Սպասենք ու կտեսնենք


Բազմահազարանոց հանրահավաք հրավիրելու ակնկալիքը ընդդիմադիր ուժերի համար կուտակված ասելիքն արտահայտելու և պայքարի ուղիները հիշեցնելու հնարավորություն է: ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան. ահա քաղաքական այն գործիչները, որոնց ելույթներն, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, «խոստանում են դառնալ Երրորդ հանրապետության պատմության կարևորագույն իրադարձություն ներից մեկը»: Հստակեցնելու համար հանրահավաքի իրական նպատակն ու երեք քաղաքական գործիչների կողմից դաշինքի ստեղծման հավանականությունը, «Ավանգարդը» դիմեց ՀԺԿ քարտուղար Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ: Ռուզան Խաչատրյանի հավաստմամբ` հանրահավաքի նպատակը երկրում տիրող իրավիճակի շուրջ քաղաքական երեք գործիչների ասելիքն է: - Երկրում թերի շատ բաներ կան և նրանց խոսքը շատ կարևոր է այսօր: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ է վերադառնում լուրջ ասելիքով: Ինչ վերաբերում է դաշինքի ձևավորմանը, ապա այդ մասին խոսելը դեռ վաղ է: Հանրահավաքի ելույթներում կլինեն պարզաբանումներ, շատ հարցեր կհստակեցվեն. դա` դեֆակտո: Հարթակում լուրջ քաղաքական դեմքեր են լինելու, և կարծում եմ` դա անհետևանք չի լինի: Եթե 1-ին Նախագահի երկարատև լռությունը կարող է որոշակի հետաքրքրություն առաջացնել հանրահավաքի մասնակիցների շրջանում, ապա ո՞րն է լինելու Ստեփան Դեմիրճյանի ասելիքի մեջ նորությունը, երբ նա բազմիցս խոսել է կուսակցության ծրագրերի մասին և նշել դրանց իրականացման երթուղին: - Գիտե°ք, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա բոլոր քաղաքական գործիչները, մի քանի տարի լինելով քաղաքականության մեջ, արդեն պետք է հեռանային: Էլ չեմ ասում, որ այսօրվա պարոններն ընդհանրապես պետք է գնացած լինեին: Չեմ էլ խոսում օրենքի տեսանկյունից, որ նրանք ընդհանրապես չպետք է գոյություն ունենային: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա ասելիք միշտ էլ կա: Ի վերջո, ժողովուրդն է որոշում` քաղաքական գործիչն ասելիք ունի՞, թե` ոչ: ՀԺԿ քարտուղարը չի բացառում հանրահավաքի ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուի թեմայի շոշափումը, իսկ որ Ստեփան Դեմիրճյանը նույնպես կարող է հայտնվել միասնական թեկնածուի կարգավիճակում, ՀԺԿ-ն նույնպես չի բացառում: - Մենք հստակ հայտարարել ենք, որ բևեռ ստեղծելու կողմնակից ենք, իսկ թե ով կլինի այդ բևեռի թեկնածուն, կորոշեն իրենք` բևեռ ստեղծողները: Եթե որոշում կայացվի, որ նա լինելու է Ստեփան Դեմիրճյանը, նա պատրաստ է դրան: Սակայն առայժմ նման հարց չի քննարկվել: Նոյեմբերի կեսերին կայանալիք կուսակցության վարչության նիստում կորոշվի ընտրություններին ՀԺԿ-ի մասնակցության ձևաչափը: Դեպքերի տրամաբանական զարգացումն, ըստ Ռուզան Խաչատրյանի, ի վերջո կբացահայտի ընդդիմության թեկնածուին: Սակայն մի բան հստակ է` Ստեփան Դեմիրճյանն այսօր Նախագահի պոտենցիալ թեկնածու է, բայց եթե ընդդիմության կողմից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ապա Ստեփան Դեմիրճյանը նրա ճանապարհը չի փակի: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, ճանապարհը հնարավորինս բաց է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ: Նախ այն պարզ պատճառով, որ հանրության կողմից 1-ին Նախագահի տեսակետները լսելու պահանջարկ կա: -Երկրի ներսում առկա լուրջ խնդիրներից բացի կա նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրը: Դա շատ բարդ հարց է: Միակ քաղաքական գործիչը, որը հրապարակով ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցում, հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է, միակ պետական գործիչը, ով կարող է իսկապես նպաստել ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության իրոք լուծվեց թե° Հայաստանի անկախության հարցը, թե° արձանագրվեց բաղձալի հաղթանակը: Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն ունի՞ բազում զրկանքներ կրած ժողովրդի ներողամտությանն արժանանալու ներքին համոզվածություն: - Ժողովուրդն 1-ին Նախագահին ներել-չներելու խնդիր չունի, որովհետև Նախագահի ինստիտուտը մեր պատմության ամենակարևոր անկյունաքարերից է: Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի այնպիսի քայլ է արել, որի համար ժողովուրդը նրան ների կամ չների: Կոռեկտ չեմ համարում ժողովրդի անունից խոսել: Ժամանակը ցույց կտա: Եվ հետո` Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջին անգամ իշխանության գալը պայմանավորված է եղել ժողովրդի գործոնով: Անդրադառնալով առաջիկա հանրահավաքի նպատակի և հնարավոր դաշինքի ստեղծման հավանականությանը, Սուրեն Սուրենյանցը գտնում է, որ 1-ին Նախագահի երկարատև լռությունից հետո նոր ասելիքի պահանջարկի հասունացումն առաջադրեց հանրահավաքի գաղափարը: Ինչ վերաբերում է նոր դաշինք ստեղծելուն, ապա. - Չկա դաշինք, պարզապես ելույթ կունենան քաղաքական երեք գործիչներ: Առայժմ շուտ է դաշինքի մասին խոսել: Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը քաղաքական դաշտում կառաջացնի որակական փոփոխություններ, Սուրեն Սուրենյանցը առավել քան համոզված է: - Ինչ վերաբերում է քաղաքական մյուս գործիչներին, կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին, քանի որ 1-ին Նախագահը ցուցաբերել է ակտիվություն: Սպասենք և ի վերջո լսենք նրա խոսքը առաջադրվել-չառաջադրվելու մասին: Իմ կարծիքով, նրա քայլերի տրամաբանությունը հուշում է, որ նա առաջադրվելու է: Նա արդեն ակտիվ քաղաքականության մեջ է և, անկախ ամեն ինչից, նրա ներկայությունը բավական է, որպեսզի ձևավորվի որակապես նոր թիմ: Մնում է ենթադրել, որ առաջիկայում քաղաքական դաշտը «լիցքավորվելու» է անակնկալներով, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումն, անշուշտ, կտա որակ, սակայն ինչպիսի՞. -Այո, սպասվում են բազմաթիվ անակնկալներ, և ես կարծում եմ, որ առաջադրման պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը դառնալու է առանցքային թեկնածու: Եվ նոր անակնկալներ նրա առաջադրման պարագայում կարելի է սպասել, այդ թվում խորհրդարանական ուժերի կողմից:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ