ԴԻՎԵՐՍԻԱ` ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ


Սանկտ Պետերբուրգում Իլհամ Ալիևին ուղղակի ու կոշտ շեշտով ասվեց, որ ադրբեջանական շանտաժն ու սադրանքն այլևս անտեսվելու են: Դե, նա էլ, ինչպես և կարելի էր ենթադրել, չհասկացավ ու չհավատաց, որ աշխարհը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ցանկանում, և խաղերի ժամանակ այլևս չկա: Չհասկացավ ու չհավատաց նաև, որ ՌԴ նախագահը ոչ թե միայն Ռուսաստանի, այլ Եվրոպայի ու ԱՄՆ-ի տեսակետն է արտահայտում: Ինքն իր ստին հավատալով` Ադրբեջանի էմիր Իլհամը կատարեց նույն սխալը, որը երկու տարի առաջ արդեն արել էր Վրաստանի իշխան Միխեյը: Ալիևը, Սահակաշվիլու նման, շտապեց կրկնել անելանելիությամբ թելադրված հիմարությունը, բայց հասցրեց հետ քաշվել ժամանակին, ու միայն այդ պատճառով է, որ առայժմ տարածքային ու այլ նոր կորուստներ չունեցավ: Այո. կարելի է ասել, որ վեցամսյա ընդմիջումից հետո դժվարությամբ կայացած եռակողմ` Դմիտրի Մեդվեդև-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները վերսկսվեցին, բայց ավարտվեցին ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիայով: Չորս հայորդիների մահվան համար թշնամին, անվերապահորեն, կստանա իր հատուցումը: Արդեն իսկ հասկանալի է, որ Արցախի հյուսիս -արևելքում, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում հունիսի 18-ին կեսգիշերին մոտ Ալիևի հրամանով քսան հոգիանոց հետախուզական խմբի իրագործած դիվերսիան նախորդ օրն ընդհատված դիվանագիտական պարտության ռազմատենչ շարունակությունն է: Այս քայլով էմիր Իլհամը հաստատեց, որ կորցրել է ԱՄՆ-ի հովանավորությունն ու Թուրքիայի աջակցությունը ստանալու բոլոր հույսերը: Հետևաբար, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու ընթացքը անխուսափելիորեն նշանակում է առերեսում ԼՂՀ կողմի հետ և Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե ճանաչում: Հայաստանի նախագահն արդեն Իլհամի խուճապահար հիստերիայի հետևանքը «ստոր սադրանք» է որակել: Խնդիրն այն է, որ ավելի քան տասնվեց տարի առանց կողմնակի ու անմիջական միջամտության պահպանվող փխրուն զինադադարը խախտվելու պարագայում կբռնկվի նոր պատերազմ, որն արդեն «քըխ-քըխ» մակարդակում` ավտոմատների ու հրանոթների փոխհրաձգությամբ չի կարող ընթանալ: Սանձազերծված պատերազմը, եթե այն թույլատրվի, կունենա կայծակնային զարգացումներ ու կտևի երեք կամ հինգ օր, մինչև միջազգային հանրությունը որոշի միջամտել: Ընձեռված ժամանակահատվածում կողմերը կփորձեն անել այն, ինչ անհնարին է անել բանակցությունների միջոցով ու հնարավոր է միայն պատերազմական իրավիճակում: Կկիրառվի այն ողջ արսենալը, որ կողմերը կուտակել են անցած տարիներին: Իսկ սա նշանակում է, որ հակառակորդի դիրքերը հետախուզելու կամ մկանները շոշափելու անհրաժեշտություն կողմերը չունեն: Ադրբեջանի էմիրը սեփական իշխանությունը պահելու համար սադրանքի է մղում իր ղեկավարած պետությանը` հույս ունենալով, որ հայկական կողմի համբերությունը կհատի և դիրքային կամ տեղային փոխհրաձգությունից հայկական բանակն արագ կանցնի ժամանակակից ռազմական տեխնիկա կիրառելու քայլերի: Հաշվարկը թուրքական նենգության չափ բացահայտ ու ադրբեջանական անճարակության աստիճան պարզ է: Ոսոխը շատ լավ գիտակցում է, որ մինչև առաջին մերձամարտի ավարտը` վեց-յոթ րոպեի ընթացքում հայկական կողմը կարող է ոչնչացնել ապշերոնյան նավթի ու գազի բոլոր հանքահորերը: Այս քայլն, իրոք, միանգամայն հնարավոր է, բայց հավանական` միայն ծայրահեղ իրավիճակում: Ադրբեջանական բանակը, իդեալական պայմանների ու հայկական կողմի դիմադրության իսպառ բացակայության պարագայում Ստեփանակերտ կարող է մտնել հարձակումն սկսելուց մեկ ժամ, Երևան` տասներկու ժամ հետ: Ինքնին հասկանալի է, որ նման իրավիճակ ուղղակի չի կարող առաջանալ, բայց եթե, մի պահ մեզ թույլ տանք պատկերացնել այդ անհնարինը, ապա այդ ընթացքում անարգել ու կետային գերճշգրիտ հարվածներով Բաքուն, ու ցանկացած այլ թիրախ, կհրթիռակոծվի տասնյակ անգամներ: Էմիր Իլհամի ծայրահեղ արկածախնդրությունը հիմնված է «ամեն ինչ կամ ոչինչ» կարճամտության վրա, բայց նա չգիտի, որ հաճախ ձգտելով ավելիին` ունեցածից էլ են կորցնում: Նա հաշվարկում է, որ նման զարգացումների դեպքում նավթի ու գազի իրական տերերը չեն ների հայկական կողմին, ու իր հերթական սադրանքին այս կերպ պատասխանած ԼՂՀ-ն ու Հայաստանը մեղավոր կճանաչվեն` որքան էլ պարզ լինի, որ Ադրբեջանն է նրանց հարկադրել` ներքաշվելու պարտադրված պատերազմի մեջ: Եթե Իլհամը հավատացած լինի, որ հայկական կողմը հակազդեցության հենց այս սցենարն է ընտրելու, բնականաբար, չի գնա սադրանքի, քանզի միաժամանակ գիտակցում է, որ առանց նավթագազային պաշարների ինքը ոչինչ է ու ոչ մեկին պետք չէ, իսկ Ադրբեջանը լիովին կվերածվի որևէ հետաքրքրություն չներկայացնող աշխարհագրական տարածքի: Այնուամենայնիվ, Ադրբեջանի էմիրը ենթադրում է, թե կլինեն մի քանի` սահմանափակ կետային հարվածներ, ու ինքն ամեն ինչ չէ, որ կկորցնի: Մի քանի հանքահորեր ու մի քանի հազար զոհեր կլինեն, բայց սա միակ ելքն է, որպեսզի ինքը պահպանի իշխանությունը ու միջազգային հանրությանը հրահրի հայության դեմ: Ահա թե ինչու ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական դիվերսիան կանխելուց հետո պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է, որ ադրբեջանական ռազմական գործողություններին տրվելու է «համարժեք» պատասխան: Հակամարտության կարգավորումը բանակցային խաղաղ ճանապարհով շարունակելու հերթական անգամ ստանձնած պարտավորությունը Իլհամը ուխտադրժորեն խախտեց եռակողմ հանդիպումից ժամեր անց: Սա պերճախոս վկայությունն է այն իրողության, որ միջազգային հանրության թողտվության ու ռազմական սպառնալիքների դիմաց անպատիժ մնալու պայմաններում միայն հեյդարօղլին կարող է իրեն այսպիսի արկածախնդրություն թույլ տալ: Հայկական կողմը միշտ կարող է ադրբեջանական սպառնալիքներին ու սադրանքին համարժեք կամ հարկ եղած ձևով պատասխանել: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, որը մինչ այժմ միայն ուշացած գնահատականներ է տալիս արդեն տեղի ունեցած զարգացումներին, ինքն իրեն հարգի ու նավթագազային շահերը պաշտպանելով հանդերձ, կարողանա որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Այս անգամ անցանկալի զարգացումները կանխելու համար միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, մյուս միջազգային կառույցներն ու շահագրգիռ կողմերը, նվազագույնը, պետք է Իլհամին հասկացնեն, որ չկա°ն նորացված Մադրիդյան սկզբունքներ և բացատրեն, թե ինչ է նշանակում իր իսկ տարփողած «բանակցային կառուցողական աշխատանք»¬ը£