Տեսնես մտքին ի՞նչ կա


 

Կամ` տեսնես հիմա ումի՞ց ի՞նչ հանձնարարություն ունի Գորբաչով Միխայիլը, որ որոշել է վերականգնել տարիներ առաջ իր ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Նրա փլուզած տերությունում ժողովրդավարություն ասվածը ճիշտ «չաշխատեց»: Համենայն դեպս` սոցիալականը մոռացվեց, որովհետև իշխանության եկածների գերխնդիրը (գուցե` գլխավոր հանձնարարությո՞ւնը) ավիրելն էր` մասնատելով ջլատելը, սոցիալական «պատերին» հարվածվող ճակատներ փշրելը: Տպավորությունն էր այդպիսին:

Սակայն ոչ մի ավերում չի կարող անվերջ շարունակվել: Ժամանակն իր հրամայականն ունի, ու հիմա վերջապես սոցիալական խնդիրները կարևորելու, լուծելու ժամանակն է: Իսկ միգուցե ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը հենց այդ` սոցիալական վերանայումներն իր ծրագրով ուղղորդելո՞ւ խնդիր ունի:

Այսպես թե այնպես` Մ. Գորբաչովը հռետորական արվեստով «երդվել» է`

- Ես պատրաստ եմ լրջորեն ձեռնարկել սոցիալ-դեմոկրատական նախագծի մշակումը:

Հա´, նա նաև խնդրել է («Ինտերֆաքսի» միջոցով).

- Խնդրում եմ նրանց, ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական հայացքները` ներկայացնել իրենց առաջարկները. իմ հիմնադրամին նամակ գրել, որպեսզի լրջորեն սկսենք զբաղվել կազմակերպչական աշխատանքով:

Հետաքրքիր է` կգտնվե՞ն արձագանքողներ: Երևի´: Մանավանդ` այս սոցդեմոկրատը հիմնադրամ ունի: