ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԾԻԾԱՂՈՒՄ, ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Մանկությունը մաշվում, չարչարվում, կորչում Էր ցուրտ ու տխուր փողոցներում: Պատերազմ Էր: Եվ պատերազմի ահավոր սարսափն աչքերի մեջ պահած-նստվածք տված մարդիկ, հեռուներում թևեր ու ոտքեր, երիտասարդություն, ժպիտ կորցրած մարդիկ սովորական փայտ Էին տաշում-տաշտշում, այդ սովորական փայտին ծուռտիկ-մուռտիկ թևեր ու ոտքեր Էին կպցնում, գույնզգույն փալասներից շորեր հագցնում, աչքերի տեղ բալի կորիզներ, ապակու կտորներ Էին դնում, նրանց դեմքերին ծիծաղ Էին նկարում, որ մանկություն չտեսած երեխաները տիկնիկներ վաճառեն: Վաճառում էր այդ տիկնիկները, ծխախոտ ու հաց էր վաճառում: Կարոտում էր հոր նման տառապանք ապրած, հիմա չորս որբեր խնամող, գուրգուրող, տաքացնող մորը: Մի օր կինոմեխանիկի, մի օր էլեկտրիկի աշակերտ էր, մի օր տեքստիլում էր աշխատում, «Լենկոշում» էր լինում, դպրոց էր գնում: Նա չէր երազում արտիստ դառնալ... ...Օրերը չեն մեռնում, օրերը հուշ են դառնում, աչքերի մեջ խինդ լցնող քաղցր, կամ դեմքի խաղաղությունը սպիացնող, դեմքին կնճիռներ նկարող դառը հուշ: Հիմա գլուխն ափերի մեջ, լուսամատից դուրս է նայում, հիմա դեմքին կնճիռներ նկարող դառը օրերի հետ է: Ես նրա` մարդու մաքրության, մարդու լույսի համար անսահման հրճվանք ապրող աչքերի, նրա` մարդու չարության, մարդու օտարության համար խոր ցավ ապրող աչքերի մեջ տեսա մանկության օրերի տխուր կրկնությունր, նրա լռության մեջ լսեցի հեռավոր օրերի արձագանքը: Պատերազմը գողացել էր նաև նրա մանկությունը: Պատերազմը տառապանք կոչվող հասունացում էր տվել: Եվ հիմա, երբ փառքը, համընդհանուր ճանաչումը եկել, բարեկամացել են, հինը չի մոռանում: Ինչը՞ մոռանա: Ինչ-որ բան հիշեց, ժպտաց: Այդպես միայն Մհերն է ժպտում, այդպես համով, հոտով, հումորով միայն Մհերն է պատմում, մերթ անսահման տխրում է, մերթ ժպտում: Տեքստիլի ինքնագործ խումբը թաղի միակ ուրախությունն էր: Աշխարհում ինչ պիես կար, խաղում էին: Դե, խաղում էին, էլի... Դռների ու լուսամուտների ճեղքերից էր նայում, ծիկրակում: Այդ օրը խումբը «Նամուս» էր բեմադրելու: Ռուստամի Համբարձում ծառան երրորդ հերթի բանվոր էր, չէր եկել: Եկան, թե` մեր տղա, արի դու խաղա, ամենահարմարը դու ես: Փախավ, բռնեցին, զոռով բերին, մորթե փափախ դրին գլխին, մի հին չուխա հագցրին ու ասին` լավ է, շատ լավ է, երբ հերթդ գա, այս փլավը ձեռքիդ ներս կմտնես և կասես` ձին պատրաստ է: Դեռ ժամանակը չէր, սխալ ներս մտավ: Ռուստամն ու Սեյրանը տաք-տաք վիճում էին, կռվում Սուսանի համար: Մտավ ու ասաց` ձին պատրաստ է: Դահլիճում ծիծաղ պայթեց, Սեյրանն ու Ռուստամը զայրույթն իր գլխին թափեցին, դեմքին ուժեղ հարված իջավ` առ քեզ, ձին պատրաստ է: Մեկը գոռաց` փախի´ր... Ո՞ւր փախչի: Մտավ սեղանի տակ: Հետո տուն փախավ: Կարծես ծառերը, շենքերր հռհռում էին իր վրա: «Մինչև օրս նման ահավոր ծիծաղ չեմ լսել»: Առաջին հանդիպումը բեմի հետ...