ԼԵԶՎԱԿՌՎԻ ՆՈՐ ԱՌԻԹ


Եվս մի 5-6 օր, և 2008 թվականն իր վայրիվերումներով կանցնի պատմության գիրկը: Եվ, իբրև հայաստանյան ներքաղաքական կյանքի տարվա գնահատական, անցած շաբաթ Փարիզից հնչեց մեզանում ԵԽԽՎ թիվ 19-06 և 19-20 բանաձևերի պահանջների կատարման ընթացքի մասին ԵԽ` մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի եզրակացություն-զեկույցը… Ու սկսվե¯ց… Այն իշխանության և ընդդիմության միջև չընդհատվող բանավեճի նոր փուլի սկիզբ «ավետեց»: Ընդդիմադիր գործիչները կարծես հրճվում էին` «Բա որ ասում էինք, տեսա՞ք ինչ կոշտ զեկույց էր»: Մյուս կողմն էլ, իր հերթին, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ ԵԽ-ում հնչած կարծիքների միջև հակասություն էր փնտրում աշխատելով համոզել, թե Համերբերգի զեկույցն այնքան էլ սարսափելի չէ: Այս անիմաստ լեզվակռվում եղան նաև այնպիսիները, որ փորձեցին քար նետել Եվրոպայի «բախչեն», նրան մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, թե տեսեք` Ադրբեջանում քաղբանտարկյալներ միշտ եղել են, բայց հիմա երկերեսանի Եվրոպան այդ մասին լռում է, ինչ է թե` Բաքուն նավթ ունի… Վերջ չունեցող և իրոք անիմաստ այս լեզվակռվում հարցնող կլինի՞` թե Եվրոպա՞ն մեզ պետք է ասի, որ իմանանք` մեր երկրում քաղբանտարկյալներ իրականում կա՞ն, թե՞ չկան: Եվրոպայից Համերբե՞րգը պետք է գա Երևան ու մեզ ասի` մեզանում դատարանները արդարադատությո՞ւն են իրականացնում, թե՞ մի այլ գործով են զբաղված: Ավելի կոնկրետ` եվրոպացի՞ք պետք է ասեն, որ իմանանք, թե Ազատության հրապարակում բազմությունն ինչու էր հավաքվել, ինչ էր ուզում, ինչը ինչպես եղավ… Այս հարցադրումների պատասխանը միակն է` իհարկե, ո°չ: Մեր լեզվակռիվ տվողները, իշխանությունից, թե ընդդիմությունից, ինչքան էլ ճամարտակելով փորձեն ունկնդրին շփոթեցնել իրավական-իրավաբանական ձևակերպումներով, չեն կարող համոզել, թե հանրահավաքի կազմակերպիչները նպատակադրված էին ուժի միջոցով իշխանությունը խլել, ոչ էլ կհամոզեն, թե հավաքվածները բոլորն էլ իրենց կամքով, առանց նյութական փոխհատուցման ակնկալիքի էին եկել… Ինչևէ: Առջևում նոր տարի է: Ամանորի հեքիաթային գիշերը բաժակներ կդատարկվեն` շնորհավորանքներով ու բարի մաղթանքներով: 2009-ին մեզ սպասում է Երևանի քաղաքապետի ընտրությունը: Մաղթենք, որ 2008-ի փետրվարն իր հետընտրական զարգացումներով չկրկնվի. ընտրություններն ու իշխանությունը ժողովրդի վստահության դեֆիցիտ չունենան, Ազգային ժողովը ստիպված չլինի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նման մեկ այլ մարմին ստեղծել, և մենք էլ զարմանալու, զայրանալու առիթ չունենանք, թե ի՞նչ կա մութ ու անհասկանալի, որ այդ հանձնաժողովն այսքան երկար ու ձիգ ամիսներ շարունակ չի կարողանում պարզել… Մաղթենք մեր հարևանին շատ խելք ու հանդուրժողականություն, որ հասկանա` ուրիշից ժամանակին արյամբ խլված հողը իրենը չի եղել և չի կարող դառնալ: Մեր մյուս հարևանին մաղթենք` գիտակցի իր պապերի գործած մեղքերը և դուռը հարևանի երեսին փակ չպահի: Մեր երրորդ հարևանին էլ մաղթենք` դրկիցի մշակութային, կրոնական հուշարձանները հանգիստ թողնի, սրբապղծություն չանի… Եվրոպային էլ մաղթենք` նոր հարևանները գլխացավանք չդառնան:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ