ԴԱՐՁՅԱԼ ՉՍՏԱՑՎԵՑ


ՀԱԿ վերջին հանրահավաքն առնվազն երկու նոր իրողություն հաստատեց. հզոր շարժում ձեռնարկելու` ընդդիմության հերթական փորձերը սովորականի նման անարդյունավետ են անցնելու: Ուստիև իշխանության դեմ հետագա պայքարում Կոնգրեսն ընտրում է քաղաքական շանտաժի մարտավարությունը: Տևական ընդմիջումից հետո արմատականների հերթական միտինգաշրջանի բացումը յուրահատուկ լակմուս էր դառնալու` նախանշելով առաջիկա նախընտրական ամիսների անելիքներն ու ընտրություններում ունենալիք հնարավորությունները: Մինչդեռ վերջին ուրբաթահավաքը փաստեց, որ ո´չ հնարավորությունների, ո´չ էլ մարատվարության առումով դարձյալ ոչինչ չի փոխվել, և ՀԱԿ¬ը նախկինի նման շարունակում է ապավինել պատահականորեն դասավորվելիք բարենպաստ հանգամանքներին: Իսկ նման հնարավորություն նրանց այդպես էլ չընձեռվեց` 2008¬ի ընտրություններից ի վեր և առաջիկայում նույնպես հազիվ թե ձեռք գցվի: Այս և նախորդող շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ վերաբերմունքի վերանայումը նույնպես չի կարող գործին օգնել: Այսպես, խիստ որոշակիորեն ընդդիմության ղեկավարները խոսում են հետզհետե բարդացող սոցիալական խնդիրների մասին: Մինչդեռ բացի հրապարակային դատափետումներից, միտինգավոր դարձած ամենատարբեր սոցիալական խմբերին գործնականում աջակցելու, կամ գոնե համախմբվելու ու պայքարը մեկտեղելու ուղղությամբ որևէ գործնական քայլ դարձյալ չի արվում: Խնդիրն այն է, որ քաղաքական երազխաբությունը հանգիստ չի տալիս արմատականներին: Թունիսյան, ալժիրյան, եգիպտական և մյուս հեղաշրջում ները, բնականաբար, թարմացնելու էին նաև մերոնց տրամադրությունները: Սակայն նշված իրադարձություններն ամենաշատը և լավագույն դեպքում շարքային միտինգավորներին կարող են ոգևորել: Կարելի է հուսալ, թե գոնե ՀԱԿ¬ի վերնախավը լավ է հասկանում, որ ՀՀԿ¬ԲՀԿ հակասություններն իրական լինելու դեպքում անգամ իշխանությունը հաստատ ճաքեր չէր տալու: Արմատականների համար այդչափ ցանկալի իրավիճակի դեպքում իսկ կոալիցիոն մեկ կուսակցության դիրքորոշման անորոշությունն էլ հստակ չէր կարող այն հանգույցը դառնալ, որից հնարավոր էր իշխանափոխության գործընթաց սկսել: Տվյալ դեպքում ամեն ինչ սպասվածից ավելի վատ ընթացք ունեցավ: Եվ ընդամենը հանրահավաքային նոր սեզոնի մեկնարկի նախօրեին արմատականների նոր հույսերը կատարելապես չեզոքացան: Ընդ որում, գործեց սցենարներից «վատթարագույնը»… «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չդարձավ` նախ և առաջ` հուրախություն ՀԱԿ¬ի: Այլ, բոլոր թյուրըմբռնումները միանգամից չեզոքացնելով և մինչև վերջ ու ամենայն որոշակիությամբ հստակեցրեց դիրքորոշումը` հայտարարելով, որ Նախագահի` առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նման իրավիճակում եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ¬ի վերջնանպատակը ոչ այնքան խորհրդարանական, այլ գերազանցապես Նախագահի ընտրություններում իրավիճակը առավելագույնս փնթոտելու հույսերն էին, ապա կարելի է պատկերացնել, թե այդ ուղղությամբ այս տարվա առաջին իսկ փորձից առաջ ինչպիսի հարված հասցվեց Լևոն Տեր¬Պետրոսյանին: Մանավանդ, որ ՀԱԿ¬ում հաշվարկել ու այլևս գրեթե չէին թաքցնում, որ Գագիկ Ծառուկյանին ու նրա կուսակցությունը չսիրելով հանդերձ, այնուամենայնիվ, հանուն միջոցներն արդարացնող նպատակի պատրաստ են համագործակցության… Փաստորեն` դարձյալ չստացվեց: