ԽԱՌՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Անկշտությունը, հատկապես Ամանորից առաջ, միակողմանի ու միանշանակ ընկալում ունի… Թեպետ անցնող տարեավարտին մի քանի օր դեռ կա, ու ներկայում առավելապես սպասվող կերուխումի բուռն նախապատրաստական աշխատանքներն են իրենց ողջ ծավալով ընթանում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ տանտիրուհիներին ամեն դեկտեմբերի 31-ին ուժասպառ անող «սեղան գցելու» արարողության ավարտին ամեն ինչ կրկին ավանդական ձևն ու տեսքն է ունենալու: Ասել է թե` ամենաթունդ տնտեսական ճգնաժամի առկայության պարագայում անգամ մենք պատրաստ ենք ցանկացած գին վճարել (բառի ուղղակի և անուղղակի իմաստով)` և ոչ մի դեպքում չհրաժարվել ամենաճոխ սեղանն ունենալու մտքից: Թե ինչ արժե Նոր տարվա սեղանը այսօր, չարժե քննարկել: Ի վերջո, ամեն ընտանիք առատության մասին սեփական պատկերացումն ու իր հնարավորություններն ամբողջացնող ճոխության սահմանագիծն ունի: Այն, ի դեպ, հիմնականում չի հատվում, քանի որ հատկապես մեր ժամանակներում այդ ամենի «տակից դուրս գալը» և կամ հետևանքները վերականգնել-հաղթահարելը չափից դուրս է դժվարացել: Նույնքան բարդ է նաև պատկերացնելը, թե մարդիկ նախատոնական օրերին գնումներ շատ են կատարում, որպեսզի հունվարյան առաջին շաբաթվա ընթացքում լավ սնվեն: Այն, որ առատ գնումների արդյունքում սեղանները բազմազան ու տարողունակ են դառնում` անառարկելի է: Բայց այլ հարց է, որ արդեն հունվարյան երկրորդ շաբաթասկզբին աղբարկղներն են տրաքվում հնացած-փչացած սննդի առատությունից: Բոլոր դեպքերում, իսկ ավելի ճիշտ ամեն տարեմուտի հին հայկական «շատ լինի, քիչ չլինի» սովորույթից այդպես էլ չի հաջողվում կամ չենք ուզում հրաժարվել: Այս տարի տարեմուտի գնումների անվերջանալի թվացող գործընթացը զուգադիպեց մի այլ` ոչ պակաս հետաքրքիր երևույթի. մեր հայրենակիցները բանկերում ավանդադր ած գումարները զանգվածաբար հետ են վերցնում: Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա պետության երաշխավորությամբ ներդրված փողերի ճակատագրերն անորոշ համարելով` մարդիկ ինքնակամ հրաժարվում են անգամ այդ գումարների պարգևած տոկոսներից ու, ինչպես ժամանակին էին ասում, հավելյալ խնայողությունները դարձյալ «բարձի» տակ պահում: Ակնհայտ է, որ այս ամենը ևս տնտեսական ճգնաժամի» առաջացրած տագնապի հետևանք է: Համենայն դեպս բանկերում ներդրված գումարները կանխիկացնելու իրողությունն էլ իր հերթին է վկայում, որ մարդիկ իսկի էլ անկուշտ չէին ու փողի ավելցուկը սիրահոժար կերպով վստահել են բանկերին: Բայց, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ու հիմա դժվար է որևէ մեկին մեղադրել` սկսված անկայունության պայմաններում իր գլխի ճարը մինչև «քաշվելը» տեսնելու համար: Եվ այդ անվստահությունը սահուն կերպով ի չիք է դարձնում առանձին շրջանակների այն հավաստիացումները, թե հայրենի բանկային համակարգը հերոսաբար դիմադրել է տնտեսական ճգնաժամի արդեն անցյալում մնացած մի փուլին… Ի վերջո, ուրիշ ոչնչի, քան նույն ճգնաժամի արդյունքում առաջացած իրողություն է նաև, որ այս օրերին գրեթե բոլոր բանկերը, իրար հերթ չտալով, սկսել են ավանդադրվելիք (՞) գումարների դիմաց խոստացվող տոկոսադրույքները բարձրացնել: Ասել է թե` բանկային համակարգը ևս փողի պակասից սկսել է «նեղվել» ու ավելի բարձր տոկոսադրույքներ առաջարկելով` առաջիկայում ամեն կերպ փորձելու է զսպել աճող անվստահությունը, ինչպես նաև` նորանոր ավանդատուների հրապուրել: Այս ամենն էլ ինչ-որ չափով ուրվագծում է այն իրականությունը, որում հայտնվելու ենք տարեսկզբից: Փող ասելով` իհարկե միայն բանկային համակարգը չպետք է պատկերացնենք: Եվ եթե այս դեպքում դրա անհաշվելի ծավալների շրջանառության հեռանկարը բանկերին ստիպում է ինչ-ինչ պայմաններ վերանայել, ապա շատ հաճախ ագահաբար արտադրած-ներկրած-կուտակած ապրանքները փողի վերածելու տենդը տնտեսվարողներին ստիպում է նույնիսկ աննշան զեղչերի մասին մտածել: Ինչ խոսք, վերջիններս բնավ էլ մարդկանց «նախատոնական լավություն» անելու ցանկությամբ չեն այրվում… Հետտոնական ամիսներին, երբ սովորաբար գնողունակության կտրուկ անկում է արձանագրվում (և այն ակնհայտորեն ավելի ցցուն դրսևորումներով է արտահայտվելու այս տարի), «պայմանական զեղչերով» վաճառվող մթերքները հակառակ պարագայում Նուբարաշենի աղբանոցում կհայտվեն: Ուստիև դժվար չէ նկատել, որ հազվադեպ կիրառվող զեղչերը առավելապես հենց փչացող ապրանքատեսակների վրա են տարածվում: Ու այստեղ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերաբերյալ միայն բարի (՞) հիշողություններ են արթնանում… Երբ խոստացվում էր, թե տարեմուտից առաջ գներ բարձրացնողներից մեծ կտորը միայն ականջն է թողնվելու: Մինչդեռ գների կամայական բարձրացումները, խաղի ծանոթ կանոնների համաձայն, շարունա կում են լիարժեքորեն գործել: Եվ անկշտությունն այս պարագայում հատկապես տնտեսվարողների շրջանում է առավել անհաջող դրսևորումներ ստանում` արդյունքում ագահաբար կլանելով մեր գրպանների պարունակությունը: