ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ պաշտոնական նոր կայքէջի շնորհանդեսը:


ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ օտար լեզվի կենտրոնի ռուսաց լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք: Այս օրը` Արցախյան տարեգրությունում 1988-ի փետրվարի 25-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին և հեռուստատեսության իր ելույթում խորհուրդ է տվել բոլորին. «Որ լինեն ողջախոհ, քաջիմացությամբ վերաբերվեն հայրենակից արցախահայության արդար պահանջին, թև-թիկունք լինեն Արցախին»: 1992-ի փետրվարի 25-ին սկսվեց Խոջալուի ազատագրման երկօրյա գործողությունը: 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հարձակումներին և «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-«Գրադ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության: Այդ ընթացքում պատանդվել է 700 հայ խաղաղ բնակիչ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել է էլեկտրա- և ջրամատակարարումից: Շարունակվող պաշարման, գնդակոծության, մեծ թվով փախստականների առկայության, վառելանյութի բացակայության, արդյունաբերական, այդ թվում` սննդի վերամշակող ձեռնարկու թյունների հարկադրական պարապուրդի, միջշրջանային ճանապարհների շրջափակման և այլ պատճառներով ԼՂՀ-ում և հատկապես Ստեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել: Հունվար-փետրվարին հացի ամսական չափաբաժինը չի գերազանցել 400 գ, և ամսվա վերջին սկսվել է սովը, իսկ որոշ բնակավայրերում բռնկվել են վարակիչ հիվանդություններ: Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն: Խոջալուի ազատագրման գործողությունն ավարտվել է 2 օրում: Սակայն նրա դեռ հենց առաջին օրը` 1992-ի փետրվարի 25-ին ԱՀ ընդդիմության պահանջով հրավիրված ԳԽ արտահերթ նստաշրջանում, Խոջալուի դեպքերի առնչությամբ պահանջվել է Մ-ի հրաժարականը, որը, խուսափելով արյունահեղությունից, հրաժարական է տվել: ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Սամվել Սարգսի [25.2. 1955, Երևան - 11.9.1992, գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան)], հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1980): 1972-74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1980-90-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գրական աշխատող: 1990-92-ին` ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ: Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988-92) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ («Հարավային դարպաս` Բերդաձոր, Հադրութ», «Բռնագաղթ. Մարտունաշենի կռիվը», «Դեպի ազգային միասնություն» և այլն): ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը , Ադրբեջանի հայաբնակ շրջաններում իշխանությունների բռնությունները: Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում: «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին: Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին` Վաղուհաս գյուղի համար մղված մարտում: Ապրել է 37 տարի: Թաղված է Երևանում: ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-92): Արժանացել է ՀԼԿԵՄ (1989), Թեքեյան մշակութային միության (1992) և ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» (1996, հետմահու) մրցանակների, պարգևատրվել ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով (1996, հետմահու): Երևանի թիվ 85 միջնակարգ դպրոցը (որի շրջանավարտն էր) կոչվել է նրա անունով, սրահում տեղադրված է նրա կիսանդրին (քանդակագործ` Ա. Իսակով, 1996): ՍԱՖԱՐՅԱՆ Կոմիտաս Խաչիկի [ծ. 25.2.1960, գ. Ներքին Բազմաբերդ (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում)], բժիշկ: ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2002): Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1984): 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1988-94-ին աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում, 1994-ից ծառայում է ՀՀ բանակում: 1990-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է ԼՂՀ (Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի). բուժօգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին, կազմակերպել վիրավորների տարհանումը: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» և «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով: ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լևոն Ռուբենի (ծ. 25.2. 1961, Երևան), զինվորական բժիշկ, նյարդավիրաբույժ: ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1992): Բժշկական գիտությունների թեկնածու (1995): Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1984) և Մոսկվայի Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրան (1986): 1986-ից աշխատում է Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում: 1992-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է Ստեփանակերտ. կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում կատարել է շուրջ 150 վիրահատություն: Աշխատությունները վերաբերում են նյարդային համակարգի ուռուցքային հիվանդությունների պլաստիկ վիրահատությունների կիրառման խնդիրներին: ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ Հովիկ Գրիշայի [25.2. 1973, ք. Մարտունի (ԼՂՀ) - 2.10.1992, «Ղուրուչուղ» բարձունք (Մարտունիի շրջան)], ազատամարտիկ: 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1985): 1990-92-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Գյուլափլուի, Մարզիլուի, Խոջավենդի, Վերին Վեյսալուի, Ամիրանլարի ազատագրական մարտերին: Աչքի է ընկել «Ղուրուչուղի» բարձունքի գրավման ժամանակ: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Թաղված է Մարտունիում: Զ. ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ՏՈՆՈՅԱՆՆ ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավոր, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ: Հյուրերի խնդրանքով Դ. Տոնոյանը ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակը: Երկկուստեք կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալիայի Հանրապետության դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իտալիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Վինչենցո Իանուչելլիին: