6 տարի անց ելավ անկողնուց


Լավ, մի՞թե գիրության դեմ անկարելի է պայքարել տնային պայմաններում: Եթե նույնիսկ այդ հիվանդությունը կրողը չափազանց ծույլ է: Իսկ ճարպակալումն, իսկապես, այնքան ծանր հիվանդություն է, որ այդ ծանրությունը մարմնին է անցնում` անխնա ախտահարելով ընդհուպ մինչև գիտակցությունը:

Ահավասիկ. 32-ամյա մեքսիկացի Հուան Պեդրո Ֆրանկո Սալասը մոտ 500 կգ է կշռում: Ամբողջ 6 տարի նա սպասել է` մինչև Ագուասկալյենտես քաղաքի հիվանդանոցում իր համար տեղ գտնվի: Սպասել է` անկողնուն գամված: Իսկ նրան հիվանդանոց տեղափոխելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա (տեղեկացրել է Metro-ն):

Հիվանդանոցի բժիշկների կարծիքով` Սալասը ստիպված կլինի իրենց հսկողության տակ մնալ առնվազն մի քանի ամիս: Հիվանդությունը չի ախտորոշվել. համենայն դեպս` բժիշկներն այդ մասին լռում են:

Մեքսիկայում այսպիսի գիրությունը աննախադեպ չէ. անցյալ տարի այս երկրում վախճանվեց աշխարհի ամենագեր մարդը` Անդրես Մորենը, ով կշռում էր 444 կգ: Իսկ մարտ ամսին ամենագեր կոլումբիացուն նիհարեցնելու նպատակով տեղափոխել էին հրշեջ մեքենայով: