Հայկական միակ կրկեսային գերդաստանը


Վերջերս Քյոլնի հեռուստաշոուի ժամանակ կրկեսային quick change (աճպարարային վերափոխություն) ժանրում Սոս և Վիկտորիա Պետրոսյանների սահմանած ռեկորդը Գինեսի գրքի լոնդոնյան ասոցիացիայի կողմից ընդունվեց և գրանցվեց հենց ստուդիայում£ Առաջին հայացքից, թվում է, թե աշխարհում ամենաարագ զգեստափոխության (2 րոպեում` 16 հանդերձանք)` մեր ազգային սնապարծությունը շոյած փաստի միջազգային ճանաչմանը հասնելու համար կրկեսային զույգը առանձնակի ճիգեր չի գործադրել£ Երբ աշխույժ դյուրությամբ է մատուցվում ստեղծագործական տառապանքի արդյունքը, նրանում անզեն աչքով գրեթե անկարելի է նկատել նախորդած համառ ջանքերի հետքերը£ Մինչդեռ... 1. Լեոնիդ Ենգիբարյանի ներշնչանքով Պետրոսյանների կրկեսային «դինաստիայի» նախահայրը մեր լեգենդ դարձած տխուր ծաղրածուն է` հնարամիտ աճպարարությամբ ու հրաշալի պլաստիկայով ստեղծած ծիծաղաշարժ կոլորիտային կերպարաշարով իր արվեստին հաղորդակցվածների մտապատկերում անջնջելի մնացած արտիստը£ Թբիլիսիի «Սաքարթվելո» կինոթատրոնում մոտ հարյուր անգամ նրա մասնակցությամբ նկարահանված «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը նայելով էր, որ կրկեսի պաշտամունքով վարակվեց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի 20-ամյա գեղարվեստական ղեկավար ու ներկայիս տնօրեն, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս I¬ը£ Եվ անցավ դեպի կրկես տանող իր ճանապարհը` ավարտելով Մոսկվայում գործող միակ կրկեսային ուսումնարանն ու ընդգրկվելով Ենգիբարյանի կոլեկտիվում£ Դիպլոմային աշխատանքով` «Դհոլների համար»¬ով շրջեց 120 երկրներում£ Անփոխարինելի ուսուցչի վաղաժամ կորստով «երես թեքեց» կրկեսից` զբաղվելով էստրադային ժանրով, ռեժիսուրայով, պարով, ֆուտբոլով£ Սցենարներ ու պատմվածքներ գրեց, Հայպետդրամայում Գիքոր խաղաց… Հեղինակեց «Հայկական կրկես» գիտական աշխատությունը£ Եվ ուսուցչի երբեմնի հորդորներին անսալով` վերստին ձեռնարկեց հայկական կրկեսային ավանդների վերականգնմանն ու զարգացմանը` նեցուկ ունենալով ժառանգականության կանչով իր որդեգրած արվեստի սիրով կրակված որդուն ու դստերը, ապա` թոռներին£ Նաև` երաժիշտ կնոջն ու իրավաբան հարսին£ Ի դեպ, ռեկորդակիր համարի զգեստները կարվել են կնոջ երևակայությամբ ու շնորհալի ձեռքերով, 2 տարվա ընթացքում£ Միաժամանակ` Պետրոսյանները դարձան կրկեսային վարպետների մեծ ընտանիքի լիիրավ անդամը£ Սոս II¬ի կնքահայրն ու հմտությունների գնահատողը եղավ ինքը` Ենգիբարյանը, Սոս III¬ինը` Յուրի Նիկուլինը£ Նկատի առնելով կրկեսի թելադրած կենսակերպը` մշտական հյուրախաղեր, տեղափոխություններ, «ճամպրուկային» տրամադրություն, գնչուական թափառախմբի կարգավիճակ. ¬ Սոս I¬ը որպես ծնող ոգևորված չի եղել հետնորդների` իր ուղիով ընթանալու երազանքով£ Ամեն հաջորդ սերունդ ինքն է ապացուցել սեփական պիտանիությունը կրկեսին ու հաստատվել նրանում ունակությունների կոնկրետ դրսևորումներով£ Զուգահեռաբար հոր կրկեսային ստուդիայում և պարարվեստի ուսումնարանում հեռանկարի հույսեր ներշնչող Սոս II¬ի կյանքում ճակատագրական է եղել 1990¬ին Ռիգայում անցկացված Կրկեսային արտիստների միջազգային մրցույթում շահած Մեծ մրցանակը, որից հետո Յուրի Նիկուլինի կոլեկտիվին է անդամագրվել£ 1995¬ից սկսել է զբաղվել աճպարարային վերափոխությամբ` ներգրավելով կնոջն ու քրոջը£ Մի շարք արենաներում հայտնի դարձած այս եռյակից շուտով անջատվել է քույրը` Երևանում հոր վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով£ Երբևէ կատվից վախեցող Նաիրա Պետրոսյանն այսօր վագրի հետ է աշխատում, մեր կրկեսի միակ կենդանավարժն է, բեմադրիչն ու հաղորդավարը, ստուդիայի ղեկավարը£ Մոր հետքերով է գնում արդեն արենա դուրս եկող 10-ամյա որդին` Հրաչիկը£ Պետրոսյանների գերադաստանի ավանդույթներին հավատարմության նախադրյալներ է ցուցանում 7-ամյա Տիգրանը ևս£ Ուրեմն` ապագայի հետ կարելի է կոնկրետ հույսեր կապել£ Հատկապես 10-ամյա Սոս III¬ի փայլուն հաջողությունից հետո Հոլանդիայի Արնեն քաղաքում անցկացված Աճպարարների միջազգային փառատոնում, որտեղ նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը£ Նորանոր նվաճումները, միջազգային ճանաչումը նոր հրավերներ ու առաջարկություններ է հրամցնում Սոսերի «դինաստիայի» ճյուղավորումներին£ Եվ շրջում են նրանք աշխարհի արենաներով` ժամանակ չգտնելով մեկտեղվելու, գեթ կարոտի պապակը հագեցնելու£ Երկար տարիների ընթացքում միակ առիթը, Ֆրանսիայում Հայաստանի օրերի շրջանակներում, Լիոնում «Երևանյան ռիթմեր» ծրագրով տրված, երեք Սոսերին միևնույն բեմում հավաքած երկու ներկայացումներն էին£ 2. Երևանյան կրկեսի առօրյան Երկար տարիներ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում պլաստիկա, ռեժիսուրա, օրիգինալ ժանր և բեմական շարժում դասավանդած Սոս I¬ը, հաշվի առնելով կրկեսային արվեստի պարտադրած տարիքային ցենզը, կազմակերպչական ու ստեղծագործական փորձն ու ներուժը վերջնականապես կենտրոնացրեց ստուդիական ներարկման վրա£ Կրկեսային կյանքի աշխուժացմանն այսօր պարտական ենք Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող նրա ստուդիայի սաներին£ Տարբեր երկրների (Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա...) կրկեսային խմբերի հյուրախաղերի կազմակերպմանը զուգաընթաց նախաձեռնվում են անվանի վարպետների (Լեոնիդ Ենգիբարյանի, Ստեփան Իսահակյանի, Հակոբ Ուզունյանի) վաստակը հավերժացնող միջոցառումներ£ Մեծ շուքով մի ամբողջ տարի նշվեց հայկական կրկեսի կեսդարյա հոբելյանը£ «Կենդանիների աշխարհում» տեսլարանից (2004) հետո ժամանակակից տեխնոլոգիաների վերջին նվաճումներով, ստեղծվեց «Աճպարարային տեսլարանը»` «աճպարարային կերպարանափոխություն» ռեկորդակիր համարի հաջողության գրավականը£ Գործունեության մասշտաբները կարելի է ընդլայնել, բայց առանց հովանավորների մեր օրերում դա ուտոպիա է£ Առանց այդ էլ ինքնահատուկ «աճպարարությամբ» է հաջողվում պահպանել եղած տնտեսությունը, որը սեփականաշնորհումից հետո, փառք Աստծո, կրկեսի մարդկանց տնօրինության տակ է£ Կրկեսը բարդ ու ծախսաշատ մեխանիզմ է£ ԱՊՀ երկրներում նրա բարգավաճման համար ոչ միայն մեկենասները, այլև պետությունն է խոշոր ֆինանսական ներդրումներ անում£ Սոսերի «դինաստիայի», ընդհանրապես հայկական կրկեսի (այսօր սրանք նույնանում են որոշ առումով) լիարժեք հարատևության համար հենց դա է պակասում£ Չմոռանանք, որ ընդամենը մեկ կրկես ունենք…