Նորից աթոռակռիվ է սպասվում


Արմատականների առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը «Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարեց, որ իր շուրջ ձևավորված դաշինքը պետք է փոխի բովանդակությունը. ընտրություներն ավարտվել են: Եվ կարծես թե այդ իներցիան է նկատվում հակաիշխանական թևի գործելակերպում, ինչի վկայությունները կարելի է համարել հիշյալ կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի քաղաքական պարզաբանումները: Վերջինիս հավաստմամբ. - Կուսակցությունը գտնում է, որ ՀՀ քաղաքացին պետք է մասնակցի այս պետությունում իրականացվող բոլոր տեսակի ընտրություններին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությանը ոգևորել է մասնակցային գործընթացը` բոլոր առումներով: Իհարկե, փորձը մենք ունենք. մասնակցել ենք մեծամասնական և համամասնական ընտրություններին և գիտենք նաև, թե ինչպես պայքարել կեղծիքների դեմ: Մենք հաստատակամ որոշում ենք կայացրել` մասնակցել մի շարք համայնքներում անցկացվող ավագանիների ընտրություններին: Եվ հիմա քաղաքական քննարկում է գնում` Արաբկիրի համայնքի թաղապետի ընտրություններին մասնակցելու հարցով: Ասեմ, որ խորհրդարանական ընտրություններում, չնայած բազմաթիվ կեղծիքնրին, Արաբկիրում զբաղեցրել էինք առաջին տեղը: …Մեր ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի թեկնածությանը իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժումը: Մենք միասնական ենք Համաժողովրդական շարժման բոլոր նախաձեռնություններում: Բանախոսի տրամադրվածությունը ենթադրել է տալիս` քաղաքական հետագա զարգացումներում ընդդիմության տակտիկան էությամբ չի փոխվելու. քաղաքական պայքարի ռեսուրսները գրեթե նույնն են: Նորից աթոռակռիվ է սպասվում: Պարզապես այս պարագայում ձեռքբերումը միանշանակ զիջում է նախորդ «նպատակակետին»` ամենից առաջ` ազդեցիկության առումով : Ի դեպ, ընդդիմությունն արդեն իսկ ընտրակեղծիքների մասին է խոսում: Ավելին, նույնիսկ դրանց դեմ բողոքի «ալիքն» է ծրագրված: «Ժառանգության» վարչության նորընտիր փոխնախագահը կարծում է. - Եթե ժողովրդավարական երկիր է, ուրեմն պետք է քաղաքական բորբոքումներ չլինեն: Մենք օգտվում ենք Սահմանադրությամբ վերապահված մեր իրավունքից: Մենք ակնկալում ենք, որ կլինեն կեղծիքներ, բայց եթե պատգամավորները, գործող թաղապետը ցանկանում են կայուն հասարակություն, պետք է հետ պահեն իրենց ընտրակեղծա րարներին` թողնեն ժողովրդի կամքին: Մենք պատրաստ ենք դիմագրավելու իրենց բոլոր քայլերը` օրենքի սահմաններում: Ինչևիցե, կարևորագույն խնդիրն այն է, որ հերթական պաշտոնը հայի արյամբ չմկրտվի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ