ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանում մոլեգնող աղքատությունը հատկապես սոցիալապես անապահով խավերին մղել է օրվա հաց հայթայթելու այլընտրանքային եղանակներ մոգոնել: Արդեն տևական ժամանակ հարյուրավոր մարդիկ ամեն օր մեկնում են հարևան Իրանի սահման` համեմատաբար էժան գնով առաջին անհրաժեշտության սննդամթերք ձեռք բերելու համար: Լրատվամիջոցները նշում են, որ պարսիկներն ավելի էժան գներով են սնունդ վաճառում: Ընդ որում, գնային տարբերությունն այնքան գայթակղիչ է, որ ադրբեջանցիները հանուն օրվա սնունդ հայթայթելու` բազում փորձությունների միջով են անցնում: Սահմանային անցակետի մոտ վաղ առավոտից սկսում են հերթեր գոյանալ, և հաճախ պատահում է այնպես, որ մի քանի կիլոգրամ ուտելիք գնելու համար մարդիկ ժամերով սպասում են Իրանի տարածք մուտք գործելու: Ուշագրավ է, որ դեպի պարսկական սահման ադրբեջանցիների զանգվածային հոսքը թափ առավ հատկապես վերջին ամիսներին, երբ ողջ հանրապետությունում գնաճը հատեց բոլոր թույլատրելի սահմանները: Պետական կառույցներն այստեղ թանկացումների 10-15 տոկոս թիվ են հրապարակում, սակայն անկախ փորձագետները հավելում են, որ Ադրբեջանում գներն իրականում շատ ավելի մեծ տոկոսով են բարձրացել: Վերջիններիս գնահատմամբ` որքան էլ Բաքվի իշխանությունները արդարանան, թե երկիրը չի կարող խուսափել միջազգային շուկաների անբարեհաճ ազդեցություններից, ակնհայտ է, որ թանկացումներն արհեստածին են: Նշվում է, որ հիմնական սննդատեսակների ներկրման և իրացման մենաշնորհը իշխանությանը մոտ կանգնած մեկ¬երկու պաշտոնյայի է պատկանում: Փորձագետների դիտարկմամբ` նշված հանգամանքն էլ հենց թույլ չի տալիս, որ այս երկիրն ազատ շուկա ունենա, և փաստորեն տնտեսական գործընթացները ծառայեցվում են միայն իշխանության վերնախավի հարստացմանը` բնակչության հարստահարման հաշվին: Իր հերթին ձև անելով, թե չափազանց մտահոգված է գնաճային հաղթարշավից, Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ հետևում է իրադարձություններին և պատրաստ է իրեն վերապահված գործառույթներն ուժեղացնելով` ավելի բարենպաստ դարձնել իրավիճակը: Այնուամենայնիվ, հարևան հանրապետությունում որևէ մեկը չի հավատում մաքսային կոռուպցիայի, մենաշնորհների վերացման հեռանկարին, քանի որ բոլորը վաղուց համոզվել են` իշխանությունը պարզապես թալանում է ազգաբնակչությանը և վատթարացնելով կյանքի պայմանները` մարդկանց ստիպում է հիմա էլ հարևան Իրանից համեմատաբար էժան սնունդ հայթայթել: