք 88-ին ու Եվրոպան, ողջ աշխարհը բերանը բաց մնացին: Այդ տարիներին էր, որ Եվրոպան ու ընդհանրապես, Արևմուտքը Հայաստանը համարեց Կովկասում ժողովրդավարության կղզի: Այն ժամանակ մենք Եվրախորհրդին չէինք անդամակցում: Այսօր ԵԽ-ում պատվիրակություն ունենք, բայց ԵԽ-ն մեր ժողովրդավարության հարցով բանաձևեր է ընդունում ու մեզ կոչ անում հավատարիմ լինել ժողովրդավարության սկզբունքներին… Մի քանի օրից մարտի 1-ն է, հանրահավաք է, ու քաղաքապետարանն այն չի արտոնել կազսմակերպիչների նախընտրած վայրում: Պատճառներից մեկն էլ, երևի այն է, որ արմատականների նպատակը իշխանությունների հետ երկխոսություն սկսելը չէ: Մինչդեռ սկզբունքային առողջ երկխոսությունը կօգնի մեր ներսում կուտակված խնդիրները լուծելուն: Հանրահավաքն էլ երկխոսության մի ձև է: Հանրահավաքը մեր ապուպապերի աշխարհաժողովներն են… …Իսկ ո՞վ կարող է պնդել, որ մեկ տարի առաջ գարնան առաջին օրը խժդժություններին զոհ գնացած 10 քաղաքացիների (որոնց շարքում էին նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող իրավապահներ) հիշատակը հարգելու նախաձեռնությունն իշխանություննե°րը չեն ստանձնելու:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ