ՀՈԲԵԼՅԱՆ

ՄԻՇՏ ԲԱՐԵԴԵՄ, ԺՊԻՏՆ`


 

Իր նշանավոր համակուրսեցու` Վազգեն Գաբրիելյանի մասին, ժամանակակից հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկը` Նորայր Ադալյանը, գրել է.

- Հիսուն տարուց ավելի ժամանակ է անցել իմ և Վազգեն Գաբրիելյանի առաջին հանդիպումից, ուրախ և տխուր ալեկոծումներով հարուստ մի կյանք: Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի վազգենյան կուրսը բազմաթիվ անվանի մշակներ տվեց մեր ժողովրդին: Այս հասցեագրումը բնավ չափազանցություն չէ. բավական է ասել` Արշալույս Ղազինյան, ով Նարեկացու վրայից վար առավ բազմաթիվ հարցականներ` մեզ առավել մոտեցնելով հանճարին: Այդ տաղանդավոր մշակներից է և Վազգեն Գաբրիելյանը: «Մշակ» բառով հայ գրական միտքը բնորոշում է այն դեմքերին, ովքեր ակոս են բացել հայ գրականության ասպարեզում: Վազգենն էլ իր ակոսն է արել, որ արդեն միայն նրանը չէ, այլ շատերինս: Մեր-նրա ակոսներն անցնում են հայ նոր ու նորագույն գրականության դաշտերով, լույս տալիս գրական երևույթներին, գնահատում մշակութային ժամանակը, գրականության դերն ու նշանակությունը ժողովրդի հարատևման ընթացքում:

Դիպուկ այս գնահատականին միայն կարելի է ինչ-որ նրբագծեր ավելացնել` Վազգեն Գաբրիելյանի ծննդյան 75-ամյակը շնորհավորելու համար:

Մեր բոլորի ուսուցիչը` այսպես են արտահայտվում Վազգեն Գաբրիելյանի մասին շատերը, որովհետև արդեն երկար ժամանակ մեր մայր բուհի ամենանշանավոր դասախոսներից է: Հիմա ինքն է դարձել մեր մեծերից մեկն ու ամեն օր համալսարան է գնում` իր ներկայությամբ նաև հիշեցնելով բոլոր նրանց մասին, ովքեր Ուսուցիչ եղան` իր շարունակությունը գտնելով Վազգեն Գաբրիելյանի մեջ նաև: Միշտ բարեդեմ, ժպիտն աչքերից անպակաս մարդու, ում արտաքինն արդեն ներշնչում է, որ գործ ունես ոչ միայն բարի, այլև մշտապես գրքերի առջև հակված մարդու հետ:

Հեռավոր ու շատերի մեջ սարսուռ ծնող 1937-ին է ծնվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը: Նրա գիտական հետաքրքրության առանցքում հիմնականում արևմտահայ և սփյուռքահայ գրականությունն է, որի հիմքում Դանիել Վարուժանն է` գրականագետի ամենասիրելի բանաստեղծներից մեկը, գրական նորարարը, ում հեթանոս թե քրիստոնյա լինելու խնդիրը լուծվեց գրականագետի կողմից:

Ի սկզբանե սիրահարված լինելով արևմտահայ գրականությանը, Վազգեն Գաբրիելյանը  1964-ին «Ռուբեն Որբերյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Շարունակելով իր որոնումներն ու հաստատումներն այս մարզում` 1979-ին «Դանիել Վարուժան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Սփյուռքահայ գրականությունը Վազգեն Գաբրիելյանի գիտական աշխատություններում ներկայացել է նաև Վահան Թեքեյանի, Մուշեղ Իշխանի ստեղծագործությունների ինքնատիպ-խորքային թափանցումներով և արժևորումներով: Հրատարակել է «Արևմտահայ բանաստեղծներ. Գրական դիմագծեր», «Դիմանկարներ. Սփյուռքահայ գրողներ», «Դանիել Վարուժան. Կյանքը և գործը» և այլ գրքեր, գրել «Սփյուռքահայ գրականություն» դասագիրքը: 

Այս ամենը մի պատկառելի-հարուստ ներդրում է, առանց որի այսօր անհնար է պատկերացնել մեր գրականագիտությունը, նրա այն գիտաճյուղը, որն առնչվում է սփյուռքագիտությանը: Կնոջ` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի, ով ժամանակակից գրականության ամենանրբազգա ներկայացուցիչն է արդի գրականագիտության մեջ, իրենց բարությունն ու շիտակությունն իրենց զավակներին են տվել: Իսկ զավակներն էլ իրենց հերթին են նշանավոր մարդիկ դարձել` դիվանագետ Վահե Գաբրիելյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ժառանգական ազնվության ու մաքրության շառավիղները ձգվել են նաև զավակների արյունաբանության մեջ:

Այսօր Վազգեն Գաբրիելյանը 75 տարեկան է: Երբ նայում ես դեմքին, դեռ երիտասարդական եռանդը պահպանած քայլքին` շփոթվում ես թվերի մեջ: Բայց երբ թերթում ես նրա գրականագիտական ժառանգությունը, համոզվում ես, որ թվերը չեն կեղծվել, ամեն ինչ ճիշտ է և ստույգ:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ