«ՇՆԱԹԱՓՈՒՄ», բայց` հայավարի


«Շունը մարդու բարեկամն է» հայտնի արտահայտությունը քաղաքացիներից շատերին վերջերս հաճախ նյարդայնացնում է: Իհրակե, խոսքը թափառական շներին է վերաբերում և այն քաղաքացիներին, ովքեր ամեն գիշեր քնում են «շնային սերենադների» ներքո, ովքեր վաղ առավոտյան և մթնշաղից հետո դրսում են լինում, և ի վերջո` հասցրել են դառնալ «շան ճաշակելիք»: Իրոք որ, բարեկամության մասին խոսքն այս պարագայում առավել քան ավելորդ է: Այդուհանդերձ, շների անցանկալի իշխանութ յունը փողոցներում ու բակերում կա և գնալով ամրապնդվում է: Երևույթի տհաճ ու վտանգավոր լինելու պատճառով բազմիցս բողոքել ու բողոքում են, իսկ խնդրով զբաղվող համապատասխան մարմիններն այնքան էլ չեն նիրհում. նրանք արդեն վաղուց սերտել են, ըստ իրենց, համոզիչ պատասխաններ` «ստերիլիզացնում ու վնասազերծում ենք», «ամեն ինչ լավ է…»: Երևանում թափառող շների խնդրով զբաղվող «Յունիգաֆ իքս» կազմակերպության տվյալներով` 2009¬ին վնասազերծվել է 29.166 շուն, ստերիլիզացվել` 7045¬ը: 2010¬ին` համապատասխանաբար` 24.210 և 11.610 շուն: 2011¬ի հունվարին վնասազերծվել է` 1875 և ստերիլիզացվել է 419 շուն: Մի պարզ հարց է ծագում. գլխապտույտ առաջացնող թվերի այս փունջը քաղաքացիներին հուզող խնդրին որքանո՞վ է լուծում տվել… - Թափառող շների քանակի ավելացում, համենայնդեպս, չի գրանցվել: Դրա վերահսկումը շատ դժվար է, որովհետև թափառող կենդանիների նկատմամբ հետևողական պայքար միայն Երևան քաղաքում է տարվում. մարզերը դուրս են մնում,¬ նշում է «Յունիգաֆ իքս» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը` հավելելով, որ մարզերից շների հոսք կա դեպի մայրաքաղաք: - Թափառող կենդանիներն այնտեղ են, որտեղ կա ուտելիք, իսկ Երևանում սննդի օբյեկտները շատ են ու բազմազան,¬ նշեց նա: Փաստորեն, ստացվում է` «Յունիգաֆի» գործունեության սկզբից` 2006¬ից մինչ օրս սիզիփոսյան աշխատանք է կատարվել, որովհետև ո´չ մարզերն են շներից թեթևացել` նրանց ենթադրաբար Երևան ճանապարհելով, ո´չ էլ մայրաքաղաքն է շնային «բեռը» թոթափել: Ինչու է այսչափ ծախսատար նախագիծն ապարդյուն… մեկ շան ստերիլիզացումը, որը ենթադրում է վիրահատական միջամտությամբ ստերջացում, արժե շուրջ 9500 դրամ, իսկ վնասազերծումը` քնեցումը` մոտ 2500: «Յունիգաֆն» ունի շների համար նախատեսված հատուկ ժամանակակից կլինիկա: Կազմակերպության պատվիրատուն էլ Երևանի քաղաքապետարանն է: Միայն 2010¬ին «շնաթափման» այս ծրագրին 120 մլն դրամ է հատկացվել: Գուցե փողեր շատ ունենք ծախսելու, բայց հարմար առիթնե՞րն են քիչ… - Ստերիլիզացված կենդանին շարունակում է նաև հետագայում վարակակիր մնալ. ճիշտ է` վիրահատվելուց հետո նրանք պատվաստվում են, սակայն դեղամիջոցն ունի ներգործության միայն որոշակի ժամանակահատված: Չի բացառվում, որ մի քանի ամսից, երբ դեղի ազդեցությունը կորչի, ստերիլիզացված կենդանին վարակակիր և վարակ փոխանցող դառնա ու հարձակվի,¬ անասնաբուժական որոշակի նրբություններ ներկայացնում է Լ. Գրիգորյանը: Եվ ընդգրկուն մեկնաբանությունից անմիջապես հետո էլ, հարցին` արդյո՞ք արդյունավետ միջոց է ստերիլիզացումը` կազմակերպության փոխտնօրենը պատասխանում է. - Հարցը արդյունավետ միջոց լինելը չէ, այն մեթոդ է, որը կիրառում են ողջ աշխարհում: Ողջ աշխարհի հետ համեմատվելու շռայլությունը գոնե առայժմ պետք չէ, որ մեզ թույլ տանք. դրսում մարդիկ նախ իրենք իրենց համար են ժամանակակից ու հագեցած կլինիկաներ հիմնում, հետո` անցնում կենդանիներին: Հետո էլ, աշխարհում ցանկացած նախագծի հաջողությունը, կարծես, համապատասխան արդյունավետությունից են դատում: Թեև, ինչ վերաբերում է արդյունքների նկարագրությանը, ինչ խոսք, համոզիչ լինելուց մի քիչ էր պակաս: - Քաղաքում այն իրավիճակն է, որ ցանկացած քաղաքացի օրվա ցանկացած ժամի կարող է տեղաշարժվել, և նրան թափառող շներից վտանգ չի սպառնում: Իրականությունը, սակայն, այլ փաստեր է արձանագրում: Ինչևէ, թափառող շների դեմ պայքարը մեզանում մի տեսակ նման է «ձին հետևի կողմից սանձելուն»: 2006¬ից մինչև 2011¬ը կարելի էր և գլխի ընկնել, որ եթե աշխատանքի արդյունքներն աննշան են, ուրեմն` կա´մ մեթոդը արդյունավետ չէ, կամ էլ` արդյունավետ չի կատարվում: Ինչն էլ նշանակում է` վաղուց արդեն ժամանակն է` այլ միջոցներ ձեռնարկել:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ