ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


 

Նորից որոշ շրջանակներ սկսել են խոսակցություններ ծավալել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին: Գիտենք ու համոզված ենք, որ նման դաշտում լուրերի տարածմամբ կամ էլ խոսակցությունների շրջանառմամբ շահագրգռված են որոշակի դեմքեր, ովքեր անգամ գումարներ են ծախսում, պատվերներ տալիս` հասարակական կարծիք ու տրամադրություն ներ ձևավորելու համար:

Ըստ մեկնաբանությունների, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ են անելու արևմտամետ ուղղվածություն և կողմնորոշումներ ունենալու համար, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը համաձայնել է միանալ պուտինյան Եվրասիական միությանը, որի դեմ հրապարակային ելույթ է ունեցել Տիգրան Սարգսյանը: Այսինքն, վարչապետը մերժում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցը և շարունակում պնդել, որ երկիրը պետք է ուղղորդվի դեպի Արևմուտք: Իսկ ահա Տիգրան Սարգսյանին էլ, ըստ խոսակցությունների, փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով ակնհայտորեն ռուսամետ գործիչ է և հանդիսանում է ռուսական կապիտալի ներկայացուցի չը: Այս խոսակցությունների հիմքում նյութական և մտահոգող մի հարց կա` արդյո՞ք Հայաստանը կդիմանա պուտինյան ճնշումներին և կշարունակի իր ընթացքը դեպի Արևմուտք, թե՞ մեզ համար իրականություն կդառնա Եվրասիական միությանն անդամակցությունը:

Եվրասիական միության մեծագույն ջատագովներից մեկը մեզանում Գագիկ Ծառուկյանն է, ով լուրջ տարաձայնություններ ունի Տիգրան Սարգսյանի հետ և ոչ մեկ անգամ է առաջ քաշել նրա պաշտոնանկության հարցը:

Բայց բացի Ծառուկյանի գործոնից, կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Հեռանալ Ռուսաստանից, մերժել Եվրասիական միությանը միանալու առաջարկությունը` նշանակում է տարածաշրջանում մնալ մենակ, շրջափակված մնալ ոչ բարեկամ երկրներով, որոնք տեսնելով Հայաստան-Ռուսաստան կապերի թուլացումը, կարող են առավել մեծացնել ճնշումները Հայաստանի վրա: Գումարենք մի հանգամանք ևս. Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է. երկիր, որը երբեք էլ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ղարաբաղի հարցում և միշտ թաքուստված քայլեր է կատարել հօգուտ Ադրբեջանի: Ռուսաստանը կարող է առավել ակնհայտ դարձնել իր հակվածությունը դեպի Ադրբեջան և Հայաստանին պատժելու համար մերժել ամենաճշգրիտ` ինքնորոշման իրավունքի տարբերակը:

Ուրեմն, Հայաստանն իսկապես կանգնած է պատմական ընտրության առջև` հայտնվելով երկու բևեռների մեջտեղում: Ռուսական բևեռից զատ` գոյություն ունի արևմտյանը, որի հանդեպ ևս ունենք պարտավորություններ և առաջադիր խնդիրներ: Առաջիկայում, ինչպես պնդում են արևմտյան տնտեսագետները, սպասվում է համաշխարհային ճգնաժամի նոր ալիքը` առավել հուժկու, գուցեև` կործանարար: Հայաստանը ճգնաժամի պայմաններում կարող էր ակնկալել Արևմուտքի աջակցությունը, ինչը կասկածելի է դառնում` Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում: Հետևաբար, ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում, ի՞նչ լուծումներ են ի հայտ գալու: Այս հարցերը հիմա մեզ համար դառնում են օրակարգային և գերկարևոր: Ուշագրավն այն է, որ այս ամենի մասին հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն խոսում, քննարկումներ չեն կազմակերպում: Տպավորությունն այնպիսին է, թե երկրի ճակատագիրն ու ընթացքը որևէ մեկին չի հետաքրքրում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ