ԱԺ պատգամավորների ամանորյա ցանկություններն ու բարեմաղթանքները


Անկախ պատգամավոր Լյովա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ սկզբում հրաժարվեց ձայնագրիչի առկայությամբ խոսել` ասելով, որ ինքը քաղաքականության հետ գլուխ չունի, ինքը միայն ժողովրդի խնդիրներով է զբաղվում: Բայց քիչ հետո մոռացավ ձայնագրիչի մասին ու անկեղծացավ: - Ձմեռ պապի մասին հարցը մի անեկդոտ հիշեցրեց: Ապարանցու տղեն տուն մտնելիս տեսնում ա` ոսկե ձկնիկը փորում ա հայաթը: Հարցնում ա` էս ինչ ես անում: Ձկնիկն էլ թե` գնա, քու էշ հորն ասա, իրա երրորդ ցանկությունն եմ կատարում: Նույն բանն էլ ես կուզեմ Ձմեռ պապուց` գար հայաթս փորեր կամ արաղ քաշեր: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆՆ առավել քան լուրջ էր: Ի՞նչ կխնդրեր Ձմեռ պապից հարցին, նա կարճ պատասխանեց. - Առողջ քաղաքական դաշտ: - Մեր Հանրապետության նախագահին ի՞նչ կմաղթեք: - Բնականաբար, նախ և առաջ` առողջություն, նաև այն առաջընթացները, որ նախորդ տարում ապահովել է: 2012 թվականին առաջընթացի արդյունքները հասարակության համար հնարավորինս ավելի էական ու շոշափելի լինեն: - Իսկ ընդդիմությա՞նը: - Ընդդիմությանը կցանկանայի լավագույն ծրագրեր` հասարակությանը ներկայացնելու համար: Ինչքան ծրագրերն այլընտրանքային լինեն, այնքան հասարակությունն ավելի կկողմնորոշվի ամբողջ ընտրական գործընթացում: - Եվ այս ամենն ամբողջացնելով` ժողովրդին ի՞նչ կմաղթեք: - Ճիշտն ասած` նման դեպքերում համբերություն են մաղթում, բայց ես` վճռականություն և տոկունություն: Ձմեռ պապի մասին հարցը Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ տրամադրությունը բարձրացրեց, և նրա դեմքին ժպիտ խաղաց: - Հավանաբար մանուկ հասակում Դուք նույնպես հավատացել եք Ձմեռ պապի գոյությանը: - Ես սիրում եմ Ձմեռ պապիի գաղափարը. Ուզում եմ, որ մարդկանց կյանքում, անկախ տարիքից, միշտ լինեն հետաքրքիր, գեղեցիկ հրաշքները: Աշխատել եմ, որ իմ երեխաների գիտակցության մեջ էլ դա լինի: - Իսկ գալիք տարվա համար ի՞նչ կակնկալեիք Ձմեռ պապից: - Բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն, և մարդու մեծանալու հետ միասին, փոխվում է նաև նրա ձևակերպումը: Համենայն դեպս հիմա ես մտածում եմ` ամենակարևորը, ինչ կարելի է Ձմեռ պապիկից խնդրել, այն է, որ աշխարհը խաղաղ լինի, որ մեր երեխաները սահմաններում կամ տներում պաշտպանված զգան իրենց, որ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված ու հավատավոր զգա, ավելի բարեկեցիկ լինի, որպեսզի աշխարհի ֆորսմաժորային մեծ ու փոքր իրադարձությունները հնարավորինս քիչ հարվածներ հասցնեն հայ մարդուն և ընտանիքներին: Անահիտ ԲԱԽՇՅԱՆԻ դեմքն անմիջապես է´լ ավելի բարի արտահայտություն ստացավ` ամանորյա թեմայով հարցից: - Ես Ձմեռ պապին շատ կխնդրեի` մեր պետական այրերին իմաստնություն տա, որպեսզի իրենք իրենց հեղինակության սպառած պաշարը բացասականի չվերածեն: Իրենց քայլերով ավելի չխորացնեն մեր քաղաքացիների վիճակը: Բավական է խոսքի ու գործի այս ահռելի տարբերությունը: Աստիճանաբար խոսքն ու գործը մոտեցնեն, և դա տեսնի հասարակությունը: Հաճախ է լինում, երբ որևէ պաշտոնյայի ասում ես` բայց իրականությունը սա է, զարմանում, նեղանում են, ասում են` այսքան գործ եմ անում, բայց չեք գնահատում: Ուզում եմ Ձմեռ պապիկին շատ խնդրել, որ իշխանությունը խոսքի ու գործի տարբերությունը կրճատի: - Իսկ ժողովրդին ի՞նչ կմաղթեք: - Համբերություն: Իսկապես, համբերություն, բայց ողջամիտ համբերություն: Հարմարվելը շատ վատ բան է, չպետք է հարմարվել, պետք է ամեն մարդ իր փոքր շառավղով փորձի ինչ-որ բան փոխել իր միջավայրում` ի շահ իր իրավունքների: - Ձեր մաղթանքն ընդդիմությանը: -Ընդդիմությունը միայն այդպիսին հայտարարված կուսակցությունները չեն այսօրվա քաղաքական դաշտում: Ընդդիմությունը հասարակության մեծամասնությունն է: Շատ ընդդիմադիր գործիչներ կան իշխանության մեջ: Ամբողջ ընդդիմադիր հասարակությանը կմաղթեմ` որոշակի հարցերի շուրջ միավորվել ոչ թե հայտարարություններով, այլ գործողութ յուններով: ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ խնդրեց ամանորյա սեղանին դրվելիք ուտեստներից չհարցնել, քանի որ ինքը քաղաքականության մարդ է: - Ամանորի կապակցությամբ ի՞նչ կմաղթեք մեր Հանրապետության նախագահին: - Անկախ նրանից, որ երկրի Նախագահը և իմ ներկայացրած քաղաքական ուժը ընդդիմադիր դիրքերում են, ինձ համար Հանրապետության նախագահը մեր երկրի, պետականության խորհրդանիշն է, և ուզում եմ միշտ հայրապետի, հովվապետի բարձունքում տեսնել նրան: Մաղթում եմ, որ 2012-ը նրա և մեր երկրի համար կայունության, սոցիալական համերաշխության, ազգային ու պետական արժանապատվության, Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների տարի լինի: 12-ի մայիսին խորհրդարանական ընտրություններ են, որով մեծապես պետք է պայմանավորվի Հայաստանի քաղաքական նկարագիրը և Հայաստանի զարգացման հեռանկարն ու տեսլականը: Այս իմաստով` Նախագահին կայուն տարի մաղթելով, նախ և առաջ նկատի ունեմ, որ կարողանա իսկապես դրսևորել այն քաղաքական կամքը, որն առայժմ միայն խոսքային մակարդակում է: Կցանկանայի, որ դրա շոշափելի, գործնական պատկերը տեսնեինք և կարողանայինք Հայաստանում ապահովել արդար ընտրություններ: - Եվ քանի որ քաղաքական մեծամասնությունն ըստ էության միավորված է կոալիցիայի մեջ, ի՞նչ կմաղթեք քաղաքական կոալիցիային: - Խոհեմություն: - Իսկ լայն իմաստով` ընդդիմությա՞նը: - Կոալիցիային խոհեմություն, մեզ էլ իմաստնություն, երկխոսելու հնարավորություն ու կարողություն: Մեզ իսկապես ազգային համախոհություն է պետք: Մենք տեսանք` շուրջ մեկ տարի ձգված երկխոսությունը վերջում կարծես սանիտարահիգիենիկ թեմայի հանգեց: Մենք սանիտարիայի խնդիր իսկապես ունենք, բայց` քաղաքական մտքի մեջ: Ես շատ կուզենայի, որ 2012-ը բոլորիս համար իսկապես խոհեմության, իմաստնության, բացասական սպասումներին վերջակետ դնելու և լավի սկիզբ լիներ: Հասկանայինք, որ այս արժեքներով, քաղաքական այս վարքագծով ու եսակենտրոնությամբ, քաղաքական այս ցինիզմով Հայաստանի հեռանկարը մշուշոտ է: - Ժողովրդին ի՞նչ կարող եք մաղթել: - Իհարկե պիտի մաղթեմ, որ մեզ` քաղաքականություն և իշխանություն իրականացնողներիս հաջողվի մեր հայրենակիցների համար արժանապատվության միջավայր ստեղծել, որպեսզի հայ մարդն անտեր ու կորսված չմնա: Բայց պետք է մեր քաղաքացիներն իրենք էլ իրենց պատասխանատվության բաժինը տեսնեն: Շատերը գիտակցաբար, սեփական անտարբերությամբ կամ անհեռատեսությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները հինգ հազարի կամ ավելիի դիմաց պարզապես վաճառում են ու հետո արդարություն կամ արժանապատվություն պահանջում: Պիտի ուզենայի, որ մեր քաղաքացիները շրջահայաց լինեին և հասկանային` իրենց ձայնն ում են տալիս, ինչի համար են տալիս և դրա դիմաց ինչպես են հատուցվում: -Կոնկրետ Ձեզ համար ի՞նչ կխնդրեիք Ձմեռ պապից: - Ես այնքա˜ն եմ կարևորում ինքս ինձ հետ հաշտ ապրելը: Կարծեմ` ամբողջ մեր զրույցը ներդաշնակության մասին էր` քաղաքական ուժերի, երկրի, մարդու: Շատ կարևոր է, երբ մարդն ինքն իր հետ ներդաշնակ է ապրում: Անշուշտ, ես անհրապարակելի երազներ ունեմ, ինչը մարդկային է: Խոսքը ինքս ինձ հետ հաշտ ու ներդաշնակ ապրելու, իմ սկզբունքներին չդավաճանելու մասին է: Պատգամավորների բարեմաղթանքներն ու Ձմեռ պապիին փոխանցելու համար նրանց ցանկությունները գրի առավ

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ