ՀՈՎԻԿՆ ԸՆԴԴԵՄ ԼՅՈՎԻԿԻ


Արաբկիր համայնքի 5¬րդ ընտրատարածքն առաջիկա մայիսին թեժ մրցապայքար է խոստանում գործող պատգամավոր Լևոն Սարգսյանին: Թեև ՀՀԿ խորհուրդը դեռևս չի շտապում որոշումներ ընդունել մեծամասնական ընտրատարածքներում իր կողմից առաջադրվելիք թեկնածուների պաշտպանության վերաբերյալ, սակայն հիշյալ համայնքի ՀՀԿ կառույցի ղեկավար Հ. Շահինյանն արդեն հայտարարել է, որ նոր խորհրդարանում իրեն պատկերացնում է միայն այս ընտրատարածքից պատգամավորական մանդատով: Ավելի վաղ նույն ընտրատարածքից նույն նպատակին հասնելու իր հավակնությունն էր բացահայտել նաև ոգելից խմիչքներ և բնական հյութեր ներմուծող «Սարգիս Կարոլինա» ընկերության ղեկավարը: 5¬րդ ընտրատարածքը սիրված և նախընտրելի է համարվում ՄԱԿ¬ը ներկայացնող և առաջիկա ընտրություններին արդեն իսկ ոգևորությամբ նախապատրաստվող Գուրգեն Արսենյանի համար նույնպես: Մեծ է հավանականությունը, որ այստեղ թեկնածուներ կառաջադրի «Ժառանգությունը», ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կհայտնվի հավակնորդների շարքում: Թեև կանխատեսվում է, որ հիմնական մրցակցությունը Հովիկի և Լյովիկի միջև է ընթանալու, սակայն ընդդիմության հավակնութ յունները, ինչպես նաև առաջադրվել պատրաստվող մեծահարուստների փողի տրցակները նույնպես իրենց դերակատարությունը կունենան սպասվող մրցապայքարում: