Ես հասնում եմ իմ մուրազին, դուք էլ հասեք ձեր մուրազին


Արդեն վաթսունս լրացրել եմ. այդպես էլ կյանքում հաջողությունների չհասած: Հասել եմ թոշակի տարիքի: Բոլորին լավություն անելու տարիքն է: Իսկ երիտասարդ ժամանակ շատ էի երազում, մտածում, որ մեծ մարդ կդառնամ. կթաղվեմ Կոմիտասի անվան պանթեոնում: Բայց արի ու տես... Արդեն պապիկ եմ: Առողջականս էլ այն չի: Հենց այսպես էլ պե՞տք է հեռանալ, հանձնվել, չպայքարել:… Էլ ի՞նչ կարելի է անել այս տարիքից հետո:

Պարզվում է, որ կարելի է հույսեր փայփայել: Ինչպե՞ս: Ես էլ եմ մտածում` ինչպե˜ս...

Աչքիս առաջ է Կարաբալան: Ո՞վ էր նա: Ոչ ոք: Բայց ծաղիկներ էր բաժանում մարդկանց, հատկապես կանանց: Եվ դրա համար փող չէր վերցնում, պարզապես նվիրում էր: Ի˜նչ բարի գործ է կատարել: Եվ նա տարիներ անց գնահատվե´ց: Գնահատվեց մի քանդակագործի կողմից:

Այդ գերեզմանոցում թաղվելուն չեմ արժանանա, բայց գոնե քաղաքի փողոցներից մեկում իմ արձանը կարելի˜ է դնել: Ի˜նչ է Կարաբալայի չափ էլ չկամ...

Կարաբալան ծաղիկներ էր բաժանում: Չգիտեմ` իր աճեցրածն էր, թե՞ իր գնածը... Կարևորն այն է, որ նվիրել է: Ուրեմն ես էլ կարող եմ մի բան աճեցնել կամ առնել ու նվիրել: Ի˜նչ, ինչպե˜ս...

Հիշեցի մի ընկերոջս տարիներ առաջ ասածը.

-Ռուսաստան գնալուց գրպանդ լիքը կոնֆետ պետք է լցնես: Եվ այդ կոնֆետները պետք է բաժանես ամեն մի պատահած երեխայի` մտածելով, որ կարող է քոնը լինել:

Եվ, ի վերջո, եկա այն համոզման, որ ճիշտը կոնֆետ նվիրելն է: Արդեն սկսել եմ աշխատանքներս այս ուղղությամբ: Սկսեցի մեր շենքից:

Մեր բակի չորս տարեկան Նարեկին արդեն մի քանի ամիս է` կոնֆետ եմ տալիս. երկու հատ` ամեն հանդիպելուց: Ինձ տեսնելով` նա ինքն է մոտենում ու ստանում իր բաժինը: Լավ էլ ուրախանում է: Հետո բաժանում եմ մեր թաղի մարդկանց: Լավություն արա` գցիր ջուրը: Չէ՞ որ մի օր արձանս են տեղադրելու..

Արդեն սկսել եմ ընդարձակվել: Կոնֆետ եմ բաժանում նաև տրանսպորտում, քաղաքի կենտրոնում... Շուտով կմտնեմ մանկապարտեզներ, դպրոցներ, իմ կոնֆետար շավներով կմիանամ ընտրություններին...

Գիտե՞ք, թե լաց լինող երեխաները ե՞րբ են լացը կտրում: Չգիտեք` իմացեք. իմ տված կոնֆետով...

Առաջացել էր նաև հաջորդ հարցը: Ի՞նչ կոնֆետ նվիրել, ո՞ր հիմնարկի արտադրանքն է ամենաորակյալը... Այս հարցն էլ իր լուծումը ստացավ: Դե, պարզ է, որ օտար ազգերին չենք հարստացնելու: Մեր Գրանդ քենդին ումի՞ց է պակաս:

Մի խոսքով` մարդիկ ուրախանում են, ես էլ եմ ուրախանում: Կարաբալան ծաղիկներ էր նվիրում միայն կանանց, իսկ ես կոնֆետ եմ նվիրում ոչ միայն կանանց, այլև երեխաներին, տղամարդկանց... Նույնիսկ կենդանիներին` շներին, կատուներին եմ տալիս...

Այսքանից հետո, ինչպե˜ս կարող են չկանգնեցնել իմ արձանը: Օրինակ, Նարեկը... Կամ օրինակ, Գրանդ քենդին... Արդյո՞ք... Ես մեծ մարդ կդառնա՞մ...

Կարո ՍԹԱՆՈԶ