ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԻՄՆԱՎՈՐ


Նախագահի ընտրություններում Հանրապետականն իր վճռորոշ դերակատարությունն է ունենալու և ունենալու է ի°ր նախագահը: Իր այս համոզմունքը ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը հիմնավորում է մի շարք փաստարկներով: Հանրապետականի հաջողության հիմնական պայմանը կուսակցության լայն ժողովրդականությունն է` պայմանավորված ՀՀԿ մշտապես ակտիվությամբ: Մարզերում շատ քաղաքական ուժերի մասին ժողովուրդը պատկերացում անգամ չունի, մինչդեռ Հանրապետականը, ինչպես ինքն է ասում, անգամ հանգիստ ամռան ընթացքում աշխատում է, նախապատրաստվում ընտրություններին: Նախագահի ընտրությունները դիտարկելով որպես քաղաքական գործընթաց` Գալուստ Սահակյանն օրինաչափ է համարում քաղաքական թիմերի ձևավորումը կամ վերադասավորումը, իհարկե` նոր անելիքով և թարմացված սկզբունքներով: Քաղաքական գործչի դիտարկմամբ, նոր քաղաքական ուժեր չեն ձևավորվելու: Ասպարեզում եղածներն էլ, դաս առնելով խորհրդարանական ընտրություններում անցած փորձություններից` պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Նախագահը Հանրապետականից է լինելու: Որքան անհասկանալի ու անտրամաբանական է, նույնքան էլ պատշաճ չէ, երբ քաղաքական որոշ ուժեր փորձում են միավորվել և ընտրություններին մասնակցել` միայն Նախագահ ունենալու համար, այսինքն` իշխանություն ձեռք բերելու համար: Դժվար չէ հասկանալ, որ այստեղ չի կարող խոսք լինել գաղափարների մասին, և որ արհեստական միավորումը երկրին ոչնչով շահեկան չէ: Եվ որքան էլ ընդդիմությունը սեթևեթի միավորվելու շուրջ, ակտիվացման իմիտացիա ստեղծի, Գ. Սահակյանի դիտարկմամբ, իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ընդդիմության գործունեությունը մայրաքաղաքի սահմաններից դուրս չի գալիս, թերթերով և հեռուստաալիքներով փորձում են հավատացնել, որ իրենք «փրկիչներ և երկնքից մանանա բերողներ են»: Ու մինչ ընդդիմությունը ակտիվանալու իմիտացիա է ստեղծում, ՀՀԿ-ն շատ կոնկրետ գործով է զբաղված. ներկուսակցական խնդիրներն է լուծում, ամրապնդում է կուսակցութ յան գրասենյակները և կառույցները: Իսկ ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչների այցերը մարզեր ոչ թե քարոզչական, այլ առաջիկա ընտրություններին ավելի արդյունավետ նախապատրաստվելու նպատակ ունեն: - Մեր և ընդդիմության տարբերությունն այն է, որ մենք փորձում ենք նաև դեղամիջոցը գտնել, իսկ մյուսները միայն ասում են` «իրողությունը սա է»: ...Բոլոր քաղաքական թիմերը պետք է կարողանան իրար հետ խոսել, անպայման խորհրդակցել, քննարկել…: Երկրում Նախագահի ընտրություններից բացի ռազմավարական նշանակության բազում այլ խնդիրներ կան, որոնց լուծման կարևորությունը կարող է հանգեցնել մինչև իսկ տարաբևեռ ուժերի համագործակցության: Գալուստ Սահակյանը միաժամանակ հնարավոր է համարում երկփուլ ընտրությունները` եթե ընդդիմությունը հանդես գա անջատ-անջատ և կամ մի քանի ճակատով, և թեկնածուների թիվը հասնի տասնյակի: Իսկ 3-4 թեկնածուի առաջադրվելու դեպքում Նախագահ կընտրվի հենց առաջին փուլում: Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին, ըստ Գալուստ Սահակյանի, կսատարեն մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» և «ՄԱԿ» կուսակցությունները, ինչպես նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Ինչ վերաբերում է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի և կոնկրետ Նախագահի թեկնածու առաջադրվելու` վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող լուրերին, ապա Գալուստ Սահակյանը դրան չի հավատում: Դա իրական կլիներ, եթե քաղաքական թիմը դեռ երկու-երեք տարի առաջ դրա հիմքերը դներ: Լևոն Տեր-Պետրոսյանի անունը ընդամենը շահարկվում է: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա առաջադրվի, «Հանրապետականի ռազմավարությունը մի քիչ կփոխվի, բայց արդյունքները նույնը կլինեն»:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ