ՑԱՎՈՏ ՀԱՐՑ


Ց Մեր երկրի բուհական համակարգում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ Նախագահ Ռ. Քոչարյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունում խոսվեց բուհերում կրեդիտային համակարգի ներդրման, եռաստիճան կրթական համակարգի անցնելու և ուսման որակի գնահատման միասնական չափորոշիչներ սահմանելու խնդիրների մասին: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիրների վրա` վերջին դեպքում կարևորելով մասնագետների պատրաստումը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելը: Աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնելով` բուհական մասնագետների պատրաստումն իրականացնելը իսկապես ցավոտ հարց է, որը նույնիսկ այնպիսի մի պետական համակարգում, ինչպիսին երբեմնի Խորհրդային Միությունն էր, ուր ամեն ինչ կարծես թե խստորեն ենթարկվում էր պլանավորման, լուծված չէր: Ինչպես այն ժամանակվա խորհրդային, այնպես էլ այսօրվա պետական ու մանավանդ ոչ պետական բուհերը տարեկան բառացիորեն հազարավոր մասնագետներ են պատրաստում` ամենևին հոգ չտանելով, թե այդքան երիտասարդները, դիպլոմներն ստանալով, ի՞նչ են անելու, որտե՞ղ են աշխատելու: Բժիշկների և միջին բուժանձնակազմի դեպքում նման մասնագետների պատրաստումը դեռ էլի արդարացված կարելի է համարել` զուտ պետական անվտանգության հայեցակետից: Աստված մի արասցե, բայց պատերազմական իրավիճակների կամ խոշոր տարերային աղետների դեպքում ինչքան շատ լինեն բժշկական մասնագիտություն ունեցող քաղաքացիները, այնքան ավելի կմեծանա տուժողներին ու մեծաքանակ վիրավորներին գոնե առաջին բուժօգնությունը ցույց տալու հնարավորությունը: Դա իսկապես ազգային անվտանգության հարց է: Իսկ ի՞նչ պետք է անեն «ավելորդ» ուսուցիչները, իրավաբանները, տնտեսագետները, ինժեներները և այլք ու այլք: Ահավասիկ, թեկուզ լրագրությունը: Մեր գրեթե բոլոր բուհերում, էլ չասենք` իրենք իրենց «ակադեմիա» հնչեղ անունով կոչած այլևայլ հաստատությունների մասին, այժմ բացվել են լրագրության ֆակուլտետներ: Ընդսմին, դրանք գործում են նաև այնպիսի բուհերում ու «ակադեմիաներում», որոնք լրագրողական կադրերի պատրաստման հետ մինչ այժմ որևէ առնչություն չեն ունեցել, չունեն ավանդույթներ, համապատասխան նյութական բազա, շատ դեպքերում` նույնիսկ որակյալ դասախոսական կազմ: Թե այդ բուհերն ու «ակադեմիաները» ի՞նչ որակի լրագրողներ են պատրաստում` հարցի մի կողմն է: Լավ թե վատ` պատրաստում են, և ամեն տարի մեր երկրի լրագրողների առանց այն էլ խիտ շարքերը համալրվում են հարյուրավոր նոր դիպլոմավոր լրագրողներով: Բայց Հայաստանին այդքան լրագրող պե՞տք է, արդյոք: Իհարկե` ոչ: Փաստորեն մեզանում չի արմատավորվում գործատու-բուհ հետադարձ կապը: Հասարակության կենսագործունեության ոչ մի ոլորտից, ո°չ պետական կառույցներից, ո°չ մասնավոր հատվածից հայտ չի ներկայացվում բուհերին, թե, ասենք, առաջիկա 5-10 տարում, օրինակ, այսինչ ֆիրմային կամ այսինչ կազմակերպությանը կոնկրետ ո՞ր մասնագիտությամբ և կոնկրետ որքա՞ն բարձրորակ աշխատողներ են անհրաժեշտ լինելու: Այսպիսով, բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործը ամբողջովին թողնվել է բախտի քմահաճույքին, շուկայական տարերքին: Իսկ այդ տարերքը, ավաղ, ոչինչ հաշվի չի առնում: Հետևանքը լինում է բարձրագույն կրթություն ստացած և մասնագիտությամբ չաշխատող կամ գործազուրկների շարքերը համալրող պատանիների ու աղջիկների թվի անշեղ մեծացումը: Ցավալի իրողություն է, որի պատճառներից մեկն էլ մեր հասարակական հոգեբանությունն է: Մենք շարունակում ենք անտեսել շուկայական հարաբերությունները, պրագմատիկ մոտեցում չունենք կյանքի նկատմամբ: Ծնողների բացարձակ մեծամասնության համար կարևոր է մնում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զավակին անպայման բարձրագույն կրթության տալու հոգեբանությունը: Իսկ թե 4 կամ 6 տարի հետո, երբ երիտասարդ մարդը կավարտի բակալավրիատը կամ մագիստրատուրան, ինչպե՞ս է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը… Ահա և աղջիկների մի ստվար մասի համար բուհական դիպլոմը ծառայում է սոսկ որպես հարսանեկան օժիտի մեջ դնելու թանկագին իր, իսկ տղաների համար բուհական տարիները պարզապես դառնում են եթե ոչ կորած, ապա գոնե անարդյունավետ, ավելորդ ժամավաճառություն: Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ բարձրագույն կրթությունը ոչ մի պարագայում «ավելորդ» համարվել չի կարող: Անգամ եթե մարդը հետագայում չաշխատի բուհում ստացած մասնագիտությամբ, միևնույն է, ստացած կրթությունը ընդլայնում է մտահորիզոնը, քաղաքակրթում է մարդուն: Բայց չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ «գիտունի հետ քար քաշելու համար» հարկ է, որ այդ «քարը», այսինքն աշխատանքը, լինի°: Ինչպե՞ս դուրս գալ այս կախարդական շղթայից` դժվար է դեղատոմս առաջարկել: Բայց որ հարկավոր է այս ամենի մասին լրջորեն մտածել և մտածել թե° պետականորեն, թե° հասարակայնորեն, ակնհայտ է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ