ԵՎՍ ՄԻ ՍՑԵՆԱՐ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼ


Կազանյան հանդիպումը, որի մասին արդեն մեկ ամսից ավելի տարփողվում է մեր մամուլում և քաղաքական դաշտում` արդեն իրականություն է դառնում և բոլորիս կանգնեցնում նոր սպասումներին ու կանխատեսումներին հանդիման: Եվրոպական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նաև ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն, հայտարարում են, թե այսօր Կազանում, այնուամենայնիվ, ինչ-որ համաձայնագիր ստորագրվելու է, և կողմերի միջև արդեն կան որոշակի համաձայնություններ: Այս հայտարարություն ներին ի տրիտուր, հայկական կողմից էլ հնչում են կարծիքներ` որ ոչ մի համաձայնագիր էլ չի լինելու` առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Անտարակույս, հայկական կողմի դիրքորոշման համար որոշակի հույսեր են ներշնչում Դովիլյան հայտարարության մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ստատուս-քվոյի պահպանմանը, ինչպես և ակնարկվող հանրաքվեին, որը պետք է տեղի ունենա ղարաբաղցիների կամքի ազատ արտահայտմամբ: Սակայն, բոլոր դեպքերում, այսօր հայկական կողմը քննարկում է նաև անկանխատեսելի, բայց ներքուստ` ինչ-ինչ տրամաբանության մեջ մտնող սցենարներ, որոնց համար նույնպես կարող են ազդակներ հանդիսանալ դովիլյան «մեսիջները»: Ինչ համաձայնագիր էլ ստորագրվի, կամ ինչպիսի ավարտ էլ ունենա նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, բնականաբար հայաստան յան և ադրբեջանական հանրությունները պիտի մնան դժգոհ և չհամակերպվեն այն ջանքերին, որոնք ներդրել են համանախագահներն ու և նրանց ներկայացուցիչները: Իսկ համանախագահների համար առաջնայինը Մադրիդյան սկզբունքներն են, որոնք առաջին հերթին վնասում են Ղարաբաղի շահերին և մշուշոտ դարձնում Արցախի ապագան: Ադրբեջանն էլ իր հերթին կամենում է ինչպես այս հանդիպումից, այնպես էլ համանախագահների դիրքորոշումներից ավելին ստանալ` առավել ամրապնդելու իր դիրքերը և պետության ներսում հզորացնելու Ալիևի իշխանությունը: Իր իշխանությունն առավել ամրապինդ ու կայուն դարձնելու համար էլ Իլհամ Ալիևը հաճախ է զբաղվում հռետորաբանությամբ` հայտարարելով պատերազմի անխուսափելիության մասին: Օրերս այս մասին հայտարարություն արեց նաև ալիևյան դիվանագիտության ամենափորձված ներկայացուցիչներից մեկը` Այազ Ազիմովը` կազանյան հանդիպումը համարելով վերջին հնարավորությունը, որին կհաջորդի պատերազմը: Պատերազմի թեմային այսօր Ադրբեջանում շատերն են անդրադառնում, հատկապես մի շարք քաղաքական գործիչներ, մինչդեռ բարձրաստիճան զինվորականությու նը, որի մեծ մասը թաղված է կոռուպցիայի մեջ` լռություն է պահպանում: Լռության պատճառը պարզ է. ո՞վ, եթե ոչ ալիևյան գեներալիտետը լավ գիտի, թե ինչ բարոյահոգեբանական վիճակ է տիրում ադրբեջանական բանակում, թե ինչ տրամադրություններ կան զինվորականության շրջանում: Ադրբեջանի բանակը, բոլոր չափումներով, այսօր պատրաստ չէ պատերազմի, մինչդեռ չի բացառվում, որ հանուն արկածախնդրության և սեփական վարկանիշի բարձրացման, Ալիևը զերծ չմնա պատերազմական գործողություններից: Հենց այս հանգամանքն էլ հուշում է մի նոր սցենար, որի մասին, չգիտես ինչու, Ադրբեջանում չեն մտածում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում Ղարաբաղը մենակ չի մնա. Հայաստանից զատ այս գործողություններին կարձագանքեն այլ ուժեր, առաջին հերթին` Ռուսաստանը, որի ռազմական շահերին ևս կվնասի ցանկացած զինված գործողություն: Սակայն այստեղ շատ ավելի կարևորվում է վրացական տարբերակը, որի մասին չի մտածում Ադրբեջանը և չի կամենում դասեր առնել ոչ վաղ անցյալից: Հայկական բանակն, իհարկե, կտա համապատասխան հակահարված և հետ կշպրտի ադրբեջանական ուժերին` անգամ հնարավոր համարելով պատերազմական գործողությունների տեղափոխումը Ադրբեջանի բուն տարածք` այսպես ավարտին հասցնելու համար այն ընթացքը, որը կասեցվեց մեր կամքի արտահայտությամբ 1994 թվականին: Այն ժամանակ հայր Ալիևը զգաց, որ իր աչքի առջև ոչնչանում է ինքնածին Ադրբեջան պետությունը, որ հայկական կազմավորումներն արդեն մոտենում են ճակատագրական նիշին: Այսօր կարող է այդ նիշն առաջ գնալ: Բայց խնդիրը միայն այս չէ: Դովիլյան հայտարարության մեջ առկա էին ենթատեքստեր, որոնց մասին Ադրբեջանում հարկ է, որ մտածեն: Այդ ենթատեքստերը վերաբերում էին Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Իհարկե, «բաց տեքստով» ոչինչ չէր ասվում, սակայն կոչ անելով հեռու մնալ ռազմական գործողություններից և իրավիճակի լարումից` համանախագահները որոշակի նախազգուշացում էին հնչեցնում: Իսկ այդ նախազգուշացումն առաջին հերթին վերաբերում էր Ադրբեջանին և նրա կեցվածքին: Բառացիորեն մի քանի տարի առաջ պատերազմական գործողություններ սկսեց Վրաստանը Հարավային Օսիայի դեմ` նպատակ ունենալով այսպես «վախեցնել» Աբխազիային ևս և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը, որը միշտ կանգնած էր Աբխազիայի և Օսիայի կողքին, անմիջապես ճանաչեց այս երկու ինքնահռչակ պետություների անկախությունը` մինչև օրս Վրաստանին պահելով չափազանց մեծ լարվածության մեջ, նրանից վերջնականապես խլելով ժամանակին բռնակցված տարածքները: Ղարաբաղի հողում ցանկացած պատերազմական գործողություն կհանգեցնի այն բանին, որ առաջին հերթին Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Իսկ Հայաստանն այս գործընթացում միայնակ չի մնա: Պատերազմական ավանտյուրան պատժելու համար հենց համանախագահող երկրները կճանաչեն Ղարաբաղի անկախությունը` այսպիսով կանխելով Ադրբեջանի ցանկացած քայլ, որը կդիտվի որպես զինված ագրեսիա: Սրանք միջազգային հասկացություններ են, միջազգային իրավունքի դրույթներ, որոնց հետ Ադրբեջանն այլևս չի կարող հաշվի չնստել: Եթե մինչև օրս շահարկվում է տարածքների ամբողջականության հարցը, ինչը որոշ տերություններ ճանաչել են, ապա Ղարաբաղի դեմ պատերազմի վերսկսումն ու ԼՂՀ «դե յուրե» ճանաչումը չի կարող չհետաքրքրել համաշխարհային հանրությանը: Հատկապես հիմա դա կարող է իրագործելի լինել, երբ եվրոպական շատ տերություններ այլևս անհանդուժելի են համարում այն ավտորիտար համակարգը, որն իր արմատներն է ձգել Ադրբեջանում: Արևելքում տեղի ունեցող հեղափոխությունների «շքերթը» զգուշացում է նաև Ադրբեջանին, որտեղ վերջին շրջանում ընդդիմադիրները կենդանության նշաններ են ցույց տալիս, հանրահավաքներ ու ցույցեր կազմակեր պում: Որքան էլ ադրբեջանական պատժիչ ստորաբաժանումները ճնշում են հեղափոխական հուզումները, այնուհանդերձ արդեն այդ երկիրն անհանգստանալու լուրջ պատճառներ ունի: Իսկ նման պայմաններում պաշտոնական Բաքվին ձեռնտո՞ւ է արդյոք ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ` կազմաքանդելով սեփական պետության հիմքերը: Բնականաբար, պատերազմական գործողությունների դեպքում տեղի կունենան նաև ներքին բռնկումներ, ընդդիմությունը կփորձի իշխանություններին կանգնեցնել լուրջ հարցականների առջև` պարտադրելով հրաժարական տալ ապաշնորհ գործունեության համար... Դատելով այս ամենից, պետք է ենթադրել, որ Ադրբեջանի համար առավել նախընտրելի պիտի լինի խաղաղության սկզբունքը, և բանակցությունների շարունակումը: Իսկ վճռական համաձայնագիր, բնականաբար, Կազանում չի ստորագրվի: Համաձայնագրի փոխարեն` հնարավոր է մի նոր քաղաքական փաստաթուղթ. հայտարարություն, որով կողմերն իրենց համերաշխությունը կհայտնեն խնդրի խաղաղ կարգավորմանն ու կառուցողական առաջարկությունների ներկայացմանը: Այս պայմաններում պիտի ակտիվանա նաև Լեռնային Ղարաբաղը` պահանջելով իր գործուն ներգրավվածությունը հարցի կարգավորմանը: Հիմա արդեն այն պատմական պահն է, երբ չի կարելի որևէ բանակցություն վարել` առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Լ.Մ.