ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ


Երեկ, ԱՄՆ այցի վերջին օրը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետդեպարտամենտում առանձնազրույց ունեցավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, մասնակցեց հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո, մեկնեց Փարիզ: Իսկ մինչ այդ, ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Քեն Ուոլաքի հետ: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական գործընթացների բարելավման առաջընթացը շարունակելու եւ քաղաքական դաշտը կատարելագործելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերը,ՀՀ Կառավարության ծրագրերը` տնտեսական աճի եւ բարեփոխումների ապահովման հարցերում: Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր մասնաշենքում` Կապիտոլիում, ՀՀ վարչապետը հանդիպել է Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարրի Ռիդի եւ դեմոկրատական խմբակցության համակարգող սենատոր Ռիչարդ Դերբինի հետ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել դրանց հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Սենատոր Ռիդը վարչապետ Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ընթացքը, այդ հարցում ԱՄՆ օրենսդիր մարմնի դիրքորոշումը: ՀՀ վարչապետը, Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անունից, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած օժանդակության եւ Հայաստանի խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության թղթակցի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետը մասնավորապես անդրադարձել է հայ-ամերիկյան համագործակցությանը քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերում, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, խոսել տարածաշրջանային անվտանգության հարցերի եւ հակաահաբեկչական կոալիցիայում ՀՀ մասնակցության մասին: Panorama.am