ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ


Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈ վարչության պետ, գեներալ-մայոր Երևի թե միայն անցնող տարիների հրաժեշտն է, որ չի տխրեցնում: Պատճառը Նորը դիմավորելու ուրախությունն է. նորը սկիզբ է, իսկ լավ սկիզբը` նույնպիսի շարունակության երաշխիք: Ահա թե ինչու չենք էլ մտածում տխրել` հին տարվա հեռանալու համար, եթե նույնիսկ այն հաջողակ է եղել: Կարևորը` հավատում ենք կամ ուզում ենք հավատալ, որ 365 օրերի նորացվող պտույտը նաև մեր ցանկությունների, ծրագրերի, անավարտ մնացած գործերի իրականացման ընթացք է լինելու: Եվ մաղթում ենք. մաղթում, մաղթում… Ամենից առաջ` խաղաղություն Երկրին, անդորր ու փոխըմբռնում` բոլոր օջախներում, բավարարվածություն` բոլոր հոգիներում: Մաղթում եմ, որպեսզի արժանապատվությունը ոչ մի պահի չլքի իմ հայրենակիցներին, և յուրաքանչյուրն իր զավակի նման սիրի Հայրենիքն ու Բանակը: Վերջին հաշվով, մեր Զինված ուժերում առկա բոլոր օրինազանցություններն ու երբեմն էլ` հանցագործությունները, հասարակությունից են զորամասեր թափանցում: Իսկ Բանակը որքան հզոր, նույնքան էլ փխրուն կառույց է: Ուրախությամբ եմ փաստում, որ այս կառույցում օրավուր ավելի հիմնավոր ու ակնառու են դառնում բարեփոխումները: Սակայն հասարակության ամեն անդամ ու հատկապես զինվորների ծնողներն ու հարազատները վերջապես պետք է գիտակցեն, որ նաև իրենց զավակների պահվածքով է պայմանավորված բարոյահո գեբանական մթնոլորտը: Առողջ դատողությունն ու սթափ բանականությունը թող ուղեկցեն բոլորին` եկող տարում, և երջանկությունը թող հալեցնի սառած սրտերը: Ինքներս մեր ու մերձավորների հանդեպ ունեցած սիրուց փորձենք բաժին հանել բոլորին և Ամանորի գիշերվա պոռթկուն բարի հույզերը պահպանենք ամբողջ տարվա ընթացքում: Անցնող տարվա հետ Հայաստանից թող հեռանան չարությունը, «զոռբայությունը», ու այսուհետ բացվող ամեն օրը վայելենք որպես Աստծո պարգև և փորձենք միմյանց նկատմամբ բարի կամեցողությամբ լուսավորել մեր ապրելիք ամեն պահը: Սերը և աստվածային սրբարար զորությունը թող բոլորիս անդավաճան ուղեկիցները մնան: Աստված ձեզ պահպան...