Հապաղում. ակամա՞,թե՞ միտումնավոր


 

 

Այն, որ արդեն թևակոխել ենք ընտրական տարի, և քաղաքական ուժերի միջև անզիջում ու հետաքրքիր զարգացումներով` խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ակնառու դարձավ ամանորյա խումհարից անմիջապես հետո: Խորհրդարանի «Ժառանգություն» և ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները խորհրդարանում համատեղ շրջանառության մեջ դրեցին ընտրություններում 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական փաթեթը: Որպես հիշեցում նշենք, որ անցյալ տարվա աշնանն ընդունված Ընտրական օրենսգիրքը սահմանում է խառը`` 41 տեղ մեծամասնական և 90 տեղ համամասնական ընտրակարգ: Դեռ աշնանը, երբ ԱԺ-ում սկսվել էին ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումները, հիշյալ խմբակցությունները ներկայացրել էին դարձյալ համատեղ հեղինակած այլընտրանքային օրինագիծ, որտեղ ի թիվս այլնի` առաջարկվում էր նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահմանել: Խորհրդարանը քվեարկության արդյունքում հավանություն տվեց իշխող կոալիցիայի ներկայացրած տարբերակին:

Ամանորյա տոներից հետո ընտրություններում 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահմանելու առաջարկին արձագանքեցին արտախորհրդարանական քաղաքական ուժերը: ՀՅԴ և «Ժառանգության» վերջերս կայացած համաժողովի օրակարգում ըստ էության մեկ հարց էր` ինչո՞ւ է իշխանությունը պնդում խառը ընտրակարգի անհրաժեշտությունն այն դեպքում, երբ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցում սկզբունքային տարաձայնություն ընդդիմության հետ չունի:

Հետաքրքիր, ինչ-որ հանելուկային իրավիճակ է առաջանում: Եթե համամասնական ընտրակարգը ընտրություններում գոյություն ունեցող բոլոր արատավոր երևույթներին բալասան չէ, ինչպես խոստովանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, ապա ինչո՞ւ են իր իսկ և «Ժառանգություն» կուսակցությունները պնդում ընտրություններն անպայման հենց այդ ընտրակարգով անցկացնելու հարցը: Պարզվում է` ըստ նրանց` մեծամասնական համակարգն է ընտրություններում լցոնումների, ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների ստեղծողը: Այսինքն, այդ ընտրակարգով ընտրվողներին, ըստ ընդդիմադիրների, իշխանությունները թույլ են տալիս նման ընտրախախտումներ անել` պայմանով, որ հետագայում նրանք ԱԺ-ում քվեարկեն իշխանությանը ձեռնտու որոշումների օգտին: Սակայն «պահանջատերերից» ոչ մեկի մտքով չի՞ անցնում, թե իսկ ի՞նչը իշխանություններին կարող է խանգարել` նույն կեղծարարներին օգտագործել նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում: Գուցե հենց սա նկատի ուներ «Հանրապետական» պատգամավորական խմբակցությունից Հովհաննես Սահակյանը` նշելով, որ համաժողովում ընտրակարգերից որևէ մեկի օգտին որևէ փաստարկ չհնչեց, ուստի «սա քաղաքական խնդիր է, և քաղաքական ուժերն են, որ պետք է որոշում կայացնեն այս խնդրի շուրջ»:

Ընտրություններում կեղծարարների և իշխանությունների իբր համագործակցության մասին չհնչած հարցի պատասխանը, «վատ քողարկված», բայց այնուամենայնիվ, թերևս առկա էր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի ելույթում: Վերջինս, բնականաբար, չէր կարող չօգտվել ՀԱԿ տեսակետների քարոզչությունն իրականացնելու, ընդդիմութ յան մեջ ՀԱԿ-ի առաջնային տեղ զբաղեցնելն ու դերը կարևորելու` ընձեռված հնարավորությունից:

Նա նաև չմոռացավ նշել, որ եթե համատեղ ջանքերով չհաջողվի ջախջախել ընտրությունների արդյունքները կեղծող մեքենան, «ժողովրդի կամքը նորից ու նորից բռնաբարվելու է, ինչը կարծում եմ` հիմք է դառնալու նորագույն ցնցումների»:

Ցնցումների թեմայով նրանց սպառնալիքներն արդեն հոգնեցնող են: Դեռ ընտրությունները չսկսված` ՀԱԿ-ն արդեն պարտվողի հոգեբանությամբ է համակվել:

Խնդիրն այն է, որ նորանկախ Հայաստանում 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելուն մշտապես դեմ է արտահայտվել իշխանությունը` անկախ այն հանգամանքից, թե ո՞ր քաղաքական ուժն է այն ներկայացրել: Եվ այժմ էլ քաղաքական այն ուժի ներկայացուցիչն է խոսում համամասնականի օգտին, որն անկախ Հայաստանի առաջին նախագահի օգնականն էր: Ո՞ւմ հասկանալի չէ, որ ՀԱԿ-ի պարագայում գործ ունենք «քաղաքական խանդի» դրսևորման հետ: Այլապես ինչու նա դեռ գարնանը, երբ սկսվել էին ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումները, իր ընտրական պլատֆորմով չէր միանում ՀՅԴ և «Ժառանգությանը»: Գրեթե նույնատիպ հարց է առաջանում նաև վերջիններիս պարագայում: Ինչո՞ւ այս նույնը չնախաձեռնվեց անցյալ տարի, երբ մինչև ընտրություններ դեռ բավական ժամանակ կար: Կամ մի՞թե միայն մեծամասնականի ու համամասնականի հարցն է, որ խնդիրներ է առաջացնում ընտրություններում: Թերևս, կարելի էր կրթական, դատվածություն չունենալու և այլ ցենզեր սահմանել խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար: Բայց իհարկե, ժամանակին, որպեսզի շտապողականություն չցուցաբերվեր:

Եթե անկեղծ` ապա ամենալավ ընտրությունները մենք ունեցել ենք 1990 թ., երբ արդյունքները գրեթե ամբողջովին համապատասխանում էին հասարակության քաղաքական նախընտրություններին: Իսկ այն ժամանակ ընտրություններն ընթացել էին կոմունիստական ժամանակների ընտրակագով: Այսինքն, խնդիրը և´ իշխանության, և´ ընդդիմության` արդար ընտրություններ ունենալու քաղաքական կամքն է: Թե չէ, իհարկե կարելի է անվերջ խնդիրներ առաջադրել ու նախապես շահարկել դրանք` ըտրություններում սեփական հնարավոր պարտությունը նախօրոք արդարացնելու համար:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ